Ասա նրանց, որ սիրում ես
Օնգ-լին Եհովայի վկա է և բնակվում է Բուլղարիայում։ Նա Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում Զլատկա անունով մի երիտասարդ կնոջ հետ, որի ամուսինը չի ուսումնասիրում Աստվածաշունչը։ Օնգ-Լին ասում է. «Մի օր, երբ խոսում էինք ընտանեկան կյանքի մասին, Զլատկային բացատրեցի, թե որքան կարևոր է մեր կողակցին և երեխաներին ասել, որ սիրում ենք նրանց։ Նա տխուր նայեց ինձ ու ասաց, որ իր ամուսնուն և ինը տարեկան աղջկան երբեք չի ասել, որ սիրում է նրանց»։
Զլատկան բացատրեց. «Ես պատրաստ եմ ցանկացած բան անել նրանց համար, բայց այդ խոսքերը պարզապես չեմ կարող ասել»։ Ապա ավելացրեց. «Մայրս երբեք չի ասել, որ սիրում է ինձ, իսկ տատիկս մորս երբեք չի ասել, որ սիրում է նրան»։ Օնգ-Լին Աստվածաշնչից ցույց տվեց, որ Եհովան Հիսուսին ասել է, որ սիրում է նրան (Մատթեոս 3։17)։ Նա հորդորեց Զլատկային աղոթել Եհովային այդ մասին ու նպատակ դնել ամուսնուն և աղջկան ասելու, որ սիրում է նրանց։
Օնգ-Լին պատմում է. «Երկու օր անց Զլատկան ուրախ-ուրախ պատմեց ինձ, որ աղոթել է Եհովային օգնության համար։ Եվ երբ ամուսինը եկել է տուն, նրան ասել է, որ Աստվածաշնչից սովորել է, թե որքան կարևոր է, որ կինը հարգի ու սիրի ամուսնուն։ Եվ մի փոքր դադար տալուց հետո ասել է, որ իսկապես սիրում է նրան։ Իսկ երբ աղջիկն է եկել տուն, Զլատկան գրկել է նրան և ասել, որ սիրում է։ Զլատկան ինձ ասաց. «Հիմա այնքան թեթևացած եմ զգում։ Այսքան տարի զսպել եմ զգացմունքներս, բայց Եհովայի օգնությամբ ի վերջո կարողացա արտահայտել իմ սերը ընտանիքիս նկատմամբ»»։
Օնգ-Լին շարունակում է. «Մեկ շաբաթ անց հանդիպեցի Զլատկայի ամուսնուն։ Նա ասաց. «Շատերը ասում էին ինձ, որ Զլատկան չպետք է Աստվածաշունչ ուսումնասիրի, բայց կասկած չկա, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը իրականում օգուտ է բերում մեր ընտանիքին։ Հիմա մենք շատ ավելի ջերմ փոխհարաբերություններ ունենք և շատ երջանիկ ենք»»։