Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Իմ կյանքի լավագույն մրցանակը

Իմ կյանքի լավագույն մրցանակը
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1967

  • ԵՐԿԻՐԸ՝ ՖԻՆԼԱՆԴԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԵՆԻՍԻՍՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Մեծացել եմ Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի խաղաղ ու կանաչապատ արվարձանում։ Իմ ընտանիքը այդքան էլ կրոնասեր չէր, բայց կարևորում էր կրթությունը և լավ վարվեցողությունը։ Մայրս գերմանուհի է, ու երբ փոքր էի, երբեմն ժամանակ էի անցկացնում Գերմանիայի արևմուտքում, որտեղ ապրում էին պապիկս ու տատիկս։

 Մանկությունից սիրել եմ սպորտը։ Փոքր տարիքում զբաղվում էի տարբեր սպորտաձևերով, բայց մոտ 14 տարեկանում ընտրեցի թենիսը։ Արդեն 16 տարեկանում մարզվում էի օրը երկու-երեք անգամ. ցերեկը երկու մասնագիտական դասընթացներ էի անցնում, իսկ երեկոները ինքնուրույն էի մարզվում։ Ինձ հրապուրում էին խաղի տարբեր կողմերը։ Թենիս խաղալը թե՛ մտային, թե՛ ֆիզիկական առումներով ինքս ինձ մարտահրավեր նետելու միջոց էր։ Թեև սիրում էի շփվել ընկերներիս հետ ու երբեմն գարեջուր խմել, սակայն թմրանյութ չէի օգտագործում և չէի չարաշահում ալկոհոլը, ուստի դրանց պատճառով անախորժությունների մեջ երբեք չեմ ընկել։ Իմ կյանքը պտտվում էր թենիսի շուրջ. այն ինձ համար առաջնահերթ էր։

 17 տարեկանում մասնակցեցի ՊԹԱ-ի a առաջնությանը։ Մի շարք մրցումներում հաղթանակ տանելուց հետո ժողովրդական ճանաչում ստացա։ 22 տարեկանում ես աշխարհի լավագույն թենիսիստների հիսնյակում էի ընդգրկված։

 Տարիներ շարունակ շրջագայել եմ աշխարհով մեկ՝ պրոֆեսիոնալ թենիս խաղալով։ Տեսել եմ հիասքանչ վայրեր, բայց նաև անտեղյակ չեմ մնացել գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ հանցագործությանը, թմրամոլությանը և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում մեզ զգուշացրին, որ որոշ քաղաքներում կան թաղամասեր, որոնցից պետք է խուսափենք, քանի որ այնտեղ հանցագործության թիվը մեծ է։ Այդ ամենը մտահոգում էր ինձ։ Բացի այդ, նույնիսկ երբ իմ սիրած բանով էի զբաղվում, օրվա վերջում դատարկություն էի զգում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Ընկերուհիս՝ Սաննան, Եհովայի վկաների օգնությամբ սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ինձ համար փոքր-ինչ ծիծաղելի էր տեսնել, որ նա հետաքրքրվում է կրոնով, բայց ես դեմ չէի, որ նա Աստվածաշունչ ուսումնասիրեր։ 1990 թ.-ին մենք ամուսնացանք, իսկ հաջորդ տարի Սաննան մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Ես կրոնասեր մարդ չէի համարում ինձ, չնայած հավատում էի Աստծու գոյությանը։ Հիշեցի, որ Գերմանիայում ապրող տատիկս շատ էր կարդում Աստվածաշունչը և նույնիսկ սովորեցրել էլ ինձ, թե ինչպես աղոթել։

 Մի օր, երբ ես ու Սաննան այցելեցինք մի Վկա ամուսնական զույգի, ամուսինը՝ Կարին, Աստվածաշնչում ցույց տվեց ինձ «վերջին օրերի» վերաբերյալ մի մարգարեություն (2 Տիմոթեոս 3։1–5)։ Այն շատ տպավորեց ինձ, քանի որ հասկացա, թե ինչու է աշխարհը այսքան վատ վիճակում։ Այդ օրը մենք շատ չխոսեցինք կրոնի մասին։ Սակայն դրանից հետո ես ու Կարին սկսեցինք զրույցներ ունենալ Աստվածաշնչի վերաբերյալ, և այն, ինչ իմանում էի, խելամիտ էր թվում ինձ։ Իմ զբաղվածության և հաճախակի ճանապարհորդելու պատճառով չէինք կարողանում կանոնավորաբար հանդիպել, բայց Կարին չէր հանձնվում։ Նա նամակով պատասխանում էր իմ հարցերին, որ տալիս էի մեր ուսումնասիրության ժամանակ։ Կյանքի վերաբերյալ բոլոր խոր հարցերին նա տրամաբանական պատասխաններ էր տալիս Աստվածաշնչից, և աստիճանաբար ես հասկացա, թե որն է այդ գրքի հիմնական թեման՝ այն, որ Աստծու Թագավորությունը լիովին կիրագործի Աստծու նպատակը։ Իմանալով Աստծու անունը՝ Եհովա, և այն, թե ինչ է նա արել մեզ համար, շատ տպավորվեցի (Սաղմոս 83։18)։ Բայց ամենից շատ ցնցվեցի, երբ իմացա, որ նա քավիչ զոհ է տվել. դա պարզապես տեխնիկական լուծում կամ իրավաբանական ձևականություն չէր, դա Աստծու սիրո արտահայտումն էր (Հովհաննես 3։16)։ Նաև հասկացա, որ հնարավորություն ունեմ դառնալու Աստծու ընկերը և ապրելու խաղաղ հավիտենական կյանքով դրախտում (Հակոբոս 4։8)։ Ինքս ինձ հարցնում էի. «Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ իմ երախտագիտությունը»։

