«Ազնվության փոքր արարք»
Մի անգամ Դանիելան, որը Եհովայի վկա է և ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, մի պայուսակ գտավ, որը հաճախորդը թողել էր սրճարանում։ Պայուսակի մեջ դրամապանակ և վարկաքարտեր կային։ Ցանկանալով պայուսակը վերադարձնել տիրոջը՝ Դանիելան սկսեց նրա հասցեն և հեռախոսի համարը փնտրել, բայց միայն անունը գտավ։ Նա փորձեց բանկի միջոցով կապ հաստատել պայուսակի տիրոջ հետ, բայց ապարդյուն։ Սակայն Դանիելան չհանձնվեց։ Ուստի զանգահարեց պայուսակում գտած բժշկի դեղատոմսի վրայի համարով։ Ընդունարանի աշխատողը, որը պատասխանեց հեռախոսազանգին, համաձայնեց Դանիելայի հեռախոսահամարը փոխանցել այդ տղամարդուն։
Պայուսակի տերը զարմացավ, երբ իր բժշկի գրասենյակից հեռախոսազանգ ստացավ և իմացավ, որ Դանիելան գտել է նրա պայուսակը ու ցանկանում է վերադարձնել այն։ Երբ նա եկավ այն վերցնելու, Դանիելան և իր հայրը դիմավորեցին նրան։ Առիթն օգտագործելով՝ նրանք այդ մարդուն ասացին, թե ինչու են այդքան ջանք թափել, որ գտնեն նրան։ Նրանք ասացին, որ լինելով Եհովայի վկա՝ ձգտում են ապրել աստվածաշնչյան սկզբունքներով։ Ուստի միշտ ուզում են ազնիվ լինել (Եբրայեցիներ 13:18)։
Մի քանի ժամ անց այդ մարդը հաղորդագրություն ուղարկեց Դանիելային ու նրա հորը՝ շնորհակալություն հայտնելով իր պայուսակն ու դրամապանակը վերադարձնելու համար։ Նա գրեց. «Անչափ երախտապարտ եմ ձեզ, որ այդքան ջանք թափեցիք ինձ գտնելու համար։ Շատ հաճելի էր ծանոթանալ Ձեզ և ձեր ընտանիքի հետ։ Միշտ սիրով կհիշեմ ձեզ, որ այդքան ջերմ և ընկերական էիք։ Որպես երախտագիտության նշան՝ ուզում եմ նվիրատվություն անել։ Ես գիտեմ, որ դուք զոհողություններ եք անում Աստծուն ծառայելու համար։ Ձեր արարքը ցույց է տալիս, որ դուք լավ մարդիկ եք, և Դանիելայի ազնվությունն ու մաքրությունը դա են փաստում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և թող Աստված օրհնի ձեր ծառայությունը»։
Մի քանի ամիս անց Դանիելայի հայրը կրկին կապ հաստատեց այդ մարդու հետ։ Վերջինս պատմեց, թե ինչ է պատահել իր պայուսակի գտնվելուց կարճ ժամանակ անց։ Նա ասաց, որ գնումների ժամանակ մի դրամապանակ է գտել։ Տղամարդը փնտրել և գտել է այն կնոջը, ում պատկանում էր այդ դրամապանակը։ Նաև պատմել է այդ կնոջը, թե ինչն է մղել իրեն այդպես վարվելու։ Նա նշել է, որ վերջերս իր հանդեպ են ազնիվ եղել։ Նա ասել է. «Ազնվության և բարության մեկ փոքր արարքը մղում է, որ մյուսներն էլ այդպես վարվեն և այդպիսով ավելի լավը դարձնեն կյանքը հասարակության յուրաքանչյուր անդամի համար»։