Հիվանդությունը չկոտրեց նրան
Վիրջինիան Եհովայի վկա է։ Նա տառապում է մի հիվանդությամբ, որի պատճառով իր ողջ մարմինը կաթվածահար է եղել (pseudocoma)։ Նա տեսնում ու լսում է, կարողանում է բացել ու փակել աչքերը և մի քիչ շարժել գլուխը, սակայն ո՛չ խոսել է կարողանում, ո՛չ ուտել։ Անցյալում Վիրջինիան շատ առողջ ու առույգ է եղել։ Սակայն 1997 թ.-ին մի առավոտ նա սուր ցավ զգաց գլխի հետևում։ Ամուսինը նրան տարավ հիվանդանոց, և այդ երեկո նա կոմայի մեջ հայտնվեց։ Վիրջինիան արթնացավ միայն երկու շաբաթ անց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ կաթվածահար եղած։ Նրան միացված էր արհեստական շնչառության սարք։ Մի քանի օր նա ոչինչ չէր հիշում, նույնիսկ չէր հիշում, թե ով է։
Վիրջինիան պատմում է, թե ինչ եղավ դրանից հետո։ «Աստիճանաբար հիշողությունս վերականգնվեց։ Ես անդադար աղոթում էի։ Չէի ուզում մահանալ և իննամյա որդուս առանց մայր թողնել։ Քաջության համար փորձում էի հնարավորինս շատ աստվածաշնչյան համարներ հիշել։
Ի վերջո բժիշկներն ինձ դուրս գրեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունքից։ Վեց ամիս տարբեր հիվանդանոցներում ու վերականգնողական կենտրոնում անցկացնելուց հետո ինձ տուն ուղարկեցին։ Մարմինս ամբողջովին կաթվածահար էր եղել, և ես ամեն ինչում օգնության կարիք ունեի։ Լրիվ թևաթափ էի եղել։ Ինձ անպիտան էի զգում թե՛ ուրիշների, թե՛ Եհովայի համար։ Նաև անհանգստանում էի որդուս խնամքի մասին։
Սկսեցի կարդալ այն Եհովայի Վկաների մասին, ովքեր նույն հիվանդությունն ունեին: Ապշել էի, թե նրանք որքան բան էին կարողանում անել Եհովայի համար։ Դա ինձ օգնեց, որ դրական մտածելակերպ զարգացնեմ՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչ կարող եմ անել։ Նախքան հիվանդանալը ես քիչ ժամանակ ունեի հոգևոր գործերի համար։ Հիմա ողջ օրը ազատ էի լինելու։ Հուսահատվելու փոխարեն՝ ես կենտրոնացրի ուժերս, որ նվիրված մնամ Եհովային։
Սովորեցի համակարգչից օգտվել։ Մի ծրագրի օգնությամբ եմ տպում, որն արձագանքում է իմ գլխի շարժումներին։ Դա հոգնեցուցիչ է, սակայն այդպես կարողանում եմ ուսումնասիրել Աստվածաշունչը և իմ հույսի մասին պատմել ուրիշներին նամակների ու էլեկտրոնային փոստի միջոցով։ Մարդկանց հետ հաղորդակցվելու համար ես մի հարմարանք ունեմ, որի վրա գրված են այբուբենի տառերը։ Երբ ինչ-որ բան եմ ուզում ասել, զրուցակիցս հերթով ցույց է տալիս տառերը։ Սխալ տառի դեպքում աչքերս լայն բացում եմ, ճիշտ տառի դեպքում աչքերս փակում եմ։ Այդ պրոցեսն այնքան ենք կրկնում, մինչև բառեր ու նախադասություններ կազմեմ։ Որոշ քույրեր, ովքեր շատ ժամանակ են անցկացրել ինձ հետ, արդեն մասնագիտացել են ու միանգամից կռահում են՝ ինչ եմ ուզում ասել։ Երբ ինչ-որ բառ սխալ են հասկանում, հումորով ենք վերաբերվում։
Ես մեծ հաճույքով եմ մասնակցում ժողովներին և մնացած հանդիպումներին։ Միշտ միանում եմ ժողովի հանդիպումներին, հիմա արդեն՝ տեսակապի միջոցով։ Մեկնաբանություններս տպում եմ, և հարց ու պատասխանով քննարկումների ժամանակ ինչ-որ մեկը կարդում է դրանք։ Ես նաև միանում եմ մեր քարոզչական խմբին, որ դիտեմ «JW հեռարձակման» ամսական թողարկումները։ a
Արդեն 23 տարի է՝ այս հիվանդության հետ եմ ապրում։ Երբեմն տխրում եմ, սակայն այդ պահերը հաղթահարում եմ՝ աղոթելով, եղբայրների հետ շփվելով և հոգևորապես ակտիվ մնալով։ Ժողովի օգնությամբ ես նույնիսկ կարողացել եմ 6 տարի որպես ենթառահվիրա ծառայել։ Միշտ փորձել եմ լավ օրինակ լինել որդուս՝ Ալեսանդրոյի համար։ Հիմա նա ամուսնացած է և ժողովում որպես երեց է ծառայում։ Նա և իր կինը ռահվիրաներ են։
Հաճախ խորհրդածում եմ, թե ինչով եմ զբաղվելու դրախտում։ Առաջին բանը, որ ուզում եմ անել, իմ ձայնով Եհովայի մասին խոսելն է։ Ուզում եմ առվակի ափով քայլել և հիանալ գեղեցիկ բնությամբ։ Վերջին քսան տարիներին ես միայն հեղուկով եմ սնվել, այն էլ՝ խողովակի օգնությամբ։ Չեմ համբերում, թե երբ եմ ծառից խնձոր քաղելու ու կծելով ուտելու։ Եվ, իհարկե, լինելով իտալացի, ես երազում եմ, թե երբ է գալու այն ժամանակը, որ իմ սիրած իտալական ուտելիքները, օրինակ՝ պիցցա պատրաստեմ ու ուտեմ»։
Այս ամբողջ ընթացքում «փրկության հույսը» պաշտպանել է միտքս (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Ինձ նոր աշխարհում տեսնելը ուրախություն է տալիս՝ չնայած իմ ֆիզիկական սահմանափակումներին, որոնցից համոզված եմ՝ շուտով կձերբազատվեմ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վայելելու «իսկական կյանքը», որը Եհովան խոստացել է մեզ տալ իր Թագավորության միջոցով (1 Տիմոթեոս 6։19; Մատթեոս 6։9, 10)։
a «JW հեռարձակման» հղումը կարող եք գտնել jw.org կայքում։