Անցնել բովանդակությանը

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Գայանա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Գայանա

 «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն ուրախությունը, որ զգացել եմ՝ ծառայելով այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է»։ Այսպես արտահայտվեց Միացյալ Նահանգներում ապրող Ջոշուան, որը մի որոշ ժամանակ ծառայել է Գայանայում։ Նրա ուրախությանը բաժնեկից են շատ Վկաներ, ովքեր ծառայել են Հարավային Ամերիկայի այս «բերրի» երկրում։ a Ի՞նչ գործնական բաներ կարող ես սովորել այս մարդկանցից։ Ինչպե՞ս կարող է քո սովորածը նախապատրաստել քեզ ծառայելու այլ երկրում, եթե այդպիսի ցանկություն ունես։

Ի՞նչն է նրանց մղել

Լայնելը

 Նախքան Գայանա տեղափոխվելը Միացյալ Նահանգներում բնակվող Լայնել անունով մի եղբայր իր հայրենիքում քարոզում էր հազվադեպ մշակվող տարածքում։ Նա պատմում է. «20 հոգանոց մեր խումբը նշանակվեց Արևմտյան Վիրջինիայում գտնվող գյուղական մի տարածք։ Քարոզչական գործն ու շփումը, որ վայելեցի այնտեղ երկու շաբաթվա ընթացքում, փոխեցին իմ կյանքը։ Ես ավելի մեծ վճռականությամբ լցվեցի իմ ձեռքից եկածն անելու, որ լիարժեքորեն ծառայեմ Եհովային»։

Էրիկան և Գարթը

 Գարթ և Էրիկա անունով մի ամուսնական զույգ սկսեց լրջորեն մտածել օտարախոս դաշտում ծառայելու մասին և որոշեց մեկնել Գայանա։ Ո՞րն էր պատճառը։ «Ես ու ամուսինս ճանաչում էինք մի ամուսնական զույգի, որը տեղափոխվել էր Գայանա,— պատմում է Էրիկան։— Նրանց խանդավառությունը և իրենց արածի հանդեպ սերը մղեցին մեզ նույնպես տեղափոխվելու այնտեղ»։ Էրիկան և Գարթը երեք երջանիկ տարիներ անցկացրին, ինչպես իրենք են ասում, «թանկ նշանակման» մեջ։ Գարթը նշում է. «Մենք ճաշակեցինք և տեսանք, որ օտարախոս դաշտում ծառայելը բարի է»։ Ավելի ուշ նա իր կնոջ հետ սովորեց «Գաղաադ» դպրոցում, և այժմ նրանք ծառայում են Բոլիվիայում։

Ովքեր ծառայում են օտար երկրներում, հաճախ ուրախություն են ստանում՝ Աստվածաշնչի մասին արդյունավետ զրույցներ վարելով

Ինչպե՞ս են նրանք նախապատրաստվել

 Աստվածաշնչյան սկզբունքները խրախուսում են մեզ պարզ կյանքով ապրել (Եբրայեցիներ 13։5)։ Աստծու Խոսքը մեզ նաև հորդորում է մեծ որոշումներ կայացնելիս հաշվել ծախսը (Ղուկաս 14։26–33)։ Դա, ինչ խոսք, վերաբերում է նաև օտար երկիր տեղափոխվելու հետ կապված որոշումներին։ Գարթը գրում է. «Նախքան Գայանա մեկնելը ես ու Էրիկան պետք է պարզեցնեինք մեր կյանքը, այսինքն՝ վաճառեինք մեր բիզնեսը, տունը և տանը եղած բոլոր ոչ անհրաժեշտ իրերը։ Դա տևեց մի քանի տարի։ Մինչ այդ մենք պահպանում էինք Գայանայում ծառայելու մեր փափագը՝ մտքում վառ պահելով մեր նպատակը և ամեն տարի այդ երկիր այցելելով»։

