«Ամբողջովին սպառազինված.... ամեն բարի գործ անելու համար»
Հայերեն վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայում
2024 թ․ հունիսի 28-30-ը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ «Հռչակենք բարի լուրը» խորագրով տարածաշրջանային համաժողովը։ Առաջին օրը Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը 6 155 ներկաների առաջ հայտարարեց Աստվածաշնչի հայերեն վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։
Հայախոս Վկաները ամբողջական «Նոր աշխարհ» թարգմանությունը իրենց լեզվով առաջին անգամ ստացել են 2010 թ.-ին։ Հայերեն այդ թարգմանությունը, որը մինչև այժմ տպագրվել է 148 000-ից ավելի օրինակով, ողջ աշխարհում լայնորեն օգտագործվում է ավելի քան 15 500 հայախոս Վկաների կողմից։ a Իսկ ինչո՞ւ կարիք առաջացավ վերանայել այդ թարգմանությունը։ Ովքե՞ր են աշխատել նոր հրատարակության վրա։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը վստահարժան է։ Ի՞նչ նոր առանձնահատկություններ ունի այդ հրատարակությունը, որոնք կօգնեն մեզ «լիովին ունակ և ամբողջովին սպառազինված լինել ամեն բարի գործ անելու համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։
Ինչո՞ւ «Նոր աշխարհ» թարգմանությունը վերանայվեց
Լեզուները ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվում, ուստի կարիք է առաջանում վերանայել Աստվածաշնչի թարգմանությունները, որպեսզի տեքստը մարդկանց համար հասկանալի լինի։ Եթե Աստվածաշնչի լեզուն հնացած է, մարդկանց մեծ մասը օգուտ չի քաղի դրանից։
Ի սկզբանե Եհովա Աստված հոգ է տարել, որ Աստվածաշնչի ամեն մի գիրք գրվի տվյալ ժամանակվա գործածական լեզվով, այնպիսի լեզվով, որ մարդիկ կհասկանային։ Առաջնորդվելով այս նույն սկզբունքով՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն 2013 թ. հոկտեմբերին լույս ընծայեց «Նոր աշխարհ» թարգմանության անգլերեն վերանայված հրատարակությունը։ Այդ հրատարակության նախաբանում ասվում է. «Նպատակ ենք ունեցել ստանալ այնպիսի թարգմանություն, որը ոչ միայն հավատարիմ է բնագիր տեքստին, այլև հասկանալի է և դյուրընթեռնելի»։
«Նոր աշխարհ» թարգմանության հայերեն առաջին թողարկումը հիմնված է Աստվածաշնչի անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության ծանոթագրություններով հրատարակության վրա, որը լույս է տեսել 1984 թ.-ին։ Հայերեն վերանայված Աստվածաշնչում ներմուծված են այն բոլոր փոփոխությունները, որ կան անգլերեն ամենավերջին թողարկման մեջ, նաև արվել են զուտ հայերենին առնչվող լեզվական փոփոխություններ, որպեսզի տեքստը ավելի հեշտ ընթերցվի։
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ «Նոր աշխարհ» թարգմանության անգլերեն առաջին հրատարակության լույսընծայումից հետո զգալի առաջընթաց է տեղի ունեցել Աստվածաշնչի բնագրային լեզուների՝ եբրայերենի, արամերենի և հունարենի ուսումնասիրությունների ոլորտում։ Հայտնաբերվել են աստվածաշնչյան նոր ձեռագրեր, որոնք դեռ չկային «Նոր աշխարհ» թարգմանության առաջին թողարկման ժամանակ։ Այդ ձեռագրերը օգնում են թարգմանիչներին ավելի լավ հասկանալ Աստվածաշնչի բնագրային տեքստի նշանակությունը։
Ուստի տեքստի մեջ որոշ ձևակերպումներ ճշգրտվել են, որպեսզի փոխանցվի բնագրային տեքստերի այն իմաստը, որը աստվածաշնչագետները ընդհանուր առմամբ ամենաստույգն են համարում։ Օրինակ՝ համաձայն որոշ ձեռագրերի՝ Մատթեոս 7։13-ը այսպես է ձևակերպված. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կործանում են տանում»։ «Նոր աշխարհ» թարգմանության նախկին թողարկման մեջ «լայն» բառից հետո «դուռ» բառը չկար։ Սակայն ձեռագրերի հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այդ բառը եղել է Աստվածաշնչի բնագրային տեքստում։ Ուստի վերանայված հրատարակության մեջ այն արդեն առկա է։ Նմանատիպ այլ ճշգրտումներ էլ են եղել, բայց դրանք փոքր փոփոխություններ են և չեն ազդում Աստծու Խոսքի հիմնական բովանդակության վրա։
