Անցնել բովանդակությանը

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 4 (մարտ-օգոստոս, 2017 թ.)

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 4 (մարտ-օգոստոս, 2017 թ.)

Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2017 թ. մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։

Մարտի 28, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Պայմանագրով աշխատողը բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչով ապակե դիմամասով խցիկ է տեղափոխում։ Այն դիտահարթակի մի մասն է կազմում, որը գտնվում է փակ և ապահով տարածքում։ Այցելուների կենտրոնը և դիտահարթակը բացվել են 2017 թ. մայիսին։ Օգոստոսին 17 000-ից ավելի այցելուներ արդեն գրանցվել էին շրջայցի համար, որպեսզի տեսնեին նախագիծը։

Մարտի 29, 2017—Բնակելի շենք Զ

Աշխատողները աշտարակային կռունկով բետոն թափելու համար նախապես հավաքված կաղապարամածը տեղափոխում են Զ Բնակելի շենք, որը բնակվելու համար կառուցվող առաջին շենքն է։ Շինությունների շուրջ առկա ազատ տարածքը հնարավորություն է տալիս տեղափոխելու այդ կաղապարամածները առանց դրանք ապամոնտաժելու։

Ապրիլի 7, 2017—Բնակելի շենքեր

Միաժամանակ կառուցվում են հինգ բնակելի շենքեր։ Առջևի պլանում աշխատողները կապում են պողպատյա ամրանները նախքան Բ Բնակելի շենքի համար բետոն թափելը։ Հետևի պլանում՝ աջ կողմում, պոմպով բետոն են լցնում Դ Բնակելի շենքի առաջին հարկի հատակի համար։ Ձախ կողմում աշտարակային կռունկը բետոնե պանել է տեղադրում Ե Բնակելի շենքի վերելակի հորանի և աստիճանավանդակի համար։

Ապրիլի 19, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Մեխանիկական գործեր անող խմբի անդամներից մեկը համապատասխան գործիքի միջոցով հեռացնում է հակահրդեհային ջրամատակարարման խողովակի միացման տեղում առաջացած ելուստը։ Աշխատողները երկու խողովակ իրար են ամրացնում զոդման միջոցով, որի ժամանակ խողովակների միացման հատվածները հալեցնում են և կցում իրար։ Միացման հատվածում առաջացած ավելորդ ելուստը հեռացնում են և ստուգում եռակցման որակն ու միացման հատվածի ամրությունը։ Ընդհանուր առմամբ մոտ չորս կիլոմետր (երկու մղոն) երկարությամբ հակահրդեհային ջրամատակարարման խողովակ է տեղադրվել։

Ապրիլի 25, 2017—Բնակելի շենքեր

Աշխատողը մաքրում է վերջերս անջրանցիկ դարձված թունելը։ Շինհրապարակում եղող թունելները հնարավորություն են տալիս, որ ճանապարհներն անցնեն այն տեղերով, որտեղ ջուր է հոսում, իսկ անձրևաջրերը թափվեն կուտակող լճակներ՝ այդպիսով կանխելով հեղեղումները։

Ապրիլի 28, 2017—Բնակելի շենք Զ

Ճարտարապետական խմբից ամուսիններ առաջին հարկում նշում են միջանցքի պատերի տեղը։

Մայիսի 5, 2017—Բնակելի շենքեր

Արևելյան կողմում կարելի է տեսնել կառուցվող հինգ բնակելի շենքերի համայնապատկերը։ Սեպտեմբերին բետոնե կմախքը ավարտված էր, ընթանում էին Զ Բնակելի շենքի (հետևի պլանում՝ աջ կողմում) ներքին պատերի հետ կապված աշխատանքները, և սկսվել էին այդ շենքի սվաղման ու ներկման աշխատանքները։ Միևնույն ժամանակ աշխատողները սկսել էին տեղադրել Ե Բնակելի շենքի (հետևի պլանում՝ ձախ կողմում) արտաքին պատերն ու պատուհանները։ Բ, Գ և Դ Բնակելի շենքերում (առջևի պլանում) նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, որպեսզի ճարտարապետական, էլեկտրական, մեխանիկական աշխատանքներ անող և շինարարական սանդուղք պատրաստող խմբերը սկսեին աշխատել։

Մայիսի 18, 2017—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Ռոբերտ Լուսիոնին, որը Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեի օգնականներից մեկն է և նախագծման/շինարարության միջազգային բաժնի (ՆՇՄԲ) օգնականը, քաջալերում է շինարարական խմբերի համար Աստվածաշնչի վրա հիմնված քաջալերական ելույթ է ներկայացնում։ ՆՇՄԲ-ն վերահսկում է նոր մասնաճյուղի շենքերի նախագծումն ու շինարարությունը՝ հավաստիանալով, որ ամբողջ աշխատանքը արդյունավետորեն է արվում, և միջոցները խնայողաբար են օգտագործվում։

