Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ճշգրի՞տ է
«Նոր աշխարհ» թարգմանության առաջին մասը լույս է տեսել 1950թ.-ին։ Ժամանակի ընթացքում այն արժանացել է և՛ գովասանքի, և՛ քննադատության։ Ոմանք «Նոր աշխարհ» a թարգմանության ճշգրտությունը դրել են հարցականի տակ, քանի որ որոշ հատվածներում այն տարբերվում է ուրիշ թարգմանություններից։ Այս տարբերությունները պայմանավորված են հետևյալ պատճառներով.
Արժանահավատ։ «Նոր աշխարհ» թարգմանությունը հիմնված է գիտական վերջին հետազոտությունների և ամենահավաստի հին ձեռագրերի վրա։ Իսկ 1611թ.-ին լույս տեսած «Քինգ Ջեյմս» թարգմանությունը հիմնականում հիմնված է այնպիսի ձեռագրերի վրա, որոնք այդքան էլ ճշգրիտ և հին չեն, որքան «Նոր աշխարհ» թարգմանության համար օգտագործված ձեռագրերը։
Ճշգրտություն։ «Նոր աշխարհ» թարգմանության վրա աշխատողները ամեն ջանք ներդրել են, որպեսզի մարդկությանն ուղղված Աստծու պատգամը պահպանվի այնպես, ինչպես որ նա ներշնչել էր իր ծառաներին (2 Տիմոթեոս 3:16)։ Սակայն Աստվածաշնչի ուրիշ շատ թարգմանություններում նկատվում է, որ թարգմանիչները հաճախ ճշգրտությունը զոհել են հանուն մարդկային ավանդույթների պահպանման։ Դրա վառ օրինակն է այն, որ Աստծու Եհովա անունը փոխարինվել է Տեր կամ Աստված տիտղոսներով։
Բառացիություն։ Ի հակադրություն մյուս թարգմանությունների՝ «Նոր աշխարհի» թարգմանիչները Աստվածաշնչի տեքստը վերաշարադրելու փոխարեն՝ թարգմանել են հնարավորինս բառացի, այնպես, որ միևնույն ժամանակ տեքստը լինի բնական ու հասկանալի, և իմաստը չտուժի։ Իսկ վերաշարադրված Աստվածաշնչերում որոշ մտքեր են ավելացվել և կարևոր մանրամասնություններ են բաց թողնվել։
«Նոր աշխարհի» և մյուս թարգմանությունների միջև տարբերությունը
«Նոր աշխարհում» չընդգրկված գրքեր։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների Աստվածաշնչերում կան պարականոն գրքեր, այսինքն՝ դրանք չեն մտնում հրեական կանոնում։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչն ասում է. «Աստծու սրբազան պատգամները նրանց [հրեաներին] վստահվեցին» (Հռոմեացիներ 3:1, 2)։ Այդ պատճառով ինչպես ժամանակակից շատ Աստվածաշնչերում, այնպես էլ «Նոր աշխարհում» ընդգրկված չեն պարականոն գրքերը։
«Նոր աշխարհում» չընդգրկված համարներ։ Որոշ թարգմանություններում կան ավելացված համարներ կամ արտահայտություններ, որոնք բացակայում են Աստվածաշնչի առկա ամենահին ձեռագրերում։ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ նման հավելումները տեղ չեն գտել։ Ժամանակակից շատ թարգմանություններում նույնպես դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշված է, որ չկան հեղինակավոր ձեռագրերում։ b
Բառերի ընտրության տարբերություն։ Երբեմն բառացի թարգմանությունը հասկանալի չէ և կարող է սխալ իմաստ հաղորդել։ Օրինակ՝ Մատթեոս 5։3-ում գրված Հիսուսի խոսքերը հաճախ թարգմանվել են. «Երանի հոգով աղքատներին» (English Standard Version; King James Version; New International Version)։ Շատերի համար «հոգով աղքատներ» արտահայտությունն անհասկանալի է, ոմանք էլ մտածում են, որ Հիսուսը կարևորում էր խեղճ ու աղքատ լինելը։ Սակայն Հիսուսն իրականում ուզում էր ասել, որ իսկական երջանկության աղբյուրը Աստծու առաջնորդության կարիքը գիտակցելն է։ «Նոր աշխարհ» թարգմանությունը ճշգրտորեն փոխանցում է այդ միտքը՝ գրելով. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5:3)։ c
Գովասանքի խոսքեր ոչ Վկա աստվածաշնչագետների կողմից
Աստվածաշնչի նշանավոր թարգմանիչ և աստվածաշնչագետ Էդգար Գուդսփիդը Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանության մասին 1950թ. դեկտեմբերի 8-ի իր նամակում գրել է. «Ինձ հետաքրքրում է ձեր գործունեությունը և այն, թե ինչ համաշխարհային մասշտաբներով է այն իրականացվում։ Նաև շատ հավանում եմ ձեր պարզ, հասկանալի և կենդանի թարգմանությունը։ Կարող եմ ասել, որ դրանով ակնհայտ է դառնում, թե ինչ հսկայական աշխատանք և լուրջ խոր ուսումնասիրություններ են արվել»։
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ալեն Վիկգրենը որպես ժամանակակից լեզվով լավագույն թարգմանություն հիշատակել է «Նոր աշխարհը», որը ոչ թե ուրիշ թարգմանություններից է ծնվել, այլ «թարգմանվել է բնագիր ձեռագրերից» (The Interpreter’s Bible, հատոր I, էջ 99)։
