Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները
Որպես Եհովայի վկաներ՝ մենք ձգտում ենք հետևել ճշմարիտ քրիստոնեությանը, որը հիմնեց Հիսուս Քրիստոսը, ինչպես որ առաքյալներն էին անում։ Այս հոդվածում ամփոփ ներկայացվում են մեր հիմնական հավատալիքները։
Աստված. Մենք երկրպագում ենք միակ ճշմարիտ և Ամենակարող Աստծուն՝ Ստեղծչին, որի անունը Եհովա է (Սաղմոս 83:18; Հայտնություն 4:11)։ Նա Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի Աստվածն է (Ելք 3:6; 32:11; Հովհաննես 20:17)։
Աստվածաշունչ. Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծու կողմից և գրվել է մարդկանց համար (Հովհաննես 17:17; 2 Տիմոթեոս 3:16)։ Մեր հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի 66 գրքերի վրա՝ և՛ Հին Կտակարանի, և՛ Նոր Կտակարանի։ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր կրոնագետ Ջեյսոն Դեյվիդ Բեդունը գրել է, որ Եհովայի վկաները հիմնում են «ուսմունքների իրենց համակարգը և գործերը բացառապես Աստվածաշնչի վրա՝ առանց կանխորոշելու, թե ինչ է գրված այնտեղ»։ a
Թեև մենք ընդունում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, սակայն ֆունդամենտալիստներ չենք։ Մենք գիտենք, որ Աստվածաշնչում ամեն բան չէ, որ հարկավոր է բառացի հասկանալ, քանի որ որոշ հատվածներ գրված են խորհրդանշական լեզվով (Հայտնություն 1:1)։
Հիսուս. Մենք հետևում ենք այն ամենին, ինչ սովորեցրել է Հիսուս Քրիստոսը և պատվում ենք նրան որպես մեր Փրկչի և Աստծու Որդու (Մատթեոս 20:28; Գործեր 5:31)։ Այդ պատճառով մենք քրիստոնյաներ ենք (Գործեր 11:26)։ Սակայն Աստվածաշնչից մենք իմացել ենք, որ Հիսուսը Ամենակարող Աստված չէ, և որ Երրորդությունը աստվածաշնչյան ուսմունք չէ (Հովհաննես 14:28)։
Աստծու Թագավորություն. Սա իրական երկնային կառավարություն է։ Այն փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին և իրականացնելու է Աստծու նպատակը երկրի առնչությամբ (Դանիել 2:44; Մատթեոս 6:9, 10)։ Այն շուտով գործի է անցնելու, քանի որ աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3:1–5; Մատթեոս 24:3–14)։
Հիսուսը Աստծու երկնային Թագավորության Թագավորն է։ Նա սկսել է իշխել 1914 թ.-ից (Հայտնություն 11:15)։
Փրկություն. Մեղքից և մահից ազատվելը հնարավոր է միայն Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ (Մատթեոս 20:28; Գործեր 4:12)։ Այս զոհից օգուտներ ստանալու համար մարդիկ պետք է ոչ միայն հավատան Հիսուսին, այլև համապատասխան փոփոխություններ անեն իրենց կյանքում և մկրտվեն (Մատթեոս 28:19, 20; Հովհաննես 3:16; Գործեր 3:19, 20)։ Անհատը գործերով է փաստում, թե արդյոք իր հավատը կենդանի է (Հակոբոս 2:24, 26)։ Սակայն մենք չենք կարող վաստակել փրկությունը. այն հնարավոր է ստանալ միայն «Աստծու անզուգական բարության» շնորհիվ (Գաղատացիներ 2:16, 21)։
