ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2023
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանում եղբայրներ Ռոյալ Կարիմովը և Սեյմուր Մամադովը ազատ են արձակվել
Ադրբեջանում եղբայրներ Ռոյալ Կարիմովը և Սեյմուր Մամադովը, ովքեր ազատազրկվել էին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել բանտից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի դատարանը մերժել էր Սեյմուրի՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու դիմումը։ 2022 թ. սեպտեմբերի 22-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 9 ամսվա ազատազրկման։ Դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացրած երկու վճիռների բացահայտ ոտնահարում էր։ Սեյմուրի փաստաբանները բողոքարկեցին դատավճիռը, և 2022 թ. դեկտեմբերի 12-ին Գյանջայի վերաքննիչ դատարանը կարգադրեց փոխարինել ազատազրկման պատիժը պայմանական ազատազրկմամբ։ Թեպետ այժմ Սեյմուրը ազատության մեջ է, բայց նա կդիմի Ադրբեջանի Գերագույն դատարան՝ բողոքարկելով իրեն մեղավոր ճանաչելու և ազատազրկելու անարդար որոշումը։
Բանտում եղած ժամանակ Սեյմուրին չէին թույլ տալիս ո՛չ Աստվածաշունչ ունենալ, ո՛չ էլ նամակներ ստանալ, սակայն նա շարունակ զգում էր Եհովայի աջակցությունը։ Սեյմուրը հիշում է. «Վերջին նիստից մեկ օր առաջ թղթի վրա գրի առա Հեսու 1։5, 6-րդ համարները, որտեղ ասվում է. «Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ։ Քեզ երբեք չեմ թողնի ու քեզ չեմ լքի»»։ Այդ խոսքերը զորության աղբյուր դարձան Սեյմուրի համար, երբ նրան ձերբակալեցին և բանտ տարան։ «Այդ համարներն իմ օրվա խոսքն էին»— ասում է նա։
2022 թ. մայիսի 30-ին Ռոյալը իշխանությունների պահանջով ներկայացավ Գեդեբեյ շրջանի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն։ Նա համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվեց զինծառայությունից և խնդրեց իրեն տրամադրել քաղաքացիական այլընտրանքային ծառայության հնարավորություն։ Նրա խնդրանքը մերժվեց։ 2022 թ. հուլիսի 25-ին զինվորականները ձերբակալեցին նրան և մինչև 2022 թ. նոյեմբերի 1-ը անօրինական կերպով պահեցին զորամասային բանտում։ Ռոյալը պահանջում է, որ Գեդեբեյ շրջանի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության գործողությունները հետաքննվեն պատկան մարմինների կողմից։
«Երբ ասացին, որ ինձ զորամասից բաց չեն թողնելու, սարսափելի ապրումներ ունեցա,— հիշում է Ռոյալը։— Բայց փորձում էի մտքումս վառ պահել այն, որ դա հավատի փորձություն է ինձ համար»։
Ազատազրկման ընթացքում Ռոյալի քրոջը թույլ տվեցին այցելել նրան։ Նա Ռոյալին Աստվածաշունչ փոխանցեց, ինչն օգնեց վերջինիս հոգևորապես ամուր մնալ։ «Երբեմն վհատվում էի։ Բայց նման պահերին Եհովան ինձ ասես երկրորդ շունչ էր տալիս։ Աստվածաշնչի ընթերցանությունն ու աղոթքը սիրտս աննկարագրելի խաղաղությամբ էին լցնում»։
Շարունակ աղոթում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները դադարեն ազատազրկել մեր եղբայրներին զինծառայությունից հրաժարվելու համար և փոխարենը տրամադրեն իսկապես քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչը հասանելի է մի շարք երկրներում (1 Տիմոթեոս 2։1, 2)։