Անցնել բովանդակությանը

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Բուլղարիա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Բուլղարիա

 Բուլղարիայի Եհովայի վկաները զբաղված են Աստծու և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի մասին ճշմարտությունը սովորեցնելու գործով։ 2000 թ.-ից սկսած՝ նրանց աջակցելու նպատակով տարբեր երկրներից հարյուրավոր Վկաներ են տեղափոխվել Բուլղարիա։ Իսկ ի՞նչ դժվարությունների են նրանք բախվում։ Արդյո՞ք արժեր այդպիսի քայլ անել։ Բուլղարիա տեղափոխված որոշ քարոզիչներ կպատասխանեն այս հարցերին։

Նպատակ են դնում

 Դերենը, ով ապրում էր Անգլիայում, ասում է. «Մենք միշտ նպատակ ենք ունեցել ծառայել այնպիսի երկրում, որտեղ կարիքը մեծ է։ Դոնի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք Լոնդոն, որպեսզի օգնենք ռուսախոս դաշտին։ Մի քանի անգամ պլանավորել ենք տեղափոխվել, սակայն տարբեր պատճառներով չի ստացվել։ Արդեն մտածում էինք, որ էլ չենք կարողանա տեղափոխվել, սակայն մեր ընկերներից մեկի օգնությամբ հասկացանք, որ մեր հանգամանքները փոխվել են, և արդեն կարող ենք մեր նպատակը իրագործել»։ Դերենն ու Դոնը սկսեցին հետաքրքրվել, թե որ երկրում քարոզիչների կարիք կա, որպեսզի տեղափոխվեն։ 2011 թ.-ին նրանք գնացին Բուլղարիա։

Դերեն և Դոն

 Այլ երկրներ տեղափոխված մարդկանց քաջալերական օրինակները շատերին են մղել նույն կերպ վարվել, նույնիսկ նրանց, ովքեր այդպիսի նպատակ չեն ունեցել։ Ժադան, ով իր ամուսնու՝ Լուկայի հետ ապրում էր Իտալիայում, ասում է. «Ես հանդիպեցի եռանդուն Վկաների, որոնք ուրախությամբ ծառայում էին Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում։ Նրանց ուրախությունը և պատմած դեպքերը ինձ շատ տպավորեցին։ Որոշեցի փոխել հոգևոր նպատակներս»։

Լուկա և Ժադա

 Տոմաշն ու Վերոնիկան իրենց երեխաների՝ Կլարայի և Մաթիասի հետ 2015 թ.-ին Չեխիայից տեղափոխվեցին Բուլղարիա։ Իսկ ի՞նչը մղեց նրանց անելու այդ քայլը։ Տոմաշն ասում է. «Մենք խորհրդածեցինք այլ երկիր տեղափոխված մարդկանց, այդ թվում‵ մեր բարեկամների օրինակի շուրջ։ Նրանք շատ ուրախ էին, ու դա մեզ շատ էր տպավորել»։ Այս ընտանիքն այժմ ծառայում է Բուլղարիայի Մոնտանա քաղաքում։

Կլարա, Տոմաշ, Վերոնիկա և Մաթիաս

 Լինդան նույնպես տեղափոխվել է Բուլղարիա։ Նա ասում է. «Տարիներ առաջ Էկվադոր էի գնացել ու այնտեղ հանդիպել էի այլ երկրներից տեղափոխված քարոզիչների։ Մտածեցի, որ մի օր գուցե ես էլ տեղափոխվեմ այնպիսի երկիր, որտեղ քարոզիչների կարիք կա»։ Փիթերին և Նադյան, որոնք Ֆինլանդիայից են, նույնպես քաջալերվել են ուրիշների օրինակներից։ Նրանք ասում են. «Մեր ժողովում մի քանի փորձառու քարոզիչներ ունեինք, որոնք ծառայել էին այլ վայրերում։ Նրանք միշտ խանդավառությամբ էին խոսում այդ ծառայության մեջ անցկացրած տարիների մասին։ Նաև նշում էին, որ դրանք իրենց կյանքի լավագույն տարիներն են եղել»։

Լինդա

Նադյա և Փիթերի

Նախապես պլանավորում են

 Նրանց համար, ովքեր ցանկանում են այլ երկիր տեղափոխվել, շատ կարևոր է ամեն ինչ նախապես պլանավորել (Ղուկաս 14:28–30)։ Նիլան հիշում է. «Երբ սկսեցի լրջորեն մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին, աղոթեցի և մեր հրատարակություններից այդ թեմային առնչվող հոդվածներ գտա։ Դրանք ուսումնասիրելուց հետո փորձեցի հասկանալ, թե ինչ փոփոխություններ պետք է անեմ»։

Նիլա (աջ կողմում)

 Քրիստիանը և Իրմինան, որոնք Լեհաստանից են, ավելի քան ինը տարի ապրել են Բուլղարիայում։ Նրանք ասում են, որ իրենց համար շատ օգտակար է եղել նախքան տեղափոխվելը Լեհաստանում բուլղարախոս խումբ հաճախելը։ Այդ խումբը շատ է քաջալերել նրանց, ինչպես նաև օգնել է լեզուն սովորել։ Նրանք ասում են. «Մենք հասկացանք, թե որքան լավ է, երբ պատրաստակամ ենք լինում և թույլ ենք տալիս, որ Եհովան հոգա մեր կարիքները։ Երբ Եհովային ասում ես՝ «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր», այնպիսի բաներ ես կարողանում անել, որ երբեք քո ուժերով հնարավոր չէր լինի իրականացնել» (Եսայիա 6։8