Շինեյդը և Փոլը

 Մեկ այլ գործոն էլ հարկավոր է հաշվի առնել՝ եկամուտը։ Ովքեր տեղափոխվում են այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, կարողանում են աշխատել, եթե տվյալ երկրի օրենքը թույլ է տալիս։ Ոմանք նույն գործն են անում, ինչ իրենց երկրում՝ համակարգչով աշխատում են հեռակա։ Ուրիշները նախընտրում են կարճ ժամանակով վերադառնալ իրենց հայրենիք՝ այնտեղ աշխատելու համար։ Փոլ և Շինեյդ անունով մի ամուսնական զույգ աշխատելու նպատակով տարին մեկ անգամ վերադառնում էր Իռլանդիա։ Դրա շնորհիվ նրանք Գայանայում կարողացան ծառայել օրհնություններով լի 18 տարի՝ ներառյալ յոթ տարի՝ իրենց աղջկա ծնվելուց հետո։

Քրիստոֆերը և Լորիսան

 Սաղմոս 37։5-ում ասվում է. «Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը, վստահի՛ր նրան, և նա կկատարի»։ Միացյալ Նահանգներում ապրող Քրիստոֆերն ու Լորիսան կանոնավորաբար աղոթում էին այլ երկրում ծառայելու իրենց նպատակի մասին։ Նաև ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկում էին, թե ինչ պետք է անեն, որպեսզի իրենց տեղափոխությունը հաջող լինի։ Նրանք ցուցակ կազմեցին՝ նշելով դրական ու բացասական կողմերը։ Քանի որ այդ ամուսնական զույգը ուզում էր գնալ մի տեղ, որտեղ կարիք չէր լինի նոր լեզու սովորելու, ընտրեց Գայանան, որտեղ պաշտոնական լեզուն անգլերենն է։

 Ապա Քրիստոֆերն ու Լորիսան վարվեցին Առակներ 15։22-ում գրված սկզբունքի համաձայն. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում»։ Նրանք նամակ գրեցին Գայանայում քարոզչական գործը վերահսկող մասնաճյուղ b՝ պատմելով իրենց մասին և նշելով, որ պատրաստ են տեղափոխվելու։ Միևնույն ժամանակ հետաքրքրվեցին այդ երկրում գործող բժշկական ծառայությունների, կլիմայի և տեղի սովորույթների մասին։ Մասնաճյուղը պատասխանեց նրանց հարցերին և հոգ տարավ, որ նրանք կապ հաստատեն այն տարածքի երեցների խորհրդի հետ, ուր պետք է տեղափոխվեին։

 Լայնելը, որի մասին նշվեց վերևում, այժմ Գայանայում ծառայում է որպես շրջանային վերակացու։ Նախքան այդ երկիր տեղափոխվելը նա նույնպես կիրառեց Առակներ 15։22-ում գրված սկզբունքը։ «Ճամփորդության համար գումար տնտեսելուց բացի՝ խոսեցի նրանց հետ, ովքեր ծառայել էին արտերկրում,— ասում է նա։— Քննարկեցի այդ հարցը ընտանիքիս, ժողովի երեցների և շրջանային վերակացուի հետ։ Նաև մեր հրատարակություններում կարդացի իմ գտած բոլոր նյութերը այլ երկրներում ծառայելու մասին»։

Ջոզեֆը և Քրիստինան

 Շատերը, ովքեր ուզում են ծառայել օտար երկրում, իմաստնորեն են վարվում՝ նախ այցելելով այդ երկիր։ «Առաջին անգամ, երբ գնացինք Գայանա, այնտեղ մնացինք երեք ամիս,— պատմում է Ջոզեֆ և Քրիստինա անունով մի ամուսնական զույգ։— Դա բավական էր, որպեսզի տեսնեինք, թե ինչպիսին է այդ երկիրը։ Հետո վերադարձանք տուն, ավարտին հասցրինք մեր գործերը և ճանապարհ ընկանք»։