Հետագա ուսումնասիրությունները նաև ցույց տվեցին, որ Աստծու անունը (Եհովա) պետք է լինի ևս վեց տեղում՝ Դատավորներ 19։18 և 1 Սամուել 2։25; 6։3; 10։26; 23։14, 16 համարներում։ Ուստի «Նոր աշխարհ» թարգմանության ներկայիս տարբերակում «Եհովա» անունը հանդիպում է 7 216 անգամ, որից 237-ը՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում։
Որոշ բառեր, որոնք գուցե սխալ իմաստ փոխանցեին համատեքստում, փոխարինվել են այլ համարժեքներով։ Օրինակ՝ «սրբացնել» բառը ոչ միայն նշանակում է «սուրբ դարձնել», այլև ունի «սրբերի շարքը դասել», «սրբություն՝ նվիրականություն դարձնել», «որպես սրբություն ընդունել» իմաստները և հաճախ կիրառվում է ինչ-որ մեկին մեծարելու երանգով։ Այդ պատճառով այս բառը պահվել է միայն այն դեպքերում, երբ խոսքը Եհովայի ու նրա անվան մասին է (Մատթեոս 6։9)։ Իսկ մնացած բոլոր դեպքերում, երբ խոսվում է մարդկանց կամ իրերը ծիսականորեն մաքրելու և սուրբ նպատակներով առանձնացնելու, Եհովային նվիրելու մասին, կիրառվել է «սրբագործել» բառը, որը նշանակում է «սուրբ՝ մաքուր դարձնել», «նվիրագործել՝ նվիրական դարձնել» (Ելք 30։30; 40։9)։ «Մերձավոր» բառը, որը մեծ մասամբ հասկացվում է «մտերիմ» կամ «բարեկամ», փոխարինվել է «դրացի» (Մատթեոս 19։19), «դիմացին» (Հռոմեացիներ 15։2), «ուրիշը» բառերով (Ղևտական 18։20), որպեսզի փոխանցվի ավելի լայն իմաստ։ «Գայթակղեցնել» բառը որոշ համատեքստերում կիրառվում էր մեղքի դրդելու, հավատը թուլացնելու իմաստով, բայց այդ բառը այդպիսի իմաստ չունի, այլ նշանակում է «հրապուրելով մոլորեցնել՝ մեղքի մեջ գցել», ուստի պահպանվել է միայն այն տեղերում, որտեղ իր ճիշտ իմաստով է գործածված (Ելք 22։16), իսկ մյուս տեղերում փոխարինվել է համատեքստին համապատասխան տարբերակներով (Մատթեոս 5։30)։ Ոգու առաջ բերած հատկություններից մեկը թարգմանված էր «առաքինություն» բառով, որը, սակայն, մեր լեզվում սահմանափակ իմաստ ունի և վերաբերում է բարձր բարոյականությանը, այնինչ բնագրային բառը ոչ միայն նշանակում է «բարձր բարոյականություն», այլև ունի լավ ու բարի լինելու, բարուն ձգտելու և ուրիշների համար բարիք անելու իմաստներ։ Այս երանգները ներառելու համար այն փոխարինվել է «բարեսիրություն» բառով (Գաղատացիներ 5։22), իսկ որոշ համատեքստերում էլ՝ «բարություն» բառով (Սաղմոս 68։10)։
Բացի այդ՝ որոշ բառեր ու արտահայտություններ, որ այնքան էլ հասկանալի չէին, փոխարինվել են ավելի հասկանալի բառերով։ «Բարձունք» բառը հիմնականում հասկացվում է աշխարհագրական բարձրադիր տեղանք, հետևաբար այն տեղերում, որտեղ այդ բառը վերաբերում է երկրպագության վայրի, փոխարինվել է «սրբավայր» բառով (2 Տարեգրություն 17։6)։ «Շնություն» բառը փոխարինվել է ավելի հասկանալի արտահայտությամբ՝ «ամուսնական դավաճանություն» (Մատթեոս 19։9)։ Բացառություն են պոետիկ տեքստերը, որտեղ երկար արտահայտությունները նպատակահարմար չեն, ինչպես նաև հայտնի համարները, օրինակ՝ Ելք 20։14-ը՝ «Մի՛ շնացիր»։ «Կենդանի է Եհովան» արտահայտությունը, որով երդվողը ցույց էր տալիս, որ Եհովայի գոյությունը անժխտելի փաստ է ու ասվածի կատարման երաշխիք, փոխարինվել է ավելի հասկանալի արտահայտությամբ՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ» (1 Սամուել 14։39)։
Ո՞վ է հրատարակում այդ թարգմանությունը