Քրիստիան և Իրմինա

 Ռետոն և Կոռնելիան, որոնք Շվեյցարիայից են, տեղափոխությանը պատրաստվելու և գումար խնայելու համար որոշեցին պարզեցնել իրենց կյանքը։ Նրանք ասում են. «Տեղափոխվելուց մեկ տարի առաջ մի շաբաթով գնացինք Բուլղարիա, որպեսզի հասկանանք, թե ուր ենք պատրաստվում տեղափոխվել։ Այնտեղ զրուցեցինք փորձառու միսիոներների հետ, որոնք մեզ գործնական խորհուրդներ տվեցին»։ Ռետոյին և Կոռնելիային շատ օգնեցին այդ խորհուրդները։ Նրանք ավելի քան 20 տարի է՝ ծառայում են Բուլղարիայում։

Ռետոն և Կոռնելիան իրենց որդիների՝ Լուկայի և Յանիկի հետ

Հաղթահարում են դժվարությունները

 Օտար երկիր տեղափոխված քարոզիչները պետք է հարմարվեն նոր ու գուցե դժվար հանգամանքներին (Գործեր 16։9, 10; 1 Կորնթացիներ 9։19–23)։ Շատերի համար ամենամեծ դժվարությունը նոր լեզու սովորելն է։ «Ժողովի հանդիպումների ժամանակ մենք շատ էինք սիրում մեր բառերով մեկնաբանություններ տալ։ Սակայն ինձ և կնոջս համար շատ դժվար էր բուլղարերենով նույնիսկ պարզ մեկնաբանություններ պատրաստելը։ Մենք մեզ երեխայի պես էինք զգում։ Այդ ժողովի երեխաները մեզնից լավ էին մեկնաբանություններ տալիս»,— ասում է Լուկան, որի մասին նշել էինք վերևում։

 Ռավիլը, որը Գերմանիայից է, ասում է. «Նոր լեզու սովորելը հոգնեցուցիչ է, բայց ես շարունակ ինձ հիշեցնում էի, որ չպետք է շատ կենտրոնանալ սխալների վրա և կորցնել հումորի զգացումը։ Դժվարություններն ինձ համար ոչ թե խնդիր են, այլ Եհովային մատուցվող իմ սուրբ ծառայության մի մասը»։

Ռավիլ և Լիլի

 Լինդան, որի մասին նույնպես նշվել է, ասում է. «Ես դժվարությամբ եմ սովորում նոր լեզուներ։ Բուլղարերենը հեշտ լեզու չէ։ Շատ անգամներ մտածել եմ, որ էլ չեմ կարող սովորել։ Երբ չես կարողանում խոսել մարդկանց հետ ու չես հասկանում նրանց ասածները, քեզ միայնակ ես զգում։ Հոգևորապես ամուր մնալու համար ամեն ինչ շվեդերենով էի կարդում։ Սակայն, ի վերջո, իմ թանկագին հավատակիցների օգնությամբ կարողացա հաղթահարել լեզվական պատնեշը»։

 Մեկ այլ դժվարություն է կարոտը։ Երբ տեղափոխվում ես, բաժանվում ես ընտանիքիդ անդամներից ու հարազատներից։ Եվան, որը Բուլղարիա է տեղափոխվել իր ամուսնու՝ Յանիսի հետ, ասում է. «Սկզբում ինձ միայնակ էի զգում։ Այդ զգացումը հաղթահարելու համար ես կանոնավոր խոսում եմ մեր ընկերների և բարեկամների հետ։ Այս ընթացքում մենք նաև նոր ընկերներ ենք ձեռք բերել»։

Յանիս և Եվա

 Այլ դժվարություններ էլ կան։ Ռոբերտն ու Լիանան, որոնք Բուլղարիա են տեղափոխվել Շվեյցարիայից, ասում են. «Թե՛ լեզուն, թե՛ մշակույթը հասկանալը մեծ դժվարություն էր մեզ համար։ Մենք նաև սովոր չէինք այստեղի ցրտաշունչ ձմեռներին»։ Սակայն դրական տրամադրվածությունն ու հումորի զգացումը օգնել են այս ամուսնական զույգին 14 տարի հավատարմորեն ծառայել Բուլղարիայում։

Ռոբերտ և Լիանա

Օրհնություններ

 Լիլին նույնպես խորհուրդ է տալիս տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Նա ասում է. «Սկսել եմ նորովի ճանաչել Եհովային։ Իմ երկրում գուցե այդպիսի հնարավորություն չլիներ։ Քարոզչական գործում զբաղված լինելը օգնում է, որ աճեմ հոգևորապես. դա ինձ ուրախության ու բավարարվածության զգացում է տալիս»։ Ռավիլը՝ նրա ամուսինը, համաձայնում է. «Սա լավագույն կյանքն է։ Եզակի հնարավորություն ունենք ճանաչելու տարբեր երկրներից եկած եռանդուն քրիստոնյաների, որոնք մեծ փորձ ունեն ճշմարտությունը սովորեցնելու գործում։ Նրանցից շատ բան ենք սովորել»։

 Շատերի պատրաստակամության շնորհիվ «Թագավորության այս բարի լուրը քարոզվում է ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։ Բուլղարիա եկած կամավորները տեսել են, թե Եհովան ինչպես է բավարարում իրենց սրտի ցանկություններն ու իրագործում նրանց բոլոր նպատակները (Սաղմոս 20։1–4