Բարի լուրը քարոզվում է հեռավոր Հյուսիսում
2014թ.-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը նախաձեռնեց, որ բարի լուրը քարոզվի Եվրոպայի հեռավոր հյուսիսային շրջաններում և Հյուսիսային Ամերիկայում (Գործեր 1:8)։ Սկզբում ծրագրում ընդգրկված էին Ալյասկայի (ԱՄՆ), Լապլանդիայի (Ֆինլանդիա), Նունավուտի և Կանադայի հյուսիսարևմտյան տարածքները։
Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները այցելել են այս հեռավոր տարածքներ։ Սակայն նրանք այնտեղ կարճ ժամանակով են քարոզել և հաճախ կարողացել են միայն Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն տարածել։
Համաձայն այս նոր ծրագրի՝ այն մասնաճյուղը, որը վերահսկում է Եհովայի վկաների գործունեությունը հեռավոր հյուսիսային շրջաններում, հրավիրում է լիաժամ ծառայողներին (ռահվիրաներին) առնվազն երեք ամիս մնալ այս մեկուսի տարածքներում։ Եթե այդ շրջաններում որոշ անհատներ ցանկանան ուսումնասիրել Աստվածաշունչը, ապա քարոզիչները կարող են ավելի երկար մնալ և նույնիսկ հանրային հանդիպումներ անցկացնել։
Անշուշտ, Հյուսիսում ծառայելը իր դժվարություններն ունի։ Երկու ռահվիրաներ, որոնցից մեկը ապրում էր հարավային Կալիֆորնիայում, իսկ մյուսը՝ Ջորջիա նահանգում (ԱՄՆ), նշանակվեցին Ալյասկայի Բառոու քաղաք։ Բառոուում անցկացրած առաջին ձմեռը շատ դժվար էր նրանց համար, քանի որ օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -38°C։ Բայց մի քանի ամսում նրանք այցելեցին այդ քաղաքի տների 95 տոկոսը և Աստվածաշնչի չորս ուսումնասիրություն սկսեցին։ Ուսումնասիրողներից մեկը Ջոն անունով մի երիտասարդ էր։ Նա և իր ընկերուհին ուսումնասիրում են «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջոնը իր սովորածի մասին պատմում է ընկերներին և աշխատակիցներին։ Նա նաև իր հեռախոսում բեռնել է JW Library (JW Գրադարան) հավելվածը, որտեղից կարդում է «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկը։
Կանադայի Նունավուտ նահանգի Ռանկին Ինլետ գյուղակը ճանապարհներ չունի։ Ուստի երկու ռահվիրա ինքնաթիռով գնացին այդ փոքր գյուղ և Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն սկսեցին։ «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը դիտելուց հետո մի տղամարդ հարցրեց, թե երբ են սկսելու Թագավորության սրահ կառուցել իրենց մոտ։ Նաև ասաց. «Երբ Թագավորության սրահ կառուցեք, եթե ես դեռ այստեղ լինեմ, կգամ ձեր հանդիպումներին»։
Ֆինլանդիայի Սեյվուկոսկի քաղաք նշանակված ռահվիրաներն ասում են. «Այստեղ շատ ցուրտ է ու ձյունառատ»։ Հյուսիսային եղջերուները մարդկանցից մոտ տասը անգամ շատ են։ Սակայն ռահվիրաներն ասում են, որ նրանք ճիշտ ժամանակին էին եկել, քանի որ նրանք կարողացել են հիմնովին վկայություն տալ ողջ տարածքում։ Նրանք պատմում են. «Գյուղեր և հեռավոր տարածքներ տանող ճանապարհներին ձյունը մաքրված էր։ Ցուրտ եղանակի պատճառով մարդիկ հիմնականում տանն էին լինում»։
Աստվածաշնչյան ճշմարտությունները հեռավոր հյուսիսային շրջաններ հասցնելու մեր ջանքերն աննկատ չմնացին։ Երբ երկու ռահվիրա այցելեցին Ալյասկայի քաղաքներից մեկի քաղաքապետին, նա ռահվիրաների հետ ունեցած զրույցի մասին մի գեղեցիկ հաղորդագրություն գրեց համացանցում, որին նաև կցել էր «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» թերթիկի նկարը։
Ալյասկայի Հեյնզ ավանում երկու ռահվիրա ողջունեցին ութ հյուրերի, որոնք եկել էին ներկա գտնվելու հանրային գրադարանում անցկացվող հանդիպմանը։ Տեղի թերթերից մեկը գրեց, որ Տեխասից և Հյուսիսային Կարոլինայից եկած այս երկու տղամարդիկ Աստվածաշնչի տնային անհատական կրթություն են առաջարկում։ Հայտարարությունը այսպես էր եզրափակվում. «Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այցելեք jw.org կայք»։