ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 2022
ԶԱՄԲԻԱ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել մբունդա լեզվով
2022 թ. նոյեմբերի 5-ին եղբայր Սիֆաս Կալինդան, ով Զամբիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց մբունդա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Նախապես ձայնագրված ելույթը հեռարձակվեց ավելի քան 1500 հոգու համար։ Աստվածաշունչը լույս տեսավ թվային տարբերակով, իսկ տպագիր հրատարակությունը հասանելի կլինի 2023 թ. հունվարին։
Մբունդա լեզվով հիմնականում խոսում են Անգոլայում և Զամբիայում։ Եհովայի վկաները մբունդախոս մարդկանց առաջին անգամ քարոզել են 1930-ականներին Հյուսիսային Ռոդեզիայում (այժմ՝ Զամբիա)։ 2014 թ.-ին կազմավորվեց մբունդա լեզվով թարգմանչական խումբը։ Թարգմանչական գրասենյակը գտնվում է Զամբիայի արևմտյան պրովինցիայում՝ Մոնգու քաղաքում։
Բացի «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունից»՝ մբունդա լեզվով Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն էլ է առկա։ Սակայն այն թանկ է և դժվարհասկանալի։ Այդ իսկ պատճառով մինչ այս հրատարակությունը Եհովայի վկաները հիմնականում օգտվում էին այլ լեզուներով առկա «Նոր աշխարհ թարգմանությունից»։
Աստվածաշնչի այս նոր թարգմանության վերաբերյալ թարգմանիչներից մեկը հետևյալը նշեց. «Այն բնական է, պարզ, դյուրընթեռնելի և, որ ամենակարևորն է, չի խեղաթյուրում աստվածաշնչյան ճշմարտությունները»։
Մեկ այլ թարգմանիչ էլ պատմեց, թե ինչ դժվարությունների էին բախվում, երբ ծառայության ժամանակ օգտագործում էին Աստվածաշնչի մյուս թարգմանությունը։ Նա ասաց. «Նախկին թարգմանության ոչ մի համարում չկար Եհովայի անունը։ Դրա փոխարեն օգտագործվում էր «մեր Տեր Աստված» արտահայտությունը։ Սա շատ էր դժվարացնում Աստծու անունը մարդկանց ճանաչեցնելը։ Բայց Քրիստոնեական Հունարեն Գրությունների այս նոր թարգմանության մեջ Եհովայի անունն օգտագործվում է 237 անգամ»։
Մենք վստահ ենք, որ այս նոր թարգմանությունը կօգնի մբունդախոս եղբայրներին ու քույրերին էլ ավելի մտերմանալ Եհովայի հետ և ամրացնել նրա հանդեպ հավատը (Հակոբոս 4։8)։