Քայլում են ծովի հատակով, որ քարոզեն
Հյուսիսային ծովում՝ Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի արևմտյան ափի մոտ՝ Հալլիգեն կոչվող ցրված կղզյակների վրա, բնակվում է մոտ 300 մարդ։ Իսկ ինչպե՞ս են այդ մարդիկ լսում Եհովայի վկաների հայտնած աստվածաշնչյան լուրը (Մատթեոս 24:14)։
Վկաները որոշ կղզյակներ հասնում են լաստանավով։ Մյուս կղզյակներում բնակվող մարդկանց հետ խոսելու համար Վկաների մի փոքր խումբ էլ մեկ ուրիշ մեթոդ է օգտագործում. նրանք մոտ 5 կիլոմետր քայլում են ծովի հատակով։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
Օգտվում են ծովի ընձեռած հնարավորությունից
Գաղտնիքը մակընթացությունն ու տեղատվությունն է։ Մոտավորապես ամեն 6 ժամը մեկ Հյուսիսային ծովի մակարդակը Հալլիգենի տարածքում բարձրանում կամ իջնում է մոտ 3 մետրով։ Երբ ջրերը հետ են քաշվում, ծովի հատակի մեծ հատվածներ սկսում են երևալ, ինչի շնորհիվ Վկաները կարողանում են ոտքով հասնել այդ կղզիներից երեքը։
Ինչպե՞ս են նրանք կատարում այդ ճանապարհորդությունը։ «Հալլիգեն կղզիներից մեկին հասնելու համար մոտ երկու ժամ է պահանջվում,— ասում է Ուլրիխը, որը ուղեկցում է Վկաների խմբին և փորձառու է այդ հարցում։— Տարածքի մեծ մասը ոտաբոբիկ ենք անցում։ Սա օվկիանոսի հատակով անցնելու ամենաարդյունավետ ու հարմար միջոցն է։ Բայց ցուրտ եղանակին մենք երկարաճիտ կոշիկներ ենք հագնում»։
Տեսարանը շատ արտասովոր է։ «Քեզ ուրիշ մոլորակի վրա ես զգում,— ասում է Ուլրիխը։— Ծովի հատակի որոշ հատվածներ տղմոտ են, որոշները՝ քարքարոտ, կան տարածքներ էլ, որ ծածկված են ծովային խոտերով։ Կարող ես տեսնել ծովային թռչունների երամներ, բազմաթիվ ծովախեցգետիններ և այլ կենդանիներ»։ Խումբը երբեմն ստիպված է անցնել ծովախորշերով (գերմաներեն՝ պրիլե), որոնք գոյանում են տղմոտ ափերին։
Նրանք, ովքեր կատարում են այդ ճամփորդությունը, դժվարությունների են հանդիպում։ Ուլրիխը զգուշացնում է. «Կարող ես հեշտությամբ կորչել, հատկապես երբ ծովի վրա մշուշ է բարձրանում։ Այդ պատճառով մենք օգտագործում ենք կողմնացույց կամ GPS սարքավորում, նաև խստորեն հետևում ենք ժամանակին, որ երբ ջրի մակարդակը բարձրանա, մենք այդ տարածքում չլինենք»։
Արժե՞ արդյոք այդքան ջանքեր թափել։ Ուլրիխը պատմում է 90-ն անց մի մարդու մասին, որը կանոնավորաբար ընթերցում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ «Մի օր մենք այնքան քիչ ժամանակ ունեինք, որ չհասցրինք այցելել այդ մարդուն։ Սակայն նախքան կհեռանայինք այդ տարածքից, նա իր հեծանվով հասավ մեզ և ասաց. «Իմ «Դիտարանը» չե՞ք տալու»։ Ինչ խոսք, մենք ուրախությամբ նրան տվեցինք ամսագիրը։