Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 5 (2017 թ. սեպտեմբեր—2018 թ. փետրվար)
Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2017 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։
Սեպտեմբերի 6, 2017—Բնակելի շենք Գ
Արտաքին հարդարման աշխատանքներ անող խմբի անդամները ծեփիչով լցնում են աղյուսների կցակարերը և հատուկ գործիքով հարթեցնում աղյուսների միջև լցված կրաշաղախը։ Աղյուսի այս բարակ շերտերը սոսնձված են մետաղական շրջանակին, որպեսզի ծածկեն պատի պողպատե հենարանները։
Սեպտեմբերի 20, 2017—Բնակելի շենք Դ
Ճարտարապետական խմբի անդամներից մեկը եռոտանի լազերային հեռաչափով և ձողաքանոնով որոշում է բնակելի սենյակների արտաքին պատերի դիրքը։ Այդ ընթացքում հետևի պլանում երևացող Զ Բնակելի շենքում մեծ թափով առաջ են գնում ատաղձագործական ներքին աշխատանքները։
Սեպտեմբերի 27, 2017—Բնակելի շենք Զ
Ծեփագործը ջուր է ցողում ծեփած պատի վրա և այն հղկում է ծեփիչով։ Ջուրը խնայելու համար վերջնական հարդարման աշխատանքներ անող բաժնի աշխատողները այն վերցնում են խոնավությունը կլանող սարքից ու դրանով շաղախում ծեփն ու մածիկը՝ սալապատում անելու համար։
Հոկտեմբերի 3, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ
Ե Բնակելի շենքի մոտ պայմանագրով աշխատողները ասֆալտապատում են այդ տարածքով անցնող բոլոր ճանապարհները։
Հոկտեմբերի 10, 2017—Բնակելի շենք Զ
71-ամյա մի որմնադիր շարում է Զ Բնակելի շենքի արտաքին պատը։ Շինարարական նախագիծը սկսվելուց ի վեր 70-ն անց ավելի քան 100 Վկաներ աջակցել են գործին՝ ներդնելով իրենց արժեքավոր հմտություններն ու փորձը։
Նոյեմբերի 16, 2017—Բնակելի շենքեր
Տեսարան վերևից՝ արևմուտքից։ Բոլոր բնակելի շենքերը կունենան կանաչապատված տանիքներ։ Երբ տանիքները մեկուսացվեն, անջրանցիկ դառնան, և պատրաստ լինի դրենաժային թաղանթը, կցանվեն տեղի բուսատեսակների սերմեր։ Բուսածածկ տանիքները օգուտ են տալիս վայրի բնությանը, նվազեցնում են էներգիայի ծախսերը և օգնում վերահսկելու անձրևաջրերի հոսքը։ Առաջին պլանում գցված են Ա Բնակելի շենքի և գրասենյակային համալիրի մի մասի հիմքերը։
Նոյեմբերի 21, 2017—Բնակելի շենք Զ
Աշխատողները բնակելի սենյակի մուտքի դռան համար տեղադրում են պատրաստի մետաղական շրջանակ։ Որպեսզի շրջանակները և դռները տեղադրելը հեշտ և արագ լինի, դրանք բերվում են շինհրապարակ արդեն ներկված և ծխնիներն ու կողպեքները տեղադրված վիճակում։
Նոյեմբերի 28, 2017—Գրասենյակներ
Մթնշաղին պայմանագրով աշխատողները ցցային հիմք են տեղադրում գրասենյակային համալիրի համար։ Լուսանկարի կենտրոնում աշխատողները պողպատյա ամրան են տեղադրում անցքերի մեջ, որոնք մոտավորապես 20 մետր (65 ֆտ) խորություն ունեն և հենց նոր են բետոնապատվել։ Հետևի պլանում երևում է Բ Բնակելի շենքը։
Դեկտեմբերի 5, 2017—Բնակելի շենք Ե
Աշխատողներից մեկը ավտոկայանատեղիի հարկի առաստաղից կախում է մեկուսացված բարձակներ ջեռուցման համակարգի խողովակների համար։ Առաստաղին ամրացված է մեկուսիչ շերտ, որը վերևում գտնվող բնակելի սենյակների հատակները պաշտպանում է ցրտից։
Դեկտեմբերի 8, 2017— Բնակելի շենք Զ
