ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 2018
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները դիմում են Գերագույն դատարան
2018 թ. հոկտեմբերի 31-ին Ադրբեջանում Գյանջայի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց 19-ամյա եղբայր Վահիդ Աբիլովին զինծառայությունից հրաժարվելու հիմքով դատապարտելու մասին դատավճիռը։ Թեև Վահիդը ազատազրկված չէ, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառելը նույնպես սահմանափակում է նրա ազատությունը։ Օրինակ՝ նա ամեն շաբաթ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայության աշխատակցին և իրավունք չունի լքելու Ադրբեջանի տարածքը։ Վահիդը կդիմի Գերագույն դատարան, ինչը Ադրբեջանի դատական համակարգում բողոքարկման վերջին հնարավորությունն է։
Չեզոքության հետ կապված մեր եղբոր խնդիրները սկսվեցին 2017 թ. մայիսին։ Երբ լրացավ նրա 18 տարին, նա պետք է ներկայանար Զորակոչի և զորահավաքների հարցերով պետական ծառայության Աղդամի շրջանային վարչություն։ Վահիդը գրություն ներկայացրեց՝ բացատրելով զինծառայությունից հրաժարվելու իր դրդապատճառները։ Նա նշեց. «Աստվածաշնչով կրթված խիղճս ինձ թույլ չի տալիս զինծառայություն կատարել։ Ես չեմ խուսափում և չեմ էլ մտածում իմ քաղաքացիական պարտքը կատարելուց խուսափելու մասին։ Պարզապես խնդրում եմ ինձ տրամադրել զինծառայությանը փոխարինող այլընտրանքային ծառայություն»։ Իշխանությունները հրաժարվեցին Վահիդի խնդրանքը բավարարելուց և 2018 թ. հուլիսի 9-ին նրան մեղադրանք առաջադրեցին զինծառայությունից խուսափելու հիմքով։
Գյանջայի վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ եղբայր Աբիլովը կրկին բացատրեց, թե ինչու է հրաժարվում զինծառայությունից։ Նա կարդաց Եսայիա 2։4-ը և նշեց, որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունից հասկացել է, որ «չպետք