Ինչպե՞ս են նրանք հարմարվել

Ջոշուան

 Օտար երկրում Աստծուն արդյունավետորեն ծառայելու համար քարոզիչները պետք է անձնազոհ ոգի ունենան և պատրաստ լինեն հարմարվելու տեղի պայմաններին ու սովորույթներին։ Օրինակ՝ նրանք, ովքեր համեմատաբար ցուրտ շրջաններից են տեղափոխվում արևադարձային գոտի, հաճախ հայտնաբերում են, որ իրենց նոր տանը տարբեր տեսակի շատ միջատներ կան։ «Ես սովոր չէի այդքան փայտոջիլ տեսնելու,— ասում է Ջոշուան, որի մասին արդեն խոսվեց։— Գայանայում դրանք ավելի մեծ են թվում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացա դրանց։ Նաև հասկացա, որ փայտոջիլների քանակը կարելի է նվազագույնի հասցնել՝ տունը մաքուր պահելով, այսինքն՝ լվանալով կեղտոտ սպասքը, աղբը թափելով և կանոնավորաբար մաքրելով տունը»։

 Ուրիշ երկրում կյանքին հարմարվելու համար գուցե հարկավոր լինի հարմարվել քեզ համար անսովոր կերակուրների և սովորել պատրաստել դրանք։ «Ես ու սենյակակիցս խնդրեցինք եղբայրներին ու քույրերին սովորեցնել մեզ տեղի մթերքով կերակուր պատրաստել,— հիշում է Ջոշուան։— Երբ սովորում էինք մի նոր կերակրատեսակ պատրաստել, ժողովից մի քանի հոգու հրավիրում էինք մեզ հետ ճաշակելու այն։ Դա նաև եղբայրների հետ ծանոթանալու և ընկերանալու հաճելի միջոց էր»։

Փոլը և Քեթլինը

 Տեղի սովորույթների հետ կապված՝ Փոլն ու Քեթլինը հիշում են. «Արևադարձային գոտում վարվելակերպի նոր չափանիշներին և ընդունելի հագուստին հարմարվելու անհրաժեշտությունը մի բան էր, որին մինչ այդ երբեք չէինք բախվել։ Ուստի պետք է խոնարհ լինեինք և փոփոխություններ անեինք՝ միևնույն ժամանակ չխախտելով աստվածաշնչյան սկզբունքները։ Տեղի մշակույթին հարմարվելը մտերմացրեց մեզ ժողովի հետ և դրական ազդեցություն ունեցավ մեր ծառայության վրա»։

Ի՞նչ օգուտներ են նրանք ստացել

 Ջոզեֆն ու Քրիստինան նույն զգացումներն ունեն, ինչ շատերը։ Նրանք ասում են. «Օրհնությունները գերազանցում են դժվարություններն ու խնդիրները։ Մեր հարմարավետության շրջանակներից դուրս գալը օգնեց մեզ ճիշտ առաջնահերթություններ դնելու։ Այն բաները, որոնք մեզ համար մի ժամանակ արժեքավոր էին, հիմա այդքան էլ կարևոր չեն։ Յուրաքանչյուր փորձառություն մղիչ ուժ էր դառնում, որ շարունակեինք մեր ձեռքից եկածն անել Եհովայի համար։ Մենք իսկապես գոհունակության և բավարարվածության զգացումով լցվեցինք»։

 Էրիկան, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Ծառայելով այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա, ես ու ամուսինս հնարավորություն ունեցանք ավելի լավ հասկանալու, թե ինչ է նշանակում վստահել Եհովային։ Մենք տեսանք նրա ձեռքը. նա մեզ օգնում էր այնպիսի անսպասելի ձևերով, որ մինչ այդ երբեք չէինք տեսել։ Եվ երբ իրար պատմում էինք մեզ հետ պատահած նոր դեպքերը, որպես ամուսնական զույգ՝ ավելի էինք մտերմանում»։

a Գայանայում քարոզչական գործի մասին պատմությունը կարելի է կարդալ 2005 թ. «Եհովայի վկաների տարեգրքում»։

b Քարոզչական գործն այնտեղ վերահսկում է Տրինիդադ և Տոբագոյի մասնաճյուղը։