ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2022
ԱԴՐԲԵՋԱՆ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն պաշտպանում է Ադրբեջանում ձերբակալված քույրերի իրավունքները
2021 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն երկու որոշում կայացրեց, որոնք պաշտպանում են Եհովայի վկաների՝ իրենց հավատի մասին ուրիշներին պատմելու իրավունքները։ Երկու որոշումներն էլ վերաբերում են քույրերին, որոնք ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ աստվածաշնչյան թեմաներով ուրիշների հետ խոսելու պատճառով։
2021 թ. նոյեմբերի 5-ին կոմիտեն պաշտպանեց քույրեր Մատանատ Գուրբանովայի և Սաադատ Մուրադասիլովայի՝ քարոզչությամբ զբաղվելու իրավունքները։ Անանուն բողոք ստանալուց հետո ոստիկանները 2014 թ. նոյեմբերին ձերբակալեցին քույրերին։ Երկու քույրերի նկատմամբ նշանակվեց տուգանք 1 500 ադրբեջանական մանաթի (880 դոլար) չափով։ Կոմիտեն վճռեց, որ այդ ձերբակալությունն անօրինական է եղել, և Ադրբեջանից պահանջեց քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։
Մատանատը և Սաադատը, ովքեր հարազատ քույրեր են, ասում են. «Թեև ոստիկանները փորձում էին վախեցնել մեզ, սակայն այս դեպքից հետո մեր հավատը ավելի է ամրացել։ Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Եհովայի ձեռքը կարճ չէ, և նա կարող է ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով օգնել իր ծառաներին»։
Նմանատիպ որոշում կայացվեց նաև 2021 թ. դեկտեմբերի 21-ին։ Մարդու իրավունքների կոմիտեն հաստատեց, որ Ադրբեջանում ոստիկանները խախտել են օրենքը, երբ ձերբակալել են քույրեր Ջեյրան Ազիզովային և Գյուլնազ Իսրաֆիլովային՝ «իրենց իրավաբանական հասցեից դուրս կրոնական գործունեություն իրականացնելու համար»: Իր որոշման մեջ կոմիտեն նշեց, որ իրենց հավատի մասին պատմելով՝ քույրերը ոչ մի օրենք չեն խախտել։
Ջեյրանն ու Գյուլնազը 2016 թ. նոյեմբերին գնացել էին Գորանբոյի շրջան իրենց ընկերոջը այցելելու նպատակով և ճանապարհին պատմել էին աստվածաշնչյան բարի լուրի մասին։ Տեղի պաշտոնյաներից մեկը բողոք էր ներկայացրել ոստիկանություն, և քույրերին ձերբակալել էին։ Հետագայում՝ դատավարության ժամանակ, դատավորը քույրերին մեղադրեց լրտեսության մեջ և տուգանեց 2 000 մանաթի (1 176 դոլար) չափով։ Վերաքննիչ դատարանը որոշումը թողեց անփոփոխ։ Քույրերը բողոք ներկայացրին Մարդու իրավունքների կոմիտե։
Այսպիսի որոշումները օգնում են ազատորեն կատարել մեզ հանձնարարված ամենակարևոր գործը՝ բարի լուրի քարոզչությունը։ Մենք ուրախ ենք մեր քույրերի համար. նրանք քաջ քարոզիչների լավ օրինակ են մեզ համար (Մատթեոս 10։18)։