Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 2020
ԱԴՐԲԵՋԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց երկու վճիռ հօգուտ Ադրբեջանի Եհովայի վկաների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց երկու վճիռ հօգուտ Ադրբեջանի Եհովայի վկաների

2020 թ. սեպտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու կարևոր վճիռ կայացրեց հօգուտ Ադրբեջանի Եհովայի վկաների։ Առաջին վճիռը վերաբերում էր «Վալիևը և այլք ընդդեմ Ադրբեջանի», իսկ երկրորդը՝ «Եհովայի վկաների կրոնական համայնքը ընդդեմ Ադրբեջանի» գործին։ Այս վճիռները պաշտպանում են մեր եղբայրների՝ կրոնը ազատորեն դավանելու իրավունքը։

Երկու դեպքում էլ Ադրբեջանը ընդունեց, որ խախտել է մեր եղբայրների իրավունքները։ Կառավարությունը նաև համաձայնեց ընդհանուր առմամբ 19 000 եվրոյի (22 146 դոլար) չափով փոխհատուցում վճարել մեր հավատակիցներին։ Այդ վճիռները ցույց տվեցին, որ ՄԻԵԴ-ը ընդունել է Ադրբեջանի հայտարարությունը։

Եղբայր Վալիևը ժողովի հանդիպում է անցկացնում տանը

«Վալիևը և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործը, որն ուղարկվել էր ՄԻԵԴ 2011 թ.-ին, վերաբերում է Գյանջայում բնակվող մեր հավատակիցներին։ Տարիներ շարունակ Գյանջայի իշխանությունները հրաժարվում էին մեր կազմակերպությանը պաշտոնական գրանցում տալ։ Այդ իսկ պատճառով ոստիկանները շատ հաճախ ընդհատում էին մեր խաղաղ կրոնական հավաքները, ձերբակալում էին բոլոր ներկաներին և որոշ անհատների նկատմամբ մեծ տուգանքներ նշանակում։ Մեր եղբայրներից մեկը մի քանի անգամ մեղավոր է ճանաչվել և տուգանվել է։ Նա ստիպված է եղել վճարել ընդհանուր հաշվով 9 450 մանաթ, որն այդ ժամանակվա փոխարժեքով կազմում էր 11 375 դոլար։ Որոշ քույրեր ու եղբայրներ նույնիսկ ձերբակալվել են, քանի որ ի վիճակի չեն եղել վճարելու այդ ահռելի տուգանքները։

2013 թ.-ին մեր հավատակիցները ՄԻԵԴ ներկայացրին երկրորդ՝ «Եհովայի վկաների կրոնական համայնքը ընդդեմ Ադրբեջանի» գործը, քանի որ Ադրբեջանը սահմանափակումներ էր դրել ներմուծվող գրականության քանակի վրա։

Թեև կառավարությունը Գյանջայում դեռ չի գրանցել Եհովայի վկաներին, սակայն իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Վերջին տարիներին մեր հավատակիցները հանդիպումներն անցկացնում են տներում և փոքր խմբերով, ոստիկաններն էլ այլևս չեն ընդհատում դրանք։ Բացի այդ՝ չնայած կառավարությունը պետք է ստուգի ներմուծվող գրականությունը, սակայն քանակի վրա սահմանափակումներ չկան։

Եղբայր Կիրիլ Ստեփանովը, որը կոորդինացնում է Ադրբեջանում Եհովայի վկաների՝ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքները, ասում է. «Մենք հուսով ենք, որ ՄԻԵԴ-ի այս կարևոր վճիռը կարագացնի Ադրբեջանի Գյանջա և այլ քաղաքներում գրանցում ստանալու գործընթացը։ Նաև հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կառավարությունը կդադարի ստուգել մեր գրականությունը նախքան այն ներմուծելը»։

Մենք երախտապարտ ենք Եհովային իր աջակցության համար։ Այս կարևոր իրավական որոշումները ակնհայտ ապացույցն են այն բանի, որ Աստծու ժողովրդի դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա (Եսայիա 54։17