Մայիսի 25, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները պատրաստում են բետոնե հարթակներ այն շինության համար, որտեղ լինելու են էլեկտրական սարքավորումները, գազի կաթսաները ու սպասարկիչները (սերվերներ)։ Աջ կողմում աշխատողները բետոն լցնող շարժական պոմպի օգնությամբ հիմք են պատրաստում ձայնամեկուսիչ ցանկապատի համար, որը կնվազեցնի այդ տարածքում գտնվող սարքավորումների ձայնը։

Հունիսի 7, 2017—Բնակելի շենք Ե

Ճարտարապետական աշխատանքներ անող խումբը աչքի է անցկացնում գծագրերը նախքան հատակին նշումներ անելը, որպեսզի ամրացնի մետաղական պրոֆիլները։

Հունիսի 13, 2017—Բնակելի շենք Զ

Աշխատողը ամրացնում է դրսի պատերի համար նախատեսված մետաղական պրոֆիլները։

Հունիսի 22, 2017—Բնակելի շենք Ե

Ե Բնակելի շենքի շուրջ շինսանդուղք են պատրաստում, ինչի շնորհիվ աշխատողների համար արտաքին պատերը հեշտ հասանելի կլինեն։

Հուլիսի 11, 2017—Բնակելի շենք Զ

Ներկարարը նոր տեղադրված պատուհաններին հատուկ պաշտպանիչ շերտ է քսում։ Երբ այն չորանում է, վերածվում է պլաստիկ թաղանթի, որը թույլ չի տալիս, որ շինարարական աշխատանքների ժամանակ պատուհանները վնասվեն։ Այն հնարավոր է հեշտությամբ հեռացնել, երբ դրա կարիքը այլևս չլինի։

Հուլիսի 13, 2017—Բնակելի շենք Զ

Մեխանիկական աշխատանքներ անող խմբի անդամները բարձր ճնշումով փորձարկում են անում բնակելի սենյակներից մեկի հատակի ջեռուցման համակարգում։ Երբ անհրաժեշտ շտկումներն արվեն, կարելի է թափել բետոնե վերջին շերտը՝ ջեռուցման խողովակները ծածկելու համար։

Հուլիսի 19, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Լանդշաֆտային դիզայները կտրում է վայրի ծաղիկներով տորֆի մի հատված դեպի մասնաճյուղի գլխավոր մուտք տանող զարտուղի ճանապարհի վրա։ Տորֆը թույլ չի տալիս, որ մոլախոտ աճի, և դրա շնորհիվ ավելի քիչ ժամանակ և ջանքեր են պետք աշխույժ մայրուղու մոտ գտնվող բուսականությունը խնամելու համար։

Օգոստոսի 1, 2017—Գրասենյակներ

GPS սարքավորման միջոցով գեոդեզիստը նշում է գրասենյակների շենքի մուտքի տեղը, այդտեղ ձող է խրում, այնուհետև այն ներկում է, որպեսզի տեսանելի լինի։ Համալիրի այս մասում մշտական խոհանոց է լինելու, ինչպես նաև մի տարածք, որը ծառայելու է որպես ճաշարան և դահլիճ։ Հետևի պլանում կարելի է տեսնել բնակելի շենքերը։

Օգոստոսի 8, 2017—Բնակելի շենքեր

Մի ամուսնական զույգ պատրաստում է կաղապարներ բետոնի համար, որը ջրահեռացման համակարգի մի մասն է լինելու։ Հետևի պլանում կարելի է տեսնել, որ Ե և Զ Բնակելի շենքերը պատված են պլաստիկ ծածկույթով, որպեսզի աշխատանքներ տարվեն՝ անկախ եղանակային պայմաններից, ինչպես նաև ձմռան ամիսներին։

Օգոստոսի 9, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Վերապատրաստում անցնողը սովորում է, թե ինչպես աշխատեցնել վակուումային ամբարձիչը։ Այն տեղափոխում և տեղադրում է սալահատակի եզրաքարերը, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 70 կիլոգրամ (154 ֆունտ)։ Եզրաքարերը ճիշտ դիրքով տեղադրելուց հետո երկու կողմերում բետոն են թափում, որպեսզի դրանք իրենց տեղում ֆիքսված մնան։

Օգոստոսի 16, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ

Մինչ ջրի խողովակը քաշում են, որ դնեն իր վերջնական դիրքում, մեխանիկական աշխատանքներ անող խմբի անդամներից մեկը կոշտ միացումը պահում է ճիշտ անկյան տակ։ Նոր մասնաճյուղի համար մոտ հինգ կիլոմետր (3 մղ) երկարության ջրի խողովակ է հարկավոր։

Օգոստոսի 22, 2017—Բնակելի շենք Ե

Արտաքին հարդարման աշխատանքներ իրականացնող խմբի անդամներից մեկը էլեկտրական քարհատ հաստոցով աղյուսներ է կտրում։ Դրանց կեսը օգտագործում են բնակելի շենքերի անկյունային եզրամասերին գեղեցիկ աղյուսե շարվածք (ֆլամանդական շարվածք) պատրաստելու համար։ Ընդհանուր առմամբ բնակելի շենքերում 300 000-ից ավելի աղյուսներ կտեղադրվեն։