«Իմ տեսած ֆիլմերից շատ ավելի լավն էր»
Ամեն տարի Եհովայի վկաները մի քանի տեսանյութեր են թողարկում իրենց համաժողովների ժամանակ ներկայացնելու համար։ Դրանցից շատերը պարունակում են անգլերեն երկխոսություններ։ Ինչպե՞ս են հարյուրավոր այլ լեզուներով անցկացվող համաժողովներին ներկա լինող մարդիկ հասկանում այդ տեսանյութերը։ Այդ լեզուներից շատերով ձայները կրկնօրինակվում են, այսինքն՝ տեսանյութում անգլերեն ձայնը փոխարինվում է տվյալ լեզվով խոսողի ձայնով։ Ի՞նչ ազդեցություն են թողնում այդ կրկնօրինակված տեսանյութերը ներկաների վրա։
Կրկնօրինակված տեսանյութերի հանդեպ արձագանքը
Տեսնենք, թե ինչպես են արտահայտվել մի քանի ոչ Վկա անհատներ, ովքեր ներկա են եղել Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցած համաժողովներին։
«Ես ոչ միայն հասկացա ֆիլմը, այլև ապրեցի այն։ Ֆիլմը սիրտս մտավ» (պոպոլուկա լեզվով անցկացված համաժողովի ներկաներից մեկը, Վերակրուս, Մեքսիկա)։
«Ինձ թվում էր, թե ես իմ հայրենի քաղաքում եմ և զրուցում եմ մտերիմ ընկերոջս հետ։ Այն իմ տեսած ֆիլմերից շատ ավելի լավն էր, քանի որ ես ամեն ինչ հասկացա» (նահուատլ լեզվով անցկացված համաժողովի ներկաներից մեկը, Նուևո Լեոն, Մեքսիկա)։
«Երբ իմ լեզվով դիտում էի տեսանյութերը, ինձ թվում էր, թե կերպարները անձամբ ինձ հետ են խոսում» (չոլ լեզվով անցկացված համաժողովի ներկաներից մեկը, Տաբասկո, Մեքսիկա)։
«Այս կազմակերպությունը հոգ է տանում, որ մարդիկ կրթվեն իրենց մայրենի լեզվով։ Սրա նման ուրիշ ոչ մի կազմակերպություն չկա» (կաչիքվել լեզվով անցկացված համաժողովի ներկաներից մեկը, Սոլոլա, Գվատեմալա)։
Եհովայի վկաները չեն վարձում հմուտ մասնագետների կամ կրկնօրինակող դերասանների և հաճախ ձայնագրությունները անում են հեռավոր և չզարգացած վայրերում։ Այդ դեպքում ինչպե՞ս են որակյալ ձայնագրություններ ստանում։
«Ամենավարձահատույց աշխատանքը»
2016թ. համաժողովի համար Եհովայի վկաների՝ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը կոորդինացրեց համաժողովի տեսանյութերի կրկնօրինակումը իսպաներենով և տեղաբնիկների 38 լեզուներով։ Մոտ 2500 կամավորներ աջակցեցին այդ աշխատանքներին։ Մասնագետներն ու տեղի թարգմանչական խմբերը պատրաստեցին տեսանյութերի ձայնագրությունները մասնաճյուղում, թարգմանչական գրասենյակներում և այլ վայրերում գտնվող ժամանակավոր ստուդիաներում։ Ընդհանուր առմամբ խմբերը ձայնագրություններ արեցին Բելիզում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Մեքսիկայում և Պանամայում գտնվող ավելի քան 20 վայրերում։
Ժամանակավոր ստուդիաներ հիմնելը տքնաջան աշխատանք և հնարամտություն էր պահանջում։ Ձայնամեկուսիչ խցիկները պատրաստվեցին բոլոր այն բաներից, որ առկա էին այդ տեղանքներում, այդ թվում՝ վերմակներից և ներքնակներից։
Շատերը, ովքեր ծառայում էին որպես տեղաբնիկների լեզվով կրկնօրինակող դերասաններ, սահմանափակ տնտեսական միջոցներ ունեին և մեծ զոհողություններ էին անում, որպեսզի հասնեին մոտակա ձայնագրման ստուդիա։ Նրանցից ոմանք 14 ժամ ճանապարհ էին կտրում-անցնում։ Մի անգամ հայր ու որդի մոտ ութ ժամ քայլեցին, որպեսզի հասնեն ստուդիա։
Նաոմին փոքր հասակից օգնել է իր ընտանիքին հիմնելու ժամանակավոր ձայնագրման ստուդիաներ։ Նա հիշում է. «Մենք միշտ անհամբերությամբ սպասում էինք այն շաբաթին, երբ պետք է սկսվեր ձայնագրությունը։ Հայրս անխոնջ աշխատում էր գործերը համակարգելու համար։ Երբեմն մայրս կերակուր էր պատրաստում 30 կամավորներից բաղկացած խմբերի համար»։ Նաոմին այժմ որպես կամավոր է ծառայում Մեքսիկայի թարգմանչական գրասենյակում։ Նա ասում է. «Ես անչափ ուրախ եմ, որ ժամանակս տրամադրում եմ այն բանին, որ օգնեմ մարդկանց լսելու աստվածաշնչյան լուրը իրենց մայրենի լեզվով։ Սա ամենավարձահատույց աշխատանքն է, որ կարող եմ անել»։
Եհովայի վկաների տարեկան համաժողովները անցկացվում են ամբողջ աշխարհում, և դռները բաց են հանրության առաջ։ Համաժողովների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար տես ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ էջը։