Աղոթքներ՝ կաղնու վրայից
Ռեյչելը, ով այժմ ապրում է Դոմինիկյան Հանրապետությունում, պատմում է. «Ծնվել եմ Եհովային ծառայող ընտանիքում։ Ցավոք, երբ 7 տարեկան էի, հայրս զրկվեց ընկերակցությունից և սկսեց ուժգին հակառակվել ճշմարտությանը։ Նա ամեն ինչ անում էր, որ ինձ համար դժվար լինի երկրպագել Եհովային։ Օրինակ՝ փորձում էր համոզել, որ դադարեմ ծառայել Եհովային՝ փոխարենը առաջարկելով հեռախոս, ուղևորություն դեպի Դիսնեյլենդ և նույնիսկ վարկային քարտ։ Երբեմն անգամ փորձում էր բռունցքներով բաժանել ինձ Եհովայից։ Ասում էր, որ եթե ի վիճակի չլինեմ խոսել կամ քայլել, չեմ էլ կարողանա ժողովների գնալ։ Բայց դա չէր կանգնեցնում ինձ։ Միշտ վճռական էի հանդիպումների գնալու հարցում։
Հայրս երբեք մորս ներկայությամբ չէր ծեծում ինձ։ Նա սպառնում էր, որ եթե պատմեմ մորս, կվնասի նրան։ Իսկ իր բռնի արարքները թաքցնելու համար ասում էր, թե կապտուկներս առաջացել են մարտարվեստի պարապմունքների պատճառով, որոնց հաճախում էի նրա պարտադրանքով։
Ես շատ փոքր էի ու հորիցս սարսափում էի, դրա համար մորս ոչինչ չէի պատմում։ Սիրտս Եհովայի առաջ էի դատարկում։ Մեր տունը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում էր։ Դրա ետնամասում անտառ էր։ Ժամերով զբոսնում էի այնտեղ։ Մի հսկա կաղնի կար, որի վրա հաճախ էի մագլցում։ Նստում էի մի հարմար ճյուղի վրա ու զրուցում Եհովայի հետ։ Աղոթում էի ու պատմում ապրումներիս մասին, ասում, թե ինչ եմ անելու նրա համար, երբ մեծանամ... միայն թե օգներ ինձ, որ վերապրեմ ու հասնեմ այդ ժամանակներին։ Նաև պատմում էի Եհովային, թե ինչ եմ անելու նոր աշխարհում, ինչ ընտանիք եմ ունենալու և ինչ ուրախություն ու խաղաղություն եմ վայելելու, երբ ցավեր ու վախեր այլևս չլինեն։
Երբ հայրս փորձում էր սիրտս շահելու կամ բռնության միջոցով հեռացնել ինձ Աստծուց, միշտ զգում էի Եհովայի ձեռքը, նրա տված մխիթարությունն ու զորությունը։ Աստված օգնեց, որ նվիրված ու ամուր մնամ։
Մկրտվեցի 10 տարեկանում, և 2 տարի անց ռահվիրայություն սկսեցի։ Սկզբում հայրս ոչինչ չգիտեր։ Երբ իմացավ, բռունցքներին ազատություն տվեց և ծնոտս տեղից դուրս գցեց։
Ոմանք ասում էին, որ շատ փոքր եմ ռահվիրա լինելու համար, ու անհանգստանում էին, որ չեմ հասկանում որոշմանս լրջությունը։ Ժամանակի ընթացում տեսա, թե մեր տարածքի բազմաթիվ Վկա պատանիներ ինչպես են հոգևորը երկրորդ պլան մղում։ Նրանց ուշքն ու միտքը խնջույքներն ու զվարճանքներն էին։ Այդ ապրելակերպը շատ գայթակղիչ էր։ Երբեմն ուզում էի նմանվել նրանց։ Մտածում էի. «Իսկ եթե թողնե՞մ քարոզելը ու հասակակիցներիս պես ուղղակի զվարճանա՞մ»։ Հենց նման զգացումներ էի ունենում, խոսում էի Եհովայի հետ։
Երբ մոտ 15 տարեկան էի, ինձ հետ կապ հաստատեց մի հեղինակավոր մոդելային գործակալություն։ Առաջարկեցին մի գերշահավետ պայմանագիր կնքել Իտալիայի Միլան քաղաքում գտնվող իրենց գրասենյակի հետ։ Սիրտս շոյվում էր այն մտքից, որ կարող եմ մոդել դառնալ, հայտնվել ամսագրերի շապիկներին, թանկարժեք զգեստներ կրել և քայլել նորաձևության պոդիումներով։ Գրեթե երեք տարի էր, ինչ ռահվիրա էի։ Մտածում էի. «Այս աշխատանքի շնորհիվ ֆինանսապես ապահովված կլինեմ և կկարողանամ երկար ժամանակ շարունակել ռահվիրայությունս»։ Հայրս լքել էր մեզ, դրա համար մտածում էի, որ այդ գումարը կօգնի մորս փակել մեր ծախսերը։
Աղոթեցի այդ մասին։ Խոսեցի մորս հետ, ով տարիներ շարունակ ռահվիրա էր ծառայում։ Նաև խորհրդակցեցի մի սիրված ու հարգված երեցի հետ։ Ու ինչպես միշտ, բարձրացա իմ ծառը ու նորից աղոթեցի։ Եհովան պատասխանեց իմ աղոթքներին մի աստվածաշնչյան համարի միջոցով, որի վրա ուշադրությունս հրավիրել էր այդ երեցը։ Դա Ժողովող 5։4-ն էր. «Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն.... Ինչ որ երդվել ես, կատարիր»։ Ես երդվել էի լիարժեք կերպով ծառայել Եհովային։ Վախենում էի, որ այդ առաջարկը կվնասի իմ հոգևոր վիճակը։ Ուստի որոշեցի հրաժարվել։
Չնայած մտավախություններիս՝ վերապրեցի մանկության տարիները։ Հիմա երջանիկ կյանք եմ վայելում ամուսնուս՝ Հեյսերի և մեր որդի Կոնորի հետ, ով 9 տարեկան է։ Հեյսերը երեց է, իսկ Կոնորը՝ չմկրտված քարոզիչ։ Գրեթե 27 տարի է՝ լիաժամ ծառայության մեջ եմ։
Հաճախ եմ հիշում այն երկար զրույցները, որ ունենում էի Եհովայի հետ մեր տան հետևի անտառում՝ կաղնու ծառին նստած։ Աղաչում էի Եհովային, որ օգնի ինձ, ու նա այնքան հրաշքներ գործեց ինձ համար՝ զորացրեց, մխիթարեց, առաջնորդեց։ Ողջ կյանքիս ընթացքում Եհովան կրկին ու կրկին փաստել է, որ հիասքանչ հայր է ինձ համար։ Ուրախ եմ, որ որոշեցի ամբողջ սրտով ծառայել նրան։ Դա իմ կյանքի ամենաիմաստուն որոշումն էր»։