Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2021
ԱԴՐԲԵՋԱՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշումներ է կայացրել հօգուտ Ադրբեջանում Եհովայի վկաների

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշումներ է կայացրել հօգուտ Ադրբեջանում Եհովայի վկաների

2020 թ. դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) երկու կարևոր որոշում է կայացրել հօգուտ Ադրբեջանում Եհովայի վկաների։ Այդ գործերն էին «Ռահիմա Հուսեյնովան ընդդեմ Ադրբեջանի» և «Սալադին Մամադովը, Ռաշիդ Նիֆտալիևը և Սադագետ Աբասովան ընդդեմ Ադրբեջանի»։ Երկու գործերի վերաբերյալ էլ Հանձնաժողովը սահմանեց, որ իշխանությունները ոտնահարել են Եհովայի վկաների իրավունքները, և պահանջեց, որ Ադրբեջանի կառավարությունը վերանայի իր օրենսդրությունը՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար։

Առաջին գործը վերաբերում էր Ռահիմա Հուսեյնովային։ 2014 թ. դեկտեմբերին Բաքու քաղաքում օրինապահ մարմինները կալանավորել էին մեր քրոջը իր հավատալիքների մասին ուրիշների հետ խոսելու համար։ Որոշ ժամանակ անց շրջանային դատարանը քրոջը ստիպեց վճարել 1 500 մանաթ (882 դոլար) տուգանք՝ պատճառաբանելով, թե Եհովայի վկաները Բաքվում պետական գրանցում չունեն։ a Երբ քույրը բողոքարկեց այդ որոշումը, Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը և որոշումը թողեց անփոփոխ։ Քույր Հուսեյնովան որոշեց դիմել միջազգային դատարան։

Հանձնաժողովը որոշեց, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄՄԴ) 18-րդ հոդվածը և որ պետք է համապատասխան փոխհատուցում վճարի քրոջը։ Հանձնաժողովը նաև նշեց, որ Ադրբեջանը «պարտավոր է ամեն անհրաժեշտ քայլ ձեռնարկել՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար, այդ թվում՝ վերանայել օրենսդրությունը, կանոնակարգերը և օրենսդրության պրակտիկան, որպեսզի [ՔՔԻՄՄԴ-ի] 18-րդ հոդվածով սահմանված իրավունքները այլևս չոտնահարվեն»։

«Սալադին Մամադովը, Ռաշիդ Նիֆտալիևը և Սադագետ Աբասովան ընդդեմ Ադրբեջանի» գործը առնչվում է Գյանջա քաղաքում բնակվող մի խումբ եղբայրների և քույրերի, ովքեր Աստվածաշունչ ուսումնասիրելու նպատակով հավաքվել էին եղբայր Սալադին Մամադովի տանը։ 2014 թ. հոկտեմբերին ոստիկանները ներխուժեցին եղբոր տուն, որտեղ մի փոքր խումբ հանդիպում էր անցկացնում, ու առգրավեցին Աստվածաշնչեր և այլ իրեր։ Ոստիկանները եղբայրներ Մամադովին, Ռաշիդ Նիֆտալիևին և քույր Սադագետ Աբասովային տարան բաժանմունք և ավելի քան վեց ժամ նախնական կալանքի տակ պահեցին։ Երկու օր անց նրանց կանչեցին Գյանջա քաղաքի Նիզամի շրջանի դատարան։ Դատարանը սահմանեց, որ հանդիպումը անօրինական է եղել, քանի որ հանդիպման ներկաները գրանցված կրոնական կազմակերպության անդամներ չեն։ Դատարանը յուրաքանչյուր Վկայի նկատմամբ 2 000 մանաթի չափով (1 176 դոլար) տուգանք նշանակեց։ Դրանից հետո մեր հավատակիցները դիմեցին Գյանջայի վերաքննիչ դատարան, սակայն, ցավոք, վճիռը մնաց անփոփոխ։ Դրանից հետո նրանք որոշեցին դիմել Հանձնաժողով։

Հանձնաժողովը որոշեց, որ Ադրբեջանը խախտել է ՔՔԻՄՄԴ-ի մի շարք հոդվածներ և պետք է փոխհատուցում վճարի երեք Վկաներին։ Ուշագրավ է, որ Հանձնաժողովի եզրակացության մեջ հետևյալն էր ասվում. «Շրջանային դատարանը ոչ մի փաստարկ չի բերել, թե ինչու էր անհրաժեշտ, որ հանդիպման կազմակերպիչները նախքան իրենց տանը կրոնական հանդիպում անցկացնելը գրանցեին իրենց կրոնական կազմակերպությունը»։ Այս եզրակացությունը հաստատում է, որ Ադրբեջանի մեր հավատակիցները իրավունք ունեն կրոնական հանդիպում անցկացնել առանց պետական գրանցման։

«Ռահիմա Հուսեյնովան ընդդեմ Ադրբեջանի» գործում նույնպես Հանձնաժողովը պահանջեց, որ Ադրբեջանը վերանայի իր «օրենքները, կանոնակարգերն ու օրենսդրության պրակտիկան», որպեսզի հավաստիանա, որ դրանք ապահովում են ՔՔԻՄՄԴ-ով երաշխավորված իրավունքների իրականացումը։

Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանը սկսել է ավելի բարյացակամորեն վերաբերվել մեր եղբայրներին և վերջին տարիներին չի ոտնահարել նրանց՝ կրոնն ազատ դավանելու իրավունքը։ Հուսով ենք, որ այս որոշումները կնպաստեն, որ բարի լուրը Ադրբեջանում «օրինականապես հաստատվի» (Փիլիպպեցիներ 1։7

a 2018 թ. նոյեմբերին Ադրբեջանի կառավարությունը Բաքվում գրանցեց Եհովայի վկաներին։