ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 2020
ԱԴՐԲԵՋԱՆ
ՄԻԵԴ-ի վերջին վճիռները նպաստում են Ադրբեջանում դավանանքի ազատությանը
2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) մի քանի վճիռներ կայացրեց հօգուտ Ադրբեջանում Եհովայի վկաների։ Այդ գործերն էին «Գրիդնևան ընդդեմ Ադրբեջանի», «Շևելին և Շենգելայան ընդդեմ Ադրբեջանի», «Ջաֆարովը ընդդեմ Ադրբեջանի» և «Տագիևը ընդդեմ Ադրբեջանի»։ ՄԻԵԴ-ի այս վճիռները կամրացնեն մեր եղբայրների՝ քարոզելու, երկրպագության համար միասին հավաքվելու և Ադրբեջան գրականություն ներմուծելու իրավունքները։
Այս գործերը դատարան էին ներկայացվել 2011 և 2012 թվականներին։ «Գրիդնևան ընդդեմ Ադրբեջանի» և «Շևելին և Շենգելայան ընդդեմ Ադրբեջանի» գործերը ներառում են դեպքեր, երբ ոստիկանները ներխուժել են մեր երկրպագության վայր կամ խոչընդոտել են մեր քարոզչական գործունեությանը։ Իսկ «Ջաֆարովը ընդդեմ Ադրբեջանի» և «Տագիևը ընդդեմ Ադրբեջանի» գործերում ներառված են դեպքեր, երբ կառավարությունը մերժել կամ սահմանափակել է որոշ հրատարակությունների ներմուծումը Ադրբեջան։
Հետաքրքրական է, որ այս չորս գործերից երեքի դեպքում («Գրիդնևան ընդդեմ Ադրբեջանի», «Ջաֆարովը ընդդեմ Ադրբեջանի» և «Տագիևը ընդդեմ Ադրբեջանի»), Ադրբեջանն ընդունեց, որ ոտնահարել է մեր եղբայրների իրավունքները և պարտավորվեց ընդհանուր հաշվով 10 500 եվրո (12 880 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել։
«Շևելին և Շենգելայան ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է շրջանային ծառայության մեջ գտնվող մի զույգի։ Ամուսիններին անարդարացիորեն ձերբակալել և արտաքսել էին երկրից։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Ադրբեջանին 3000 եվրո (3 680 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել մեր հավատակիցներին։
ՄԻԵԴ-ի վճռում հետևյալն էր ասվում. «Աղոթելու կամ կրոնական հավատալիքները այլ կերպ դրսևորելու համար [այդ զույգին] պատժելը [դեմ] է [Մարդու իրավունքների եվրոպական] կոնվենցիային։ Հակառակը պնդելը կնշանակի, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել այն կրոնական փոքրամասնություններին, որոնք պետական գրանցում չունեն, և կնշանակի, որ պետությունն է որոշում, թե մարդ ինչին հավատա»։
Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը ավելի բարյացակամ է եղել Եհովայի վկաների հանդեպ և պաշտպանել է նրանց իրավունքները։ Մենք ուրախ ենք ՄԻԵԴ-ի այս վերջին վճիռների համար, որոնց շնորհիվ դավանանքի ազատության հարցում մեր հավատակիցները հավելյալ աջակցություն ստացան։ Եվ, ինչ խոսք, մենք երախտապարտ ենք Եհովա Աստծուն, որը «ապաստան և զորություն» է մեզ համար (Սաղմոս 46։1)։