ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
«Այլևս բռնության գերին չեմ»
Ծննդյան տարեթիվը՝ 1956
Երկիրը՝ Կանադա
Նախկինում՝ հիասթափված, անբարո և դաժան
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Ծնվել եմ Կանադայում՝ Ալբերտա նահանգի Քալգարի քաղաքում։ Փոքր էի, երբ ծնողներս ամուսնալուծվեցին, ու ես մորս հետ տեղափոխվեցի պապիկիս ու տատիկիս տուն։ Նրանք սիրում էին ինձ ու մորս, և ես շատ երջանիկ էի։ Մինչև հիմա ջերմությամբ եմ հիշում մանկությանս այդ խաղաղ տարիները։
Յոթ տարեկանում կյանքս լրիվ փոխվեց, երբ մայրս նորից միացավ հորս հետ, և մենք տեղափոխվեցինք ԱՄՆ՝ Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաք։ Այդ ժամանակ տեսա, թե որքան դաժան է հայրս։ Օրինակ՝ երբ առաջին օրը դպրոցից տուն եկա, և նա իմացավ, որ ինձ ծաղրի են ենթարկել, և ես լուռ եմ մնացել, նա բարկացավ ու ավելի ուժեղ հարվածեց ինձ, քան դպրոցի երեխաները։ Ես սովորեցի դասս ու սկսեցի կռիվների մեջ մտնել մյուս երեխաների հետ, երբ ընդամենը յոթ տարեկան էի։
Հորս տաքարյուն բնավորությունը դառնացրել էր մորս։ Մեր տանը հաճախ էին թեժ վիճաբանություններ լինում։ 11 տարեկանում սկսեցի ալկոհոլ և թմրանյութեր օգտագործել։ Գնալով ավելի ու ավելի ագրեսիվ էի դառնում և հաճախ էի ներքաշվում փողոցային կռիվների մեջ։ Երբ ավարտեցի ավագ դպրոցը, արդեն դաժան մարդ էի։
18 տարեկանում զինվորագրվեցի ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսին։ Այնտեղ սովորեցի մարդ սպանել։ Հինգ տարի հետո ես հեռացա զինված ուժերից և սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել՝ հույս ունենալով, որ աշխատանք կգտնեմ Հետաքննությունների դաշնային բյուրոյում։ Միացյալ Նահանգներում ընդունվեցի համալսարան, իսկ Կանադա վերադառնալուց հետո ուսումս այնտեղ շարունակեցի։
Համալսարանում ես լրիվ հիասթափվեցի մարդկանցից և առհասարակ՝ հասարակությունից։ Մարդիկ այնքան եսասեր էին թվում, աշխարհն՝ այնքան ունայն։ Արդեն հույս չունեի, որ մարդկանց խնդիրները մի օր կլուծվեն, կամ որ մարդիկ կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։
Կյանքի իմաստը չգտնելով՝ դարձա հարբեցող, թմրամոլ և ագահաբար տարվեցի փողի ու սեքսի մոլուցքով։ Մի խրախճանքից մյուսն էի գնում, մի կնոջից՝ մյուսի մոտ։ Զինվորական պատրաստվածությանս պատճառով չափազանց ինքնավստահ էի դարձել ու հաճախ կռիվների մեջ էի ներքաշվում։ Ես իմ ճիշտն ունեի և պատրաստ էի պայքարելու բոլոր նրանց դեմ, ովքեր իմ կարծիքով անարդար էին վարվում ուրիշների հետ։ Սակայն իրականում ես լրիվ բռնության գերին էի դարձել։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ
Մի անգամ, երբ ես ու ընկերս թմրադեղի ազդեցության տակ մեր տան նկուղում էինք և ապօրինի վաճառքի համար մարիխուանայի խմբաքանակ էինք պատրաստում, ընկերս հարցրեց ինձ, թե արդյոք հավատում եմ Աստծուն։ Ես պատասխանեցի. «Եթե Աստված է աշխարհում տիրող տառապանքի պատճառը, ես լսել անգամ չեմ ուզում այդպիսի Աստծու մասին»։ Հաջորդ օրը իմ նոր աշխատավայրում գործընկերներիցս մեկը, ով Եհովայի վկա էր, հարցրեց ինձ. «Ի՞նչ ես կարծում, Աստվա՞ծ է աշխարհում տիրող տառապանքի պատճառը»։ Ես շատ զարմացա, որ նա ինձ հենց այդ նույն հարցը տվեց։ Հետաքրքրությունս շարժվեց։ Հաջորդ վեց ամիսների ընթացքում մենք շատ բանավեճեր ունեցանք, և նա Աստվածաշնչից ցույց տվեց կյանքի վերաբերյալ ինձ հուզող հարցերից մի քանիսի պատասխանները։
Այդ ժամանակ հարսնացուիս հետ էի ապրում։ Նրան չէր հետաքրքրում իմ սովորածը։ Մի կիրակի նրան ասացի, որ Վկաներին հրավիրել եմ մեր տուն, որ օգնեն մեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Հաջորդ օրը, երբ աշխատանքից տուն եկա, տեսա, որ նա վերցրել է բոլոր իրերն ու հեռացել։ Դուրս եկա փողոց ու լաց եղա։ Աղոթում էի Աստծուն՝ աղաչելով նրան, որ օգնի ինձ։ Այդ ժամանակ առաջին անգամ իմ աղոթքում արտաբերեցի Աստծու անունը՝ Եհովա (Սաղմոս 83։18)։