Հարդարման աշխատանքներ անող խմբի անդամներից մեկը հղկում է սվաղած պատերը՝ դրանց վրա վինիլային պաստառներ փակցնելու համար։ Հղկող սկավառակի վրա եղող մանր անցքերը հնարավորություն են տալիս, որ փոշին հավաքվի վակուումային փողրակի միջով։
Դեկտեմբերի 21, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ
Շինարարական բրիգադի երկու անդամներ պատրաստում են դեպի սպասարկման շինություն տանող ճանապարհի մակերևույթը։ Արդյունաբերական գազի այրիչով նրանք վառում են կաղապարները, որոնց շուրջ բետոն է թափվել, և այդպիսով ազատում խորշերը, որոնցում խոտ է աճելու։ Այս համակարգի շնորհիվ կվերահսկվի անձրևաջրերի հոսքը։
Դեկտեմբերի 26, 2017—Բնակելի շենք Զ
Ներկարարները սփրեյով բնակարանի խոհանոցի հատվածում ներկի վերջին շերտն են փչում։
Դեկտեմբերի 28, 2017—Բնակելի շենք Զ
Փայտամած տեղադրող խմբերի անդամները ապամոնտաժում են դրանց որոշ հատվածները, որպեսզի պատշգամբ տեղադրվի։ Լուսանկարի կենտրոնում երևացող կարմիր խողովակները ձմռանը տաք օդ էին մատակարարում ցեմենտե հատակները, սվաղած պատերն ու ներկված մակերեսները չորացնելու համար։
Հունվարի 16, 2018—Բնակելի շենք Զ
Մածկաթիակի օգնությամբ հարդարման աշխատանքներ իրականացնող խմբի անդամներից մեկը հանում է վինիլային պաստառի օդային պղպջակները։ Աշխույժ երթևեկություն ունեցող տարածքներում լվացվող այս մակերեսները և՛ պրակտիկ են, և՛ դիմացկուն։ Հետևի պլանում ուրիշ աշխատողներ ներկում են պատը և փակցնում պաստառները։
Հունվարի 27, 2018— Բնակելի շենք Ե
Նախքան իրենց հանձնարարություններին անցնելը աշխատողները ողջ անձնակազմով ներկա են գտնվում մի հանդիպման։ Անձնակազմի ղեկավարը շեշտում է անվտանգության կարևորությունը և նշում է բոլոր հնարավոր վտանգները։ Տարբեր բաժիններից առանձին աշխատողներ ցանկություն են հայտնել արտաժամ աշխատել մաքրելու համար Զ Բնակելի շենքի բնակարանները և շրջակա տարածքը նախքան բնակիչների գալը։
Փետրվար 1, 2018— Բնակելի շենք Զ
Ամբարձիչ մեքենայի օգնությամբ աշխատողները ավարտում են Զ Բնակելի շենքի պատշգամբների տեղադրումը։ Պատշգամբների գույները այնպես են նախատեսված, որ օգնեն բնորոշելու շենքը, և աշնանը համապատասխանեն այդ տարածքում եղող ծառերի գեղեցիկ տերևներին։ Հետևի պլանում Ե Բնակելի շենքից հեռացվել է պաշտպանիչ ծածկույթը նախքան փայտամածը ապամոնտաժելը։
Փետրվարի 3, 2018— Բնակելի շենքեր
Աշխատանքային ժամերից հետո մի ամուսնական զույգ իր անձնական իրերը տեղափոխում է Զ Բնակելի շենքում գտնվող բնակարան, որի շինարարական աշխատանքները ավարտվել են նախորդ օրը։ Շինարարներին նոր բնակելի շենքերում ժամանակավորապես բնակեցնելու շնորհիվ կրճատվում են վարձակալական վճարներն ու ճանապարհածախսերը, և նրանք ավելի արդյունավետորեն են աշխատում։
Փետրվարի 12, 2018— Բնակելի շենք Ա
Երեկոյան ժամերին աշխատողները բետոնապատում են ավտոկայանատեղիի հարթակը։ Հետևի պլանում երևում է Բ Բնակելի շենքը։
Փետրվարի 15, 2018—Բնակելի շենք Ե
Ամուսնական զույգը քարհատիչով, որն ունի փոշին կլանող համակարգ, կտրում է խոհանոցի սեղանի քվարցե վերնաշերտը։ Սեղանի վերնաշերտերը խոհանոցում են կտրում, որպեսզի տեղափոխելիս այն չկոտրվի։