Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում
Տարածված սխալ կարծիքներ
Կարծիք։ Եհովայի վկաները չեն վստահում բժշկությանը և չեն հավատում, որ բժիշկները կարող են օգնել։
Փաստ։ Մեզ և մեր ընտանիքի անդամների համար մենք ընտրում ենք բուժման լավագույն միջոցները։ Երբ հիվանդանում ենք, դիմում ենք այնպիսի բժիշկների, ովքեր հմուտ ու փորձառու են առանց արյան բուժում տրամադրելու կամ վիրահատություն կատարելու հարցում։ Մենք գնահատում և կարևորում ենք բժշկության ասպարեզում եղած առաջընթացը։ Իրականում, թեև անարյուն բուժմեթոդները մշակվել ու զարգացել են Վկա պացիենտներին օգնելու նպատակով, այժմ դրանցից օգտվում է ողջ հասարակությունը։ Շատ երկրներում բոլոր հիվանդները ազատորեն կարող են հրաժարվել արյան փոխներարկումից և խուսափել դրա հետ կապված ռիսկերից, ինչպիսիք են՝ արյամբ փոխանցվող տարբեր վարակները, իմունային համակարգի ընկճումը և մարդկային սխալի գործոնը։
Կարծիք։ Եհովայի վկաները հավատում են, որ հավատը կբուժի մարդուն։
Փաստ։ Մենք հավատով բուժումներ չենք անում։
Կարծիք։ Արյան փոխներարկումից հրաժարվելու դեպքում ծախսերն ավելի շատ են։
Փաստ։ Անարյուն բուժմեթոդները ավելի քիչ ծախսերի հետ են կապված a։
Կարծիք։ Արյան փոխներարկումից հրաժարվելու պատճառով ամեն տարի շատ Վկաներ, այդ թվում երեխաներ են մահանում։
Փաստ։ Այս պնդումը բացարձակապես անհիմն է։ Վիրաբույժները պարբերաբար այնպիսի բարդ վիրահատություններ են կատարում առանց արյան փոխներարկման, ինչպիսիք են՝ սրտի բաց վիրահատությունները, օրթոպեդիական վիրահատությունները և օրգանների փոխպատվաստումը b։ Թե՛ չափահասները և թե՛ երեխաները, որոնց արյան փոխներարկում չի արվել, սովորաբար վիրահատությունից հետո վերականգնվել են նույն ժամանակամիջոցում, իսկ երբեմն էլ ավելի արագ, քան նրանք, ում արյուն է փոխներարկվել c։ Ինչպիսի դեպք էլ լինի, ոչ ոք համոզված չի կարող ասել, որ պացիենտը կմահանա արյան փոխներարկումից հրաժարվելու դեպքում, կամ անպայման կլավանա, եթե նրան փոխներարկում արվի։
Ինչո՞ւ են Եհովայի վկաները հրաժարվում արյան փոխներարկումից
Մեր դիրքորոշումը ոչ թե բժշկական հիմք ունի, այլ կրոնական։ Թե՛ Հին Կտակարանում և թե՛ Նորում հստակ պատվեր է տրվում հեռու մնալ արյունից (Ծննդոց 9:4; Ղևտական 17:10; 2 Օրենք 12:23; Գործեր 15:28, 29)։ Աստծու համար արյունը ներկայացնում է կյանքը (Ղևտական 17:14)։ Ուստի մենք հրաժարվում ենք արյուն փոխներարկելուց կամ սննդի մեջ օգտագործելուց, որովհետև ուզում ենք հնազանդ լինել Աստծուն և որովհետև խորապես հարգում ենք նրան՝ որպես կյանք Պարգևողի։
Կարծիքները փոխվում են
Մի ժամանակ բժիշկները անարյուն բուժմեթոդները ընդհանուր առմամբ համարում էին ծայրահեղական, նույնիսկ հավասարեցնում էին ինքնասպանության գնալուն։ Սակայն վերջին տարիներին շատ բան է փոխվել։ Օրինակ՝ 2004-ին բժշկական կրթական մի պարբերականում ասվում էր, որ «շատ մեթոդներ, որոնք մշակվել են Եհովայի վկա պացիենտներին օգնելու համար, մոտ ապագայում կդառնան ստանդարտ գործընթաց» d։ Իսկ 2010-ին լույս տեսած «Սիրտ, թոքեր և շրջանառություն» հանդեսում ասվում էր, որ «անարյուն վիրաբուժության կիրառությունը չպետք է սահմանափակվի միայն Ե[հովայի] Վ[կաների] դեպքում։ Այն պետք է դառնա տարբեր վիրահատական միջամտությունների անբաժան մաս»։
Ամբողջ աշխարհում հազարավոր բժիշկներ կիրառում են արյան պահպանման ստրատեգիաները տարբեր բարդ վիրահատություններ կատարելիս՝ խուսափելով արյուն փոխներարկելուց։ Նման այլընտրանքային մեթոդները կիրառվում են անգամ զարգացող երկրներում։ Շատ պացիենտներ, ովքեր Եհովայի վկաներ չեն, պահանջում են հենց այսպիսի մեթոդներով բուժսպասարկում։
a Տե՛ս Transfusion and Apheresis Science, հատոր 33, No. 3, էջ 349 (անգլ.)։
b Տե՛ս The Journal of Thoracic and Cardiovascular Surgery, հատոր 134, No. 2, էջ 287, 288 (անգլ.); Texas Heart Institute Journal, հատոր 38, No. 5, էջ 563 (անգլ.); Basics of Blood Management, էջ 2 (անգլ.) և Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain, հատոր 4, No. 2, էջ 39 (անգլ.)։
c Տե՛ս The Journal of Thoracic and Cardiovascular Surgery, հատոր 89, No. 6, էջ 918 (անգլ.) և Heart, Lung and Circulation, հատոր 19, էջ 658 (անգլ.)։
d Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain, հատոր 4, No. 2, էջ 39 (անգլ.)։