Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Ես բռնկվող բնավորություն ունեի»

«Ես բռնկվող բնավորություն ունեի»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1975

  • Երկիրը՝ Մեքսիկա

  • Նախկինում՝ դյուրաբորբոք անձնավորություն, հանցագործ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Մեքսիկայի Չիապաս նահանգի Սան Խուան Չանկալաիտո փոքր քաղաքում։ Իմ ընտանիքը մայա ցեղախմբին պատկանող չոլ ժողովրդից է։ Մենք 12 երեխա էինք։ Ես հինգերորդն էի։ Երբ փոքր էի, ես, եղբայրներս և քույրերս Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում։ Ցավոք, պատանեկության տարիներին չկիրառեցի աստվածաշնչյան խորհուրդները։

 13 տարեկանում թմրադեղեր էի օգտագործում և գողությամբ էի զբաղվում։ Այդ տարիքում հեռացա տնից և սկսեցի թափառել մի տեղից մյուսը։ 16 տարեկանում սկսեցի աշխատել մարիխուանայի պլանտացիայում։ Մոտ մեկ տարի էր, ինչ աշխատում էի, և մի գիշեր, երբ նավով մեծ քանակությամբ մարիխուանա էինք տեղափոխում, մեզ վրա հարձակվեցին լավ զինված մեր մրցակիցները, որոնք նարկոկարտելի անդամներ էին։ Ես կարողացա խույս տալ նրանց արձակած կրակահերթից, քանի որ նետվեցի գետը և հոսանքն ի վար լողալով՝ հեռու մի տեղ ափ դուրս եկա։ Դրանից հետո փախա Միացյալ Նահանգներ։

 Նահանգներում շարունակեցի թմրադեղերի ապօրինի վաճառքով զբաղվել և ավելի մեծ անախորժությունների մեջ ընկա։ 19 տարեկանում ինձ ձերբակալեցին ու դատապարտեցին կողոպուտի և մահափորձ կատարելու մեղադրանքով։ Կալանավայրում մի հանցախմբի անդամ դարձա ու նորից շարունակեցի բռնարարքներ գործել։ Արդյունքում՝ իշխանությունները տեղափոխեցին ինձ Փենսիլվանիայի Լյուիսբուրգ բնակավայրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ։

 Լյուիսբուրգի կալանավայրում ես ավելի վատ բաներ սկսեցի անել։ Քանի որ արդեն հանցախմբի դաջվածքներ ունեի, այս կալանավայրում հեշտությամբ միացա այդ նույն հանցախմբին։ Դարձա ավելի դաժան, մի կռվից մյուսի մեջ էի ներքաշվում։ Մի անգամ կալանավայրի բակում հանցախմբի ծեծկռտուքի մեջ ընկա։ Մենք կատաղորեն հարվածում էինք իրար բեյսբոլի մահակներով և մարզաքարերով։ Կռիվը դադարեցնելու համար հսկիչները արցունքաբեր գազ կիրառեցին։ Դրանից հետո կալանավայրի ղեկավարությունը ինձ ուղարկեց վտանգավոր բանտարկյալների համար նախատեսված հատուկ հսկողության հիմնարկ։ Ես բռնկվող բնավորություն ունեի և հայհոյող էի։ Ինձ համար այնքան հեշտ էր մարդ ծեծելը, նույնիսկ հաճելի էր։ Խղճի խայթ անգամ չէի զգում իմ արածների համար։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Հատուկ հսկողության հիմնարկում օրվա մեծ մասը իմ խցում էի անցկացնում, ուստի ինչ-որ բանով զբաղվելու համար սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Մի օր հսկիչներից մեկը ինձ տվեց «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը a։ Երբ կարդացի Աստվածաշունչ ուսումնասիրելու այդ ձեռնարկը, հիշեցի այն բաները, որ սովորել էի փոքր հասակում, երբ Վկաների օգնությամբ Աստվածաշունչ էի ուսումնասիրում։ Դրանից հետո սկսեցի մտածել, թե ինչ թշվառ վիճակի եմ հասել դաժան վարքիս պատճառով։ Նաև սկսեցի մտածել ընտանիքիս մասին։ Քանի որ երկու քույրերս Եհովայի վկա էին դարձել, գլխիցս դուրս չէր գալիս այն միտքը, որ նրանք հավիտյան են ապրելու։ Ինքս ինձ հարցրի. «Ինչո՞ւ ես էլ չեմ կարող ապրել հավիտյան»։ Հենց այդ ժամանակ էր, որ վճռեցի փոխել կյանքս։

 Սակայն ես գիտեի, որ դրա համար ինձ օգնություն է հարկավոր։ Ուստի աղոթեցի Եհովա Աստծուն և աղերսեցի նրան, որ օգնի ինձ։ Հետո նամակ գրեցի Եհովայի վկաների՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղ և խնդրեցի, որ ինչ-որ մեկը ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։ Մասնաճյուղը հոգ տարավ, որ մոտակա ժողովներից մեկը կապ հաստատի ինձ հետ։ Այդ ժամանակ թույլ չէր տրվում, որ իմ ընտանիքի անդամ չհանդիսացող մարդիկ այցելեն ինձ, ուստի այդ ժողովից մի Վկա սկսեց էլեկտրոնային քաջալերական նամակներ գրել և աստվածաշնչյան գրականություն ուղարկել ինձ։ Դա իմ մեջ ուժգնացրեց փոփոխություններ անելու ցանկությունը։