 Ես շատ էի մտածում իմ ապրելակերպի մասին։ Աստվածաշնչից սովորում էի, որ մեծագույն երջանկությունը գալիս է տալուց, և մեծ ցանկություն ունեի ուրիշներին պատմելու իմ համոզմունքների մասին (Գործեր 20։35)։ Լինելով պրոֆեսիոնալ մարզիկ՝ տարվա մեջ մոտ 200 օր տնից հեռու էի լինում՝ մասնակցելով մրցումների։ Մեր ընտանիքի ողջ կյանքը իմ շուրջ էր պտտվում՝ իմ մարզումների, կենսակերպի, կարիերայի։ Հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ։

 Գիտեի, որ կրոնական պատճառներով խոստումնալից սպորտային կարիերայից հրաժարվելը մի որոշում էր լինելու, որը շատերը չէին հասկանա։ Բայց Եհովային ավելի լավ ճանաչելու և հավիտենական կյանք ունենալու հեռանկարը շատ ավելի արժեքավոր էր, քան ցանկացած մրցանակ, որ երբևէ կարող էի ստանալ՝ թենիս խաղալով, ուստի հետագա քայլերս որոշելը բավականին հեշտ եղավ։ Վճռեցի ուշադրություն չդարձնել այն խոսքերին, որ գուցե ասեին ուրիշները. դա իմ որոշումն էր։ Սաղմոս 118:6-ը ուժ տվեց ինձ դիմադրելու այդպիսի ճնշումներին. «Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»։

 Գրեթե այդ ժամանակ էր, որ որոշ հովանավորներ շահավետ առաջարկ արեցին, որը հնարավորություն կտար ինձ երկար տարիներ պրոֆեսիոնալ թենիս խաղալու՝ անհոգ կյանքով ապրելով։ Սակայն որոշումը կայացված էր. ես մերժեցի նրանց առաջարկը և ի վերջո դադարեցի ՊԹԱ-ի առաջնությանը մասնակցելուց։ Շարունակեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և 1994 թ. հուլիսի 2-ին մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ինձ որևէ դժբախտություն չէր պատահել, որ սկսեցի մտածել Աստծու մասին։ Եվ ոչ էլ այնպիսի մարդ էի, ով փնտրում էր ճշմարտությունը։ Մտածում էի, որ կյանքս միանգամայն հաջողվել է, և ավելին չէի կարող ցանկանալ։ Սակայն աստվածաշնչյան ճշմարտությունը կարծես ինձ էր սպասում. անսպասելիորեն բացահայտեցի, որ կյանքը ավելի խոր իմաստ ունի։ Կյանքս շատ ավելի լավը դարձավ, քան կարող էի պատկերացնել։ Իմ ընտանիքը այժմ ավելի ամուր է և առավել քան երբևէ միասնական։ Եվ ես շատ ուրախ եմ, որ երեք որդիներս իմ հետքերով են գնում՝ ոչ թե մարզիկի, այլ քրիստոնյայի։

 Մինչև հիմա սիրում եմ թենիս խաղալ։ Տարիներ շարունակ ապրուստս վաստակում եմ՝ թենիսի հետ կապված տարբեր աշխատանքներ անելով, օրինակ՝ որպես մարզիչ և թենիսի կենտրոնի մենեջեր աշխատելով։ Բայց իմ կյանքում սպորտն այլևս առաջնային չէ։ Նախկինում ամեն շաբաթ ժամեր շարունակ մարզվում էի, որպեսզի դառնայի ավելի լավ թենիսիստ և չեմպիոն։ Այժմ, լինելով լիաժամ ավետարանիչ, ուրախությամբ ժամանակս հատկացնում եմ, որպեսզի ուրիշներին օգնեմ սովորել կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, որոնք փոխեցին իմ կյանքը։ Ես մեծ ուրախություն եմ ստանում՝ Եհովա Աստծու հետ իմ ունեցած փոխհարաբերությունները առաջին տեղում դնելով և ուրիշներին լուսավոր ապագայի վերաբերյալ իմ հույսի մասին պատմելով (1 Տիմոթեոս 6։19

a Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա։ Այն տղամարդկանց պրոֆեսիոնալ թենիսի մրցաշարի ղեկավար մարմինն է։ ՊԹԱ-ի առաջնությունն ընդգրկում է հաղթողներին տրվող միավորներով և դրամական պարգևատրումներով մի քանի պրոֆեսիոնալ մրցումներ։ Մրցումներում հավաքած ընդհանուր միավորներով որոշվում է խաղացողի համաշխարհային վարկանիշը։