Երկինք. Եհովա Աստված, Հիսուս Քրիստոսը և հավատարիմ հրեշտակները բնակվում են ոգեղեն ոլորտում b (Սաղմոս 103:19–21; Գործեր 7:55)։ Համեմատաբար քիչ թվով մարդիկ՝ 144 000 հոգի, երկնային կյանքի հարություն կստանան, որպեսզի թագավորեն Հիսուսի հետ (Դանիել 7:27; 2 Տիմոթեոս 2:12; Հայտնություն 5:9, 10; 14:1, 3)։
Երկիր. Աստված ստեղծել է երկիրը, որպեսզի մարդիկ հավիտյան բնակվեն նրա վրա (Սաղմոս 104:5; 115:16; Ժողովող 1:4)։ Աստված կօրհնի հնազանդ մարդկանց. նրանք կունենան կատարյալ առողջություն և հավիտյան կապրեն դրախտում՝ երկրի վրա (Սաղմոս 37:11, 34)։
Չարություն և տառապանք. Երբ Աստծու հրեշտակներից մեկը ըմբոստացավ, սկիզբ առավ չարությունն ու տառապանքը (Հովհաննես 8:44)։ Ըմբոստանալուց հետո Սատանա և Բանսարկու դարձած հրեշտակը առաջին մարդկային զույգին դրդեց իրեն միանալու, և, ինչ խոսք, հետևանքն աղետալի եղավ նրանց սերունդների համար (Ծննդոց 3:1–6; Հռոմեացիներ 5:12)։ Սատանայի կողմից բարձրացված բարոյական հարցերին լուծում տալու համար Աստված թույլ տվեց, որ չարությունն ու տառապանքը գոյություն ունենա մի որոշ ժամանակով, բայց ոչ հավիտյան։
Մահ. Նրանք, ովքեր մահանում են, դադարում են գոյություն ունենալուց (Սաղմոս 146:4; Ժողովող 9:5, 10)։ Մահացածները չեն չարչարվում կրակե դժոխքում։
Աստված միլիարդավոր մարդկանց կյանքի է վերադարձնելու՝ հարություն տալով նրանց (Գործեր 24:15)։ Սակայն նրանք, ովքեր հարություն ստանալուց հետո կհրաժարվեն Աստծու ճանապարհների մասին սովորելուց, հավիտյան բնաջինջ կլինեն՝ առանց կրկին հարություն ստանալու հույսի (Հայտնություն 20:14, 15)։
Ընտանիք. Մենք հետևում ենք ամուսնության վերաբերյալ սկզբնապես սահմանված կարգին, ըստ որի՝ այն մեկ տղամարդու և մեկ կնոջ միություն է։ Ամուսնալուծության միակ սուրբգրային հիմքը սեռական անբարոյությունն է (Մատթեոս 19:4–9)։ Մենք համոզված ենք, որ աստվածաշնչյան իմաստությունը օգնում է ընտանիքներին լինելու երջանիկ (Եփեսացիներ 5:22–6:1)։
Մեր երկրպագությունը. Մենք չենք երկրպագում խաչի կամ այլ պատկերների (2 Օրենք 4:15–19; 1 Հովհաննես 5:21)։ Մեր երկրպագությունը ներառում է հետևյալը՝
Աղոթել Աստծուն (Փիլիպպեցիներ 4:6)։
Կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը (Սաղմոս 1:1–3)։
Խորհրդածել այն ամենի շուրջ, ինչ սովորում ենք Աստվածաշնչից (Սաղմոս 77:12)։
Հավաքվել միասին աղոթելու, Աստվածաշունչ ուսումնասիրելու, երգելու, մեր հավատի մասին խոսելու և հավատակիցներին ու հյուրերին քաջալերելու (Կողոսացիներ 3:16; Եբրայեցիներ 10:23–25)։
Քարոզել «Թագավորության բարի լուրը» (Մատթեոս 24:14)։
Կառուցել Թագավորության սրահներ և այլ շինություններ՝ աստվածաշնչյան կրթական ծրագիրը ընդլայնելու համար (Սաղմոս 127:1)։
Օգնություն ցույց տալ աղետների ժամանակ տուժածներին (Գործեր 11:27–30)։
Մեր կազմակերպությունը. Մենք ունենք ժողովներ, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը վերահսկվում է երեցների խորհրդի միջոցով։ Սակայն երեցները հոգևորական դաս չեն կազմում, ինչպես նաև աշխատավարձ չեն ստանում (Մատթեոս 10:8; 23:8)։ Մենք տասանորդ չենք տալիս։ Մեր հանդիպումների ժամանակ հանգանակություն չի լինում (2 Կորնթացիներ 9:7)։ Մեր գործունեությունը իրականացվում է կամավոր նվիրաբերություններով, որոնք արվում են անանուն։
Կառավարիչ մարմինը՝ հասուն քրիստոնյաների մի փոքր խումբ, ծառայում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունում և առաջնորդում է մեր աշխարհածավալ քարոզչական գործունեությունը (Մատթեոս 24:45)։
Մեր միությունը. Ողջ աշխարհում մենք մտքով միաբանված ենք և ունենք նույն հավատալիքները (1 Կորնթացիներ 1:10)։ Բացի այդ, մենք ամեն ջանք թափում ենք, որպեսզի մեր մեջ չլինեն սոցիալական, էթնիկ, ռասայական կամ դասակարգային տարբերություններ (Գործեր 10:34, 35; Հակոբոս 2:4)։ Թեև միասնական ենք, սակայն միանման չենք։ Յուրաքանչյուր Վկա որոշումներ է կայացնում՝ հիմնված Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի վրա (Հռոմեացիներ 14:1–4; Եբրայեցիներ 5:14)։
Մեր վարքը. Մենք ձգտում ենք անշահախնդիր սեր դրսևորել ամեն ժամանակ (Հովհաննես 13:34, 35)։ Մենք խուսափում ենք այնպիսի բաներ անելուց, որոնք տհաճություն կպատճառեն Աստծուն, օրինակ՝ արյան փոխներարկումից, որը արյան սխալ գործածության մի ձև է (Գործեր 15:28, 29; Գաղատացիներ 5:19–21)։ Մենք խաղաղասեր մարդիկ ենք և չենք մասնակցում պատերազմների (Մատթեոս 5:9; Եսայիա 2:4)։ Այդուհանդերձ, մենք հարգում ենք այն երկրի կառավարությանը, որում ապրում ենք, և հնազանդվում ենք օրենքներին, եթե դրանք չեն հակասում Աստծու օրենքներին (Մատթեոս 22:21; Գործեր 5:29)։
Ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները. Հիսուսը պատվիրեց. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Նա նաև ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաները «աշխարհի մի մասը չեն» (Մատթեոս 22։39; Հովհաննես 17։16)։ Ուստի մենք «բարին ենք անում բոլորի հանդեպ» և միևնույն ժամանակ չեզոք ենք մնում քաղաքական գործերում և որևէ կրոնական ուղղության մաս չենք կազմում (Գաղատացիներ 6։10; 2 Կորնթացիներ 6։14)։ Սակայն հարգում ենք այս առնչությամբ ուրիշների ընտրությունը (Հռոմեացիներ 14։12)։
Եթե լրացուցիչ հարցեր ունեք Եհովայի վկաների հավատալիքների առնչությամբ, ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել մեր վեբ կայքում կամ կարող եք կապ հաստատել մեր մասնաճյուղերից մեկի հետ, ինչպես նաև այցելել մեր ժողովի հանդիպումներ ձեր հարևանությամբ գտնվող Թագավորության սրահներից մեկում կամ կապ հաստատել ձեր տարածքում ապրող որևէ Եհովայի վկայի հետ։
a Տես «Truth in Translation» գիրքը, էջ 165։
b Չար հրեշտակները դուրս վռնդվեցին երկնքից, թեև դեռ գոյություն ունեն և ապրում են ոգեղեն ոլորտում (Հայտնություն 12։7–9)։