«Նոր աշխարհ» թարգմանությունը հրատարակվում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության կողմից, որը Եհովայի վկաներին ներկայացնող իրավաբանական անձ է։ Արդեն հարյուր տարուց ավելի Եհովայի վկաները ամբողջ աշխարհում Աստվածաշունչ են տալիս մարդկանց։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն անգլերեն առաջին հրատարակությունը լույս է ընծայել 1950-1960 թթ.-ին։ Կոմիտեի անդամները երբեք չեն ձգտել հռչակ ձեռք բերել և խնդրել են, որ իրենց անունները չհրապարակվեն անգամ իրենց մահից հետո (1 Կորնթացիներ 10։31)։
2008 թ.-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը մի խումբ եղբայրներից կազմեց Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության նոր կոմիտե։ Այդ կոմիտեն անմիջապես սկսեց անգլերեն տեքստի վերանայման աշխատանքները՝ հաշվի առնելով առաջին հրատարակության լույսընծայումից ի վեր անգլերենում տեղի ունեցած բազմաթիվ լեզվական փոփոխությունները։ Նրանք նաև հատուկ ուշադրություն են դարձրել ավելի քան 70 000 պատասխանների, որ տրվել են «Նոր աշխարհ» թարգմանությունը 120-ից ավելի լեզուներով թարգմանող խմբերի գրած հարցերին։
Ինչպե՞ս է կատարվել հայերեն վերանայումը
Նախ մի քանի մկրտված քրիստոնյաներից կազմվեց թարգմանչական խումբ։ Փորձը ցույց է տվել, որ երբ թարգմանիչները թիմով են աշխատում, ոչ թե առանձին-առանձին, թարգմանությունը ավելի որակյալ ու լավ կշռադատված է լինում (Առակներ 11։14)։ Խմբի բոլոր անդամներն էլ արդեն իսկ մասնակցել էին Եհովայի վկաների հրատարակությունների թարգմանությանը և որոշակի փորձ ունեին։ Բայց նրանք նաև մանրակրկիտ վերապատրաստում անցան, որպեսզի լավ հասկանան Աստվածաշնչի թարգմանության հիմնական սկզբունքները և իմանան՝ ինչպես օգտագործել հատուկ մշակված համակարգչային ծրագրերը։
Թարգմանիչները աշխատում էին համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն էր տալիս ուսումնասիրել աստվածաշնչյան բառերի նշանակությունը։ Նրանց օգնում էր նաև թարգմանչական խմբերի սպասարկման բաժինը, որը գործում է Նյու Յորքում։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գրական կոմիտեի միջոցով ամենայն ուշադրությամբ վերահսկում էր Աստվածաշնչի թարգմանության աշխատանքները։ Ինչպե՞ս է իրականացվել այդ աշխատանքը։
Թարգմանչական խմբի առաջ նպատակ էր դրվել ստանալ այնպիսի թարգմանություն, որը՝ 1) ճշգրիտ է, բայց և հեշտ հասկանալի հասարակ ժողովրդի համար, 2) հետևողականորեն է փոխանցում կարևոր տերմինները, 3) բառացի է այնքանով, որքանով թույլ է տալիս տվյալ լեզուն։ Ինչպե՞ս են թարգմանիչները փորձել բավարարել վերոնշյալ պահանջները։ Թարգմանչական խումբը աչքի է անցկացրել աստվածաշնչյան բառերի հայերեն համարժեքները, որ գործածված են «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակության մեջ։ Օգտագործվել է հատուկ համակարգչային մի ծրագիր (Դիտարանի թարգմանական համակարգ), որը հնարավորություն է տալիս տեսնելու միմյանց հետ ծագումնաբանական կապ ունեցող աստվածաշնչյան բառերը և դրանց հոմանիշները։ Այդ ծրագիրը նաև ցույց է տալիս հունարեն և եբրայերեն բնագրային բառերը, որպեսզի թարգմանիչները կարողանան տեսնել, թե դրանք ինչպես են թարգմանվել Աստվածաշնչի այլ տեղերում։ Այս ամենը շատ օգտակար է եղել աստվածաշնչյան բառերի հայերեն համարժեքների վերանայման գործում։ Թարգմանչական խումբը, բառերի այսպիսի մանրակրկիտ ուսումնասիրություն անելուց բացի, ամեն համարի վրա աշխատելիս ձգտել է գտնել բնական ու հեշտ հասկանալի ձևակերպումներ։
Իսկապես որ, թարգմանությունը բառերի մի խումբը պարզապես այլ խմբով փոխարինելը չէ։ Շատ ջանք է ներդրվում հավաստիանալու համար, որ ընտրված բառերը իրոք ճիշտ միտքն են փոխանցում Աստվածաշնչի ամեն մի համատեքստում։ Այդ ջանքերի արդյունքներն ակնհայտ են։ «Նոր աշխարհ» թարգմանության հայերեն այս հրատարակությունը Աստծու Խոսքի բովանդակությունը փոխանցում է այնպես, որ այն ոչ միայն ներդաշնակ է հին ձեռագրերին, այլև պարզ է և դյուրընթեռնելի։
