Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 2019
ԱԴՐԲԵՋԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող հինգ Եհովայի վկաների գործով վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող հինգ Եհովայի վկաների գործով վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի

2019 թ. հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) վճիռ կայացրեց, համաձայն որի՝ Ադրբեջանում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող մեր եղբայրները չպետք է քրեորեն հետապնդվեն։ Այս վճիռը վերահաստատում է, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելը անհատի խղճի, մտքի և կրոնի ազատության իրավունքի ոտնահարում է։ Առաջին անգամ է, որ ՄԻԵԴ-ը Եհովայի վկաների գործով վճիռ է կայացնում ընդդեմ Ադրբեջանի։

Վճիռը վերաբերում է 2008–2015 թթ.-ին Դատարան ներկայացված չորս գանգատների, որոնք միավորվել էին մեկ գանգատում։ Այդ գանգատները վերաբերում էին հինգ եղբայրների՝ Մուշֆիգ Մամադովին, Սամիր Հուսեյնովին, Ֆարիդ Մամադովին, Ֆախրադին Միրզաևին և Քամրան Միրզաևին։ Նրանք բոլորը մեղավոր էին ճանաչվել և ազատազրկվել էին Ադրբեջանում զինծառայությունից հրաժարվելու համար։ Դատարանը սահմանեց, որ քանի որ եղբայրները զինծառայությունից հրաժարվել էին՝ ելնելով «անկեղծ կրոնական համոզմունքներից», Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց դեմ իրականացված գործողությունները ոտնահարել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Բացի այդ, Դատարանը նշեց, որ այլընտրանքային ծառայության իրավունքը չպետք է կիրառվի միայն հոգևորականների և հատուկ կրոնական հաստատություններում սովորող ուսանողների նկատմամբ։ Այն նաև պարտավորեցրեց Ադրբեջանի կառավարությանը հատուցել կալանավորման արդյունքում այս եղբայրներին պատճառված վնասը։

Ինչպես նշվում է վճռի մեջ, Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք ընդունել, երբ 2001 թ.-ին մտավ Եվրախորհուրդ։ Բացի այդ, Ադրբեջանի Սահմանադրությունը այլընտրանքային ծառայության հնարավորություն է նախատեսում այն անհատների համար, որոնց անձնական համոզմունքները թույլ չեն տալիս իրենց կատարելու զինվորական ծառայություն։ Սակայն իշխանությունները այդպես էլ չեն ընդունել այլընտրանքային ծառայության մասին օրենք, ինչի պատճառով մեր եղբայրները շարունակում են ազատազրկման դատապարտվել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

Մենք հույս ունենք, որ Դատարանի այս որոշումը Ադրբեջանի իշխանություններին կմղի այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն ստեղծելու։ Միևնույն ժամանակ աղոթում ենք, որ այդ երկրում բնակվող մեր եղբայրները շարունակեն քաջաբար ծառայել Եհովային (Սաղմոս 27։14