Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 8, 2018
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը

Ադրբեջանի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը

2018թ. ապրիլի 16-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց ստորին ատյանի դատարանի որոշումը, որով փոխհատուցում էր տրամադրվում Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային 11 ամիս ապօրինի ազատազրկելու համար։ Ավելի վաղ՝ 2017թ. փետրվարին, Գերագույն դատարանը անմեղ էր ճանաչել այս երկու կանանց, որոնք մեղադրվում էին առանց պետության կողմից թույլտվության կրոնական գրականություն տարածելու մեջ։ Սակայն Գերագույն դատարանը փոխհատուցման հարցը թողել էր քաղաքացիական գործերով դատական ատյանների քննությանը։

Անմեղ ճանաչվելուց հետո տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան, ովքեր Եհովայի վկաներ են, իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի հիմքով հատուցման պահանջով դիմեցին քաղաքացիական գործերով դատարան։ 2017թ. օգոստոսին շրջանային դատարանը փոխհատուցում սահմանեց պատճառված վնասի դիմաց, սակայն ֆինանսների նախարարությունը բողոքարկեց վճիռը։ 2017թ. նոյեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց շրջանային դատարանի վճիռը։ Նախարարությունը կրկին վիճարկեց որոշումը և 2018թ. փետրվարին վճռաբեկ բողոք ներկայացրեց Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը մերժեց նախարարության բողոքը և անփոփոխ թողեց որոշումը, որով բավարարում էր փոխհատուցում տրամադրելու մասին այդ երկու կանանց պահանջը։

Բացի փոխհատուցման հնարավորություն տալուց՝ Գերագույն դատարանը ճանաչեց, որ իշխանության չարաշահման հետևանքով վնաս է հասցվել տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային և խախտվել են այդ անմեղ կանանց իրավունքները։