Հաջողված քարոզարշավ Լապլանդիայում
Այն հսկայական տարածաշրջանում, որը ձգվում է Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի տարածքով, ապրում են սաամները՝ բնիկ ժողովուրդ, որն ունի իր մշակույթը, ավանդույթներն ու լեզուները։ Վերջերս Եհովայի վկաները երկու բան նախաձեռնեցին, որպեսզի աստվածաշնչյան լուրը հայտնեն սաամական ժողովրդին։
Առաջին՝ 2015 թ. աշնանը Վկաները սկսեցին աստվածաշնչյան հրատարակություններ և տեսանյութեր թողարկել սաամերենով a։ Երկրորդ՝ 2016 և 2017 թթ.-ին տեղի ունեցած երկու հատուկ քարոզարշավների ժամանակ նրանք գնացին Լապլանդիա՝ հեռավոր տարածք, որտեղ ազատության մեջ բնակվում են հյուսիսային եղջերուները, որպեսզի սաամներին հայտնեն իրենց թարգմանած տեղեկությունը։
«Համայնքի համար կարևոր և արժեքավոր գործ»
2017 թ. մայիսին տեղի ունեցած հատուկ քարոզարշավի ժամանակ Ֆինլանդիայից, Նորվեգիայից և Շվեդիայից ավելի քան 200 Վկաներ ցանկություն հայտնեցին այցելելու Լապլանդիայի հսկայական տարածքով մեկ սփռված բազմաթիվ փոքր գյուղեր։ Որոշ Վկաներ սաամերեն մի քանի արտահայտություն էին սովորել, ինչը տպավորեց սաամական ժողովրդին։ «Տեղացիները ողջունեցին իրենց լեզվով խոսելու մեր համեստ ջանքերն ու իրենց հանդեպ անկեղծ հետաքրքրվածությունը»,— պատմում է Դենիսը, որը մասնակցել էր Կարիգասնիեմի գյուղում անցկացվող քարոզարշավին։
Քանի որ սաամները սիրում են բնությունն ու կենդանական աշխարհը, նրանց հատկապես հետաքրքրեց երկրային դրախտի մասին աստվածաշնչյան խոստումը (Սաղմոս 37:11)։ Օրինակ՝ երբ մի սաամուհի սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը «Բարի լուր Աստծուց» գրքույկի օգնությամբ և իմացավ, թե Աստված ինչ է նախատեսել մարդկության համար, հարցրեց, թե ինչու իր եկեղեցու քահանան երբեք իրեն չի ասել երկրային դրախտի մասին։
Շատերը շնորհակալ էին Վկաներին իրենց այցելելու համար։ Մի խանութպան գովեց երկու Վկայի, որոնց պահվածքը իր աչքից չէր վրիպել։ Նա ասաց, որ նրանք «համայնքի համար կարևոր և արժեքավոր գործ» են անում, և հրավիրեց իր խանութ՝ վերցնելու իրենց պետք եղած մթերքը։ Նա թույլ չտվեց, որ նրանք վճարեն դրա դիմաց։
Քարոզարշավի ընթացքում սաամները մոտ 180 տեսանյութ դիտեցին և 500-ից ավելի կտոր գրականություն վերցրին։ Հաճախ նրանք վերցնում էին իրենց լեզվով մատչելի բոլոր հրատարակությունները։ Բացի այդ, 14 սաամներ Եհովայի վկաների օգնությամբ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։
«Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք»
Մի քանի սաամներ, ովքեր կարդում էին Եհովայի վկաների հրատարակած գրականությունը, բարձր գնահատեցին թարգմանության որակը։ «Ձեր հրատարակությունները շատ լավ են թարգմանված»,— ասաց Նիլա Տապիոլան, որը դպրոցում ուսուցիչ է աշխատում և սաամների խորհրդարանի գործադիր մարմնի անդամ է։ Նա ասաց, որ հրատարակությունները «դյուրընթեռնելի են և լավ ոճով են գրված»։ Մի տղամարդ էլ, ով ապրում է Ֆինլանդիայի ամենահյուսիսային կետում, նշեց. «Հստակ է, որ դրանք պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք են»։
Ֆինլանդիայի ու Նորվեգիայի սահմանին գտնվող Կարիգասնիեմի գյուղում Վկաները «Բարի լուր Աստծուց» գրքույկի առաջին դասը քննարկեցին մի կնոջ հետ, ով սաամերենի ուսուցչուհի է։ Թարգմանության որակից տպավորված՝ վերջինս նրանցից թույլտվություն խնդրեց գրքույկը օգտագործել դպրոցում սաամերեն սովորեցնելու համար։
Սաամերենով թարգմանվել են մի քանի տեսանյութեր, թերթիկներ և մեկ գրքույկ։ Այդ լեզվով jw.org կայքը մատչելի է 2016 թ. փետրվարի 29-ից։ Ամեն ամիս սաամախոս մարդիկ ավելի քան 400 անգամ այցելում են այդ կայք և բեռնում մոտ 350 թվային, աուդիո և վիդեո ֆայլեր։
Թե՛ սաամական ժողովուրդը և թե՛ նրանց այցելած անհատները այն կարծիքին են, որ քարոզարշավը հարստացրել է իրենց։ Տեղացիները «տեսնում էին, որ Աստվածաշունչը գործնական շատ օգուտներ է բերում իրենց համայնքին»,— ասում են Ուցյոկի գյուղ այցելած Հենրիկն ու Հիլյա-Մարիան։ Իսկ Լաուրին և Ինգան, ովքեր նույնպես գնացել էին այդ գյուղ, ավելացնում են. «Այս քարոզարշավը հիշեցրեց մեզ, որ Աստված կողմնակալ չէ։ Մենք ուրախ ենք, որ արտացոլում ենք նրա սերը այս հեռավոր վայրերում բնակվողների հանդեպ»։
a Գոյություն ունեն սաամական մի քանի լեզուներ։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է, որ «ամենամեծ լեզվով՝ հյուսիսսաամերենով, խոսում է սաամների մոտ երկու երրորդը» (Encyclopædia Britannica)։ Եհովայի վկաները իրենց հրատարակությունները թարգմանում են հյուսիսսաամերենով։ Պարզության համար այս հոդվածում գործածվում է «սաամերեն» բառը՝ մատնանշելու այն լեզուն, որով խոսում է սաամացիների մեծ մասը։