Հայերեն վերանայված թարգմանության առանձնահատկություններից մեկն այն է, որ 10-ից բարձր թվականները անգլերենի օրինակով մեծ մասամբ գրվել են թվանշաններով, ինչը հեշտացնում է դրանք նկատելն ու մտապահելը (տես Ծննդոց 5)։ Նաև դեմքերի կտրուկ փոփոխությունը, որը հատուկ է եբրայերենին, հաճախ շփոթ էր առաջացնում ընթերցողի մտքում ու դժվարացնում էր հասկանալը, թե ով է տվյալ պահին խոսում։ Այս թարգմանության մեջ ջանք է գործադրվել, որտեղ որ հնարավոր է, հստակ ցույց տալ, թե ով է խոսողը, ինչպես, օրինակ, Ամոս 5։6, 8 և 9 համարներում՝ «Վերադարձե՛ք ինձ՝ Եհովայիս մոտ», «Իմ անունը Եհովա է», «Հանկարծակի կործանում կբերեմ»։ Եբրայերեն և հունարեն դարձվածները, որոնց բառացի թարգմանությունը անհասկանալի էր կամ տարօրինակ, փոխարինվել են իմաստային թարգմանությամբ, իսկ բառացի տարբերակները շատ դեպքերում պահպանվել են ծանոթագրություններում (Եզեկիել 33։4; Մատթեոս 26։64)։ Օրվա ժամերը գրվել են ժամանակակից տարբերակով, որպեսզի հեշտ լինի միանգամից հասկանալ, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, իսկ հին արտահայտչաձևերը գրվել են ծանոթագրություններում (Մատթեոս 20։6)։ Չափերի ու կշիռների համար ծանոթագրություններում արդեն իսկ հաշվարկված ժամանակակից միավորն է գրվել, որպեսզի ընթերցողը ստիպված չլինի անձամբ հաշվարկներ անելու (1 Թագավորներ 6։2)։
Հորդորում ենք, որ անձամբ ուսումնասիրեք Աստվածաշնչի վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Այն կարող եք կարդալ օնլայն կամ JW Library հավելվածով կամ էլ տպագիր օրինակ ձեռք բերել ձեր տարածքի Եհովայի վկաների ժողովում։ Այս հրատարակությունը ընթերցելիս համոզված եղեք, որ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ձեր մայրենի լեզվով ճշգրտորեն փոխանցվեն Աստծու ասածները։
Վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության առանձնահատկությունները
Ծանոթություն Աստծու Խոսքին։ Այս բաժնում կգտնեք աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ 20 հարցեր ու դրանց պատասխանող աստվածաշնչյան համարներ։
Գրքերի բովանդակություն։ Աստվածաշնչյան ամեն գրքի սկզբում համառոտ նկարագրություններ կան, որոնք օգնում են արագ գտնել հարկ եղած սուրբգրային հատվածը։ Այս առանձնահատկությունը փոխարինում է նախորդ հրատարակության էջախորագրերին։
Լուսանցքային հղումներ։ Հիմնականում պահպանված են այն հղումները, որոնք շատ են պետք գալիս ծառայության ժամանակ։
Ծանոթագրություններ։ Պարունակում են թարգմանության այլ տարբերակներ, բառացի թարգմանություն կամ օգտակար տեղեկություններ։
Աստվածաշնչի բառացանկ։ Այժմ ներառված են միայն այն համարներն ու բառերը, որոնք կարող են օգտակար լինել քարոզելու և ուսուցանելու գործում։
Աստվածաշնչի բառարան։ Այստեղ հակիրճ բացատրվում են Աստվածաշնչում գործածված հարյուրավոր բառեր և արտահայտություններ։
Հավելված Ա։ Այս բաժնում նկարագրվում են վերանայված նոր հրատարակության առանձնահատկությունները, օրինակ՝ ոճական ու բառային փոփոխությունները, ինչպես նաև տեղեկություն է տրվում Աստծու անվան գործածության մասին։
Հավելված Բ։ Կազմված է 15 գունազարդ բաժիններից, որոնք պարունակում են սանդղակներ ու քարտեզներ։
a Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության հայերեն տարբերակը լույս է տեսել 2007 թ.-ին։ Այն տպագրվել է 58 000-ից ավելի օրինակով։ Ընդհանուր հաշվով հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը մասամբ և ամբողջությամբ թողարկվել է ավելի քան 200 000 տպաքանակով։