Երկու օր անց մի ամուսնական զույգ ինձ հետ անցկացրեց Աստվածաշնչի իմ առաջին ուսումնասիրությունը։ Նրանց գնալուց հետո ես շարունակեցի ընթերցել «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը և հենց այդ գիշեր ավարտեցի այն։ a Այն, ինչ իմացա Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, հուզեց ինձ։ Ես տեսա, որ Եհովան կարեկից է, և նա ցավ է ապրում, երբ մենք տառապում ենք (Եսայիա 63։9)։ Ինձ հատկապես հուզեց այն, որ Աստված սիրում է ինձ և ինձ համար զոհել է իր Որդուն (1 Հովհաննես 4։10)։ Ես հասկացա, որ Եհովան համբերատար է եղել իմ հանդեպ, «որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Զգում էի, որ Եհովան ինձ դեպի իրեն է ձգում (Հովհաննես 6։44)։
Հենց այդ շաբաթվանից սկսեցի հաճախել ժողովի հանդիպումներին։ Մազերս երկար էին, ականջօղեր էի կրում. տեսքս սարսափելի էր, բայց Վկաները այնպես դիմավորեցին ինձ, ասես իրենց ազգականը լինեի, որին երկար ժամանակ չէին տեսել։ Նրանք իսկական քրիստոնյաների պես վարվեցին։ Այնպիսի զգացում ունեի, թե պապիկիս ու տատիկիս տուն եմ վերադարձել՝ նույնիսկ դրանից ավելի լավ միջավայր։
Շուտով աստվածաշնչյան գիտելիքներս սկսեցին վերափոխել կյանքս. կտրեցի մազերս, վերջ դրեցի անբարո արարքներիս, դադարեցի թմրադեղեր օգտագործելուց և ալկոհոլը չարաշահելուց (1 Կորնթացիներ 6։9, 10; 11։14)։ Ուզում էի հաճեցնել Եհովային։ Ուստի երբ իմանում էի, որ իմ արարքներից ինչ-որ բան դուր չի գալիս նրան, չէի փորձում արդարացնել իմ վատ վարքը։ Դա մինչև սրտիս խորքը խոցում էր ինձ։ Որոշում էի, որ էլ այդպիսի բան չեմ անելու։ Միանգամից սկսում էի փոխել մտածելակերպս ու վարքս։ Արդյունքում շուտով զգացի Եհովայի կամքը կատարելու օգուտները։ 1989 թ. հուլիսի 29-ին՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը սկսելուց վեց ամիս անց, մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ
Աստվածաշունչը վերափոխեց ինձ։ Անցյալում, երբ որևէ մեկի հետ բախում էի ունենում, հաճախ շատ բուռն էի արձագանքում։ Սակայն այժմ մեծ ջանքեր եմ թափում, որպեսզի «խաղաղություն ունենամ բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ Դա իմ արժանիքը չէ։ Դրա համար Եհովային եմ շնորհակալ, քանի որ նրա Խոսքը և ոգին ի զորու են մարդուն վերափոխել (Գաղատացիներ 5։22, 23; Եբրայեցիներ 4։12)։
Թմրադեղերի, բռնության և անբարո ցանկությունների գերին լինելու փոխարեն՝ այժմ ես ձգտում եմ հաճելի լինել Եհովային և տալ նրան իմ լավագույնը՝ նաև օգնելով ուրիշներին ճանաչելու նրան։ Մկրտվելուց մի քանի տարի անց ես տեղափոխվեցի մի հեռավոր երկիր, որպեսզի օգնեմ քարոզելու այն վայրերում, որտեղ քարոզիչների կարիքը մեծ էր։ Այս տարիների ընթացքում ես ուրախություն եմ ստացել՝ սովորեցնելով շատ մարդկանց և տեսնելով, թե ինչպես է Աստվածաշունչը նրանց կյանքն էլ փոխում։ Ուրախ եմ, որ մայրս էլ դարձավ Եհովայի վկա, մասամբ այն բանի շնորհիվ, որ դրական փոփոխություններ տեսավ իմ վերաբերմունքի և վարքի մեջ։
1999-ին Սալվադորում ավարտեցի Թագավորության քարոզիչների դպրոցը, որն այժմ այդպես է կոչվում։ Այդ դպրոցը սովորեցրեց ինձ ավետարանելու գործում առաջնորդություն ստանձնել, ինչպես նաև կրթել և հովվել ժողովը։ Այդ տարի՝ ավելի ուշ, ես ամուսնացա մի հրաշալի կնոջ՝ Եվգենիայի հետ։ Այժմ մենք լիաժամ ծառայում ենք Գվատեմալայում։
Այսօր, կյանքից հիասթափված լինելու փոխարեն, ես անսահման երջանիկ եմ։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու շնորհիվ ազատվել եմ անբարո և դաժան վարքից, ու կյանքս լի է սիրով ու խաղաղությամբ։
a Եհովայի վկաներն այժմ հիմնականում օգտվում են «Վայելիր կյանքը հավիտյան» ուսուցողական ձեռնարկից։