Անցնել բովանդակությանը

Իսպանական թարգմանչական խումբը տեղափոխվեց Իսպանիա

Իսպանական թարգմանչական խումբը տեղափոխվեց Իսպանիա

Հիսուսն ասաց, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու է բոլոր մարդկանց (Մատթեոս 24:14)։ 1909թ.-ից սկսած՝ Եհովայի վկաների հրատարակած աստվածաշնչյան գրականությունը թարգմանվում է իսպաներեն, որպեսզի իսպանախոս մարդիկ Թագավորության լուրը լսեն իրենց մայրենի լեզվով։ Ներկայումս իսպանախոս մարդիկ թվով զիջում են միայն չինախոսներին։ Ամբողջ աշխարհում մոտ կես միլիարդ մարդ իսպաներենով է հաղորդակցվում։

«Իսպաներենը միջազգային լեզու է։ Այդ լեզվով խոսում են բազմաթիվ երկրներում տարբեր մշակույթի մարդիկ,— ասում է Ուիլյամը՝ իսպանական թարգմանչական խմբի անդամներից մեկը։— Մեր նպատակն է գրականությունը թարգմանել այնպես, որ այն հասնի ընթերցողների սրտին՝ անկախ նրանց ծագումից, կրթությունից և ապրելակերպից»։ Որպեսզի աստվածաշնչյան գրականությունը հասկանալի լինի տարբեր ծագում ունեցող մարդկանց, թարգմանչական խմբում ընդգրկվել են թարգմանիչներ տարբեր իսպանախոս երկրներից՝ Արգենտինայից, Գվատեմալայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Միացյալ Նահանգներից, Պուերտո Ռիկոյից, Սալվադորից, Վենեսուելայից, Ուրուգվայից և իհարկե Իսպանիայից։

Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները իսպաներեն թարգմանել են Միացյալ Նահանգներում արգենտինացի, մեքսիկացի և իսպանացի Վկա թարգմանիչների օգնությամբ։ 1993թ.-ին, սակայն, իսպանական թարգմանչական խումբը տեղափոխվեց Պուերտո Ռիկո, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ, որ բոլոր թարգմանիչները միևնույն վայրում աշխատեն։

2012-ի մարտին որոշվեց, որ իսպանական խումբը պետք է նորից տեղափոխվի, բայց այս անգամ Իսպանիայի Եհովայի վկաների մասնաճյուղ։ Թարգմանիչներից մեկը՝ Էդուարդը, պատմում է. «Բացի թարգմանիչներից, նրանց իրերից ու սարքավորումներից՝ պետք է տեղափոխվեր նաև մեկ այլ կարևոր «աշխատակից»՝ մեր բաժնի գրադարանը»։ Գրադարանը բաղկացած էր 2500 կտոր գրականությունից, ներառյալ իսպաներեն Աստվածաշնչի հարյուրից ավել թարգմանություններ։

Ջերմ ընդունելություն Իսպանիայում

2013-ի մայիսի 29-ին իսպանական թարգմանչական խումբը բացեց իր նոր տան դուռը։ Իսպանիայի Բեթելի ընտանիքը ջերմությամբ ընդունեց նրանց։ Թարգմանչական խմբի տեղափոխությունը մի մայրցամաքից մյուսը այնպես էր ծրագրված, որ գրականության հրատարակման պարբերականությունը չընդհատվեց։ «Ամենակարևոր բանը Թագավորության բարի լուրը մարդկանց հասցնելն է,— ասում է Էդուարդը,— և մենք ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ կարդան մեր գրականությունը»։