 Մի կարևոր քայլ էլ արեցի. որոշում կայացրի կապերս խզել այն հանցախմբի հետ, որի անդամն էի տարիներ շարունակ։ Հանցախմբի ղեկավարը նույնպես հատուկ հսկողության հիմնարկում էր, ուստի զբոսանքի ժամին մոտեցա նրան ու ասացի, որ ուզում եմ Եհովայի վկա դառնալ։ Որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ նա պատասխանեց. «Եթե հաստատ որոշել ես, դարձիր։ Ես չեմ կարող կանգնել քո և Աստծու միջև։ Բայց եթե պարզապես ցանկանում ես հեռանալ հանցախմբից, գիտես, թե ինչ հետևանքներ կլինեն»։

 Հաջորդ երկու տարիների ընթացքում կալանավայրի անձնակազմը նկատեց իմ արած փոփոխությունները։ Արդյունքում՝ ինձ ավելի լավ սկսեցին վերաբերվել։ Օրինակ՝ հսկիչները այլևս ձեռնաշղթաներ չէին կապում ձեռքերիս, երբ ինձ իմ խցից ուղեկցում էին լողանալու։ Անգամ նրանցից մեկը մոտեցավ և հորդորեց ինձ չդադարել փոփոխություններ անելուց։ Ազատազրկման մեջ գտնվելու իմ վերջին տարում ղեկավարությունը նույնիսկ տեղափոխեց ինձ գլխավոր կալանավայրին կից ավելի քիչ հսկողության տակ եղող աշխատանքային գաղութ։ 2004թ.-ին՝ տասը տարվա ազատազրկումից հետո, ինձ ազատ արձակեցին և արտաքսեցին երկրից՝ կալանավայրի տրամադրած ավտոբուսով ուղարկելով Մեքսիկա։

 Մեքսիկա հասնելուց կարճ ժամանակ անց գտա Եհովայի վկաների Թագավորության սրահը։ Առաջին անգամ ժողովի հանդիպման գնացի կալանավորի հագուստով. դա իմ ունեցած միակ պատշաճ հագուստն էր։ Չնայած իմ արտաքին տեսքին՝ Վկաները ջերմորեն ողջունեցին ինձ։ Երբ տեսա, թե որքան բարի են նրանք, հասկացա, որ ճշմարիտ քրիստոնյաների մեջ եմ գտնվում (Հովհաննես 13։35)։ Ժողովի այդ հանդիպմանը երեցները հոգ տարան, որ ինձ հետ պաշտոնապես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվի։ Մեկ տարի անց՝ 2005թ. սեպտեմբերի 3-ին, ես մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

 2007թ. հունվարին լիաժամ ծառայություն սկսեցի՝ ամեն ամիս 70 ժամ հատկացնելով մարդկանց Աստվածաշնչի մասին սովորեցնելուն։ 2011թ.-ին ավարտեցի Ամուրի եղբայրների դպրոցը (այժմ կոչվում է Թագավորության քարոզիչների դպրոց)։ Այս դպրոցը մեծապես օգնեց ինձ կատարելու ժողովում ունեցած իմ պատասխանատվությունները։

Այժմ ուրախությամբ ուրիշներին սովորեցնում եմ խաղաղարար լինել

 2013թ.-ին ամուսնացա Փիլարի հետ, որին շատ սիրում եմ։ Նա հումորով ասում է, որ դժվարությամբ է հավատում այն ամենին, ինչ պատմում եմ իմ անցյալի մասին։ Ոչ մի անգամ հետ չեմ դարձել իմ նախկին ընթացքին։ Ես ու կինս համոզված ենք, որ այն, թե ինչպիսի անձնավորություն եմ ես այսօր, փաստում է, որ Աստվածաշունչը մարդուն վերափոխելու զորություն ունի (Հռոմեացիներ 12։2

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ես զգում եմ, որ Ղուկաս 19։10-ում գրված Հիսուսի խոսքերը ինձ են վերաբերում։ Նա ասում է. «[Ես] եկա կորածին փնտրելու և փրկելու»։ Այլևս ինձ կորած մարդ չեմ համարում։ Ոչ էլ իմ շրջապատի մարդկանց ցավ եմ պատճառում։ Աստվածաշնչի շնորհիվ ես վեհ նպատակ ունեմ կյանքում, նաև ուրիշների հետ խաղաղ հարաբերություններ եմ վայելում և, որ ամենակարևորն է, լավ փոխհարաբերություն ունեմ իմ Արարչի՝ Եհովայի հետ։

[ԾԱՆՈԹԱԳՐՈԹՅՈՒՆ]

a Այս գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, բայց այժմ չի տպագրվում։ Ներկայումս Աստվածաշնչի ուսումնասիրության մեր գլխավոր ձեռնարկն է «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։