Եհովայի վկաները օգնո՞ւմ են աղետից տուժածներին
Այո, Եհովայի վկաները աղետների դեպքում հաճախ են օգնության հասնում։ Մենք տրամադրում ենք գործնական օգնություն և՛ Վկաներին, և՛ ոչ Վկաներին՝ համաձայն Աստվածաշնչի հորդորի, որն արձանագրված է Գաղատացիներ 6:10-ում. «Եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ»։ Մենք նաև փորձում ենք տրամադրել էմոցիոնալ և հոգևոր աջակցություն, ինչի կարիքը այդ ժամանակ նրանք շատ են զգում (2 Կորնթացիներ 1:3, 4)։
Ինչպե՞ս է կազմակերպվում
Աղետից անմիջապես հետո տուժած ժողովների երեցները փորձում են կապ հաստատել ժողովի անդամների հետ՝ իմանալու նրանց որպիսությունը և կարիքի դեպքում օգնելու։ Այնուհետև երեցները տեղի մասնաճյուղին տեղեկացնում են իրավիճակի և արդեն իսկ ձեռնարկված քայլերի մասին։
Եթե անհրաժեշտ օգնություն տրամադրելը տեղի ժողովների ուժերից վեր է, ապա Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հոգ է տանում այդ օգնությունը տրամադրելու համար։ Սա նման է այն բանին, թե ինչպես էին վաղ քրիստոնյաները սովի ժամանակ հոգ տանում միմյանց մասին։ Տեղի մասնաճյուղը կազմում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ, որոնք կազմակերպում են անհրաժեշտ աշխատանքները։ Այլ տարածքներում ապրող Վկաները տուժածներին օգնելու համար հոժարակամորեն տրամադրում են իրենց ժամանակը և միջոցները (Առակներ 17:17)։
Ինչպե՞ս է ֆինանսավորվում
Եհովայի վկաների մասնաճյուղ ուղարկված նվիրատվությունները օգտագործվում են նաև տուժածներին օգնելու նպատակով (Գործեր 11:27–30; 2 Կորնթացիներ 8:13–15)։ Քանի որ աշխատանքները կատարում են կամավորները, որոնք չեն վարձատրվում, ֆինանսական միջոցները ծախսվում են միայն ուղղակիորեն օգնության համար։ Մենք հոգ ենք տանում, որ նվիրաբերված ֆինանսական միջոցները բարեխղճորեն ծախսվեն (2 Կորնթացիներ 8:20)։