Աստվածաշնչի քննադատ բրիտանացի Ալեքսանդր Թոմսոնը Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանության մասին հետևյալն է գրել. «Ակնհայտ է, որ թարգմանությունը արվել է հմուտ ու տաղանդավոր լեզվաբանների կողմից, ովքեր ձգտել են այնքան հավատարմորեն փոխանցել հունարեն տեքստի ոգին, որքան անգլերենով հնարավոր է եղել» (The Differentiator, ապրիլ, 1952, էջ 52)։
Հեղինակ Չարլզ Ֆրանսիս Փոթերը, չնայած որ «Նոր աշխարհում» որոշ հատվածներ համարում էր անսովոր թարգմանություն, ասաց. «Թարգմանիչները, որոնց անունները ոչ մի տեղ չեն նշվում, թարգմանությունն արել են լավագույն ձեռագրերից՝ թե՛ հունարեն, թե՛ եբրայերեն։ Նրանք գիտական աշխատանք են կատարել՝ մեծ հմտությամբ և խորաթափանցությամբ» (The Faiths Men Live By, էջ 300)։
Ռոբերտ Մակքոյը, ընդունելով, որ «Նոր աշխարհ» թարգմանությունը ունի իր առանձնահատկություններն ու առավելությունները, իր տեսակետն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Նոր Կտակարանի այս թարգմանությունը վկայում է [Եհովայի վկաների] առաջընթացի՝ նրանց մեջ բարձրակարգ մասնագետների առկայության մասին, որոնք կարողացել են Աստվածաշնչի բարդ տեքստերը թարգմանելիս հաջող լուծումներ գտնել» (Andover Newton Quarterly, հունվար, 1963, էջ 31)։
Պրոֆեսոր Ս. Մակլին Գիլմորը, թեպետ համաձայն չէր «Նոր աշխարհի» որոշ հատվածների թարգմանության հետ, սակայն ընդունեց, որ թարգմանիչները «հունարեն տեքստի բացառիկ ըմբռնում ունեն» (Andover Newton Quarterly, սեպտեմբեր, 1966, էջ 26)։
Պրոֆեսոր Թոմաս Ն. Ուինթերը «Նոր աշխարհ» թարգմանության մասին, որի մեջ ընդգրկված էր նաև «Հունարեն Գրությունների՝ Թագավորության տողացի թարգմանությունը», գրեց. «Այս թարգմանությունը, որն արվել է մի կոմիտեի կողմից, որի անդամների անունները չեն նշվում, իրականացվել է ժամանակակից գիտական հետազոտությունների հիման վրա։ Այն հետևողական է և ճշգրիտ» (The Classical Journal, ապրիլ-մայիս, 1974, էջ 376)։
Իսրայելացի մի եբրայագետ՝ պրոֆեսոր Բենջամին Կեդար-Քոփֆշտայնը, 1989թ.-ին ասել է. «Երբ լեզվաբանական հետազոտություններ եմ անում՝ կապված Աստվածաշնչի եբրայերեն բնագիր տեքստերի և դրանց թարգմանությունների հետ, հաճախ եմ դիմում անգլերեն մի հրատարակության, որը հայտնի է «Նոր աշխարհ» թարգմանություն անվամբ։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ այս աշխատությունը արտացոլում է թարգմանիչների անկեղծ ձգտումը՝ հնարավորինս ճիշտ հասկանալու բնագիր տեքստը»։
Կրոնագետ պրոֆեսոր Ջեյսոն Դեյվիդ Բեդունը, ով վերլուծական քննության է ենթարկել Աստվածաշնչի անգլերեն ինը թարգմանություններ, գրել է. ««Նոր աշխարհ» թարգմանությունը ամենաճշգրիտն է՝ համեմատած մյուս թարգմանությունների հետ»։ Չնայած որ մի շարք գիտնականներ և աստվածաշնչագետներ կարծում են, որ Աստվածաշնչի մյուս թարգմանություններից «Նոր աշխարհի» տարբերվելու պատճառը թարգմանիչների կրոնական պատկանելությունն է, Ջեյսոն Բեդունն ասում է. «Տարբերությունների մեծ մասը պայմանավորված է նրանով, որ ՆԱ-ն Նոր Կտակարանը գրողների օգտագործած բնագիր արտահայտությունների շատ ավելի ճշգրիտ թարգմանություն է, բառացի, զգուշորեն արված թարգմանություն» (Truth in Translation, էջ 163, 165)։
a Դիտարկումները վերաբերում են անգլերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությանը, բայց ոչ 2013թ. վերահրատարակությանը։
b Օրինակ՝ «New International» և կաթոլիկական «New Jerusalem Bible» թարգմանություններում ավելացված են հետևյալ համարները՝ Մատթեոս 17:21; 18:11; 23:14; Մարկոս 7:16; 9:44, 46; 11:26; 15:28; Ղուկաս 17:36; 23:17; Հովհաննես 5:4; Գործեր 8:37; 15:34; 24:7; 28:29; Հռոմեացիներ 16:24։ «King James» և «Douay-Rheims» թարգմանություններում՝ 1 Հովհաննես 5:7, 8-ում, կան Երրորդության ուսմունքին թիկունք կանգնող խոսքեր, որոնք ավելացվել են Աստվածաշունչը գրվելուց հարյուրավոր տարիներ անց։
c Նմանապես Ջ. Բ. Ֆիլիպսի թարգմանությունում այս խոսքերը գրված են՝ «նրանք, ովքեր գիտեն, որ Աստծու կարիքն ունեն», իսկ «The Translator’s New Testament»-ում՝ «նրանք, ովքեր գիտեն իրենց հոգևոր կարիքները»։