Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 9 (2019 թ. սեպտեմբեր—2020 թ. փետրվար)
Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել Եհովայի վկաների՝ Բրիտանիայի մասնաճյուղի նոր շենքերի շինարարության վերջին աշխատանքները, և թե ինչպես են բեթելցիները սկսել շահագործել դրանք 2019 թ. սեպտեմբերից 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 10, 2019—Գրասենյակային շենք
Կանաչապատման աշխատողները փոցխերով հողը նախապատրաստում են խոտ ցանելուն։ Հետին պլանում երևում են Բնակելի շենք Ա-ն և Բնակելի շենք Բ-ն։
Սեպտեմբերի 19, 2019—Գրասենյակային շենք
Լճակ՝ Գրասենյակային շենքի հետևում։ Այս և մյուս լճակները Չելմսֆորդում գտնվող մասնաճյուղի տարածքի ջրահեռացման համակարգի մաս են կազմում։ Այս համակարգը նախատեսված է բնական ջրահեռացում ապահովելու համար։ Համակարգը բարելավում է ջրի որակը, նվազեցնում է ջրհեղեղների առաջացման վտանգը և բարենպաստ միջավայր ստեղծում մարդկանց ու կենդանիների համար։
Սեպտեմբերի 19, 2019—Գրասենյակային շենք
Ամուսնական զույգը տեղադրում է նոր գրասենյակի միջնապատերը։
Հոկտեմբերի 14, 2019—Բնակելի շենք Ա
Ճարտարապետական խմբի անդամներից մեկը լազերային հարթաչափի օգնությամբ նշան է փակցնում վարսահարդարման սրահի դռան վրա։
Հոկտեմբերի 28, 2019—Մասնաճյուղի տարածք
Ատաղձագործը հարթաչափի օգնությամբ տեղադրում է ցուցանակը։ Արահետի երկայնքով տեղադրված ցուցանակների շնորհիվ բնակիչներն ու այցելուները կարողանում են կողմնորոշվել 34 հա (85 ակր) տարածքում։
Նոյեմբերի 4, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցը ստուգում է ջրաբաշխիչ ծորակի ջրի ճնշումը։
Նոյեմբերի 14, 2019—Գրասենյակային շենք
Շինարարական նախագծի կոմիտեի անդամներից մեկը առավոտյան երկրպագություն է անցկացնում, որի ընթացքում փորձարկվում են մասնաճյուղի նոր համակարգերը։ Այս ծրագիրը ինտերնետով հեռարձակվել է Լոնդոնի Բեթելի ընտանիքի համար։
Նոյեմբերի 19, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Էլեկտրիկը լուսացույց է տեղադրում՝ տարածքում երթևեկությունը կարգավորելու համար։
Նոյեմբերի 19, 2019—Օժանդակ շինհրապարակ
Աշխատողները վերամշակելու նպատակով մալուխներից հանում են պղնձե մետաղալարերը։
Նոյեմբերի 25, 2019—Օժանդակ շինհրապարակ
Էքսկուրսավարը այցելուների կենտրոնում ներկայացնում է մասնաճյուղի հատակագիծը։ Շինարարության ընթացքում ավելի քան 95 000 այցելու է եկել տեսնելու մասնաճյուղի շինհրապարակը։
Դեկտեմբերի 5, 2019—Գրասենյակային շենք
Բրիտանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը նախքան շինությունները Բեթելի բաժինների շահագործմանը հանձնելը ելույթ է ներկայացնում շինարարական խմբի համար իրենց վերջին ամսական հանդիպման ժամանակ։ Այս նախագծում ընդգրկված է եղել ավելի քան 11 000 կամավոր։
Դեկտեմբերի 10, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Տարածաշրջանային նկարահանող խմբի և տեղի հեռարձակման բաժնի եղբայրները մարզում են ստանում նոր ստուդիայի ձողակառույցները օգտագործելու համար։ Նրանք բախիլներ են կրում, որպեսզի չվնասեն հատակը։
Դեկտեմբերի 30, 2019—Գրասենյակային շենք
Կամավորները Գրասենյակային շենք տանող երթևեկելի ճանապարհի սալաքարերի միջև ավազ են լցնում։
Հունվարի 16, 2020—Հարավային արտադրական շենք
Մեխանիկը նոր արհեստանոցում տեխսպասարկում է միկրոավտոբուսը։ Քանի որ մասնաճյուղի շինությունները հիմա նույն տարածքում են, աշխատավայր հասնելու համար Բեթելի ընտանիքը այսպիսի միկրոավտոբուսների կարիք այլևս չունի։ Ուստի այդ փոխադրամիջոցները կարելի է վաճառել։ Հետին պլանում կանաչապատման աշխատանքներում օգտագործվող մեքենան է։
Հունվարի 29, 2020—Բնակելի շենք Դ
Եղբայրները բեռնաթափում են բեթելցիների անձնական իրերը։ Հունվար և փետրվար ամիսներին 27 հոգուց կազմված խումբը բեթելցիներին օգնեց տեղափոխվել։ Մարտի սկզբին Բեթելի ողջ ընտանիքն արդեն ապրում ու աշխատում էր մասնաճյուղի նոր շենքերում։
Փետրվարի 6, 2020—Գրասենյակային շենք
Խոհանոցում աշխատողները աղցան են պատրաստում Բեթելի ընտանիքի համար։
Փետրվարի 7, 2020—Բնակելի օժանդակ տարածք
Մասնաճյուղի շինությունների մոտակայքում գտնվող բնակելի տարածքի վաճառքից հետո հանում են ժամանակավոր կացարանները։ Շինարարության ընթացքում կամավորները մնում էին այս կացարաններում։ Դրանք շինհրապարակի մոտակայքում կառուցելը ածխածնի արտանետումների նվազեցման պլանի մի մասն էր։ Շրջակա միջավայրի պահպանության գնահատման մի առաջատար համակարգի (BREEAM) ստանդարտներով այդ պլանը համարվեց նորարարական: Հետին պլանում նոր բնակելի շինություններն են։
Փետրվարի 14, 2020—Գրասենյակային շինություն
Թարգմանչական բաժնի անդամները ձայնագրություններ անելու համար ձայնամեկուսիչ խցիկ են տեղադրում։ Գրասենյակներում ձայնագրություններ անելուց բացի՝ հնարավոր կլինի ձայնագրություններ կատարել նաև այս ստուդիայում, որից օգտվելու են նաև Բրիտանիայի մասնաճյուղի հսկողության տակ գործող բնիկ լեզուներով թարգմանող այնպիսի խմբեր, ինչպիսիք են իռլանդերենով և շոտլանդական գաելերենով թարգմանող խմբերը։
Փետրվարի 24, 2020—Գրասենյակային շինություն
Նախագծման/շինարարության տեղի բաժնից մի եղբայր տեսակապի միջոցով խոսում է հարավարևելյան Անգլիայում ծառայող ՆՇՏԲ-ի ներկայացուցչի հետ։ Դաշտում ՆՇՏԲ-ի ներկայացուցիչները կանոնավորաբար կապվում են մասնաճյուղի հետ, որպեսզի քննարկեն Թագավորության սրահների շինարարության և տեխսպասարկման աշխատանքները։ Հետին պլանում բաժնի մյուս աշխատողները քննարկում են նոր և վերանորոգված Սրահների ջեռուցման ու օդափոխման հետ կապված հարցեր։
Փետրվարի 25, 2020—Գրասենյակային շենք
Նոր համագործակիցները ընդունարանում սպասում են։ Նրանք մասնակցելու են մի հանդիպման, որի ժամանակ կիմանան, թե որ բաժնում են ծառայելու։ Այն ժամանակ, երբ Բրիտանիայի մասնաճյուղը սկսեց գործել Չելմսֆորդում, գրեթե 500 համագործակից աջակցում էր Բեթելի ընտանիքին։ Հետին պլանում տեխնիկները ստուգում և կարգավորում են էքսկուրսիաների համար նախատեսված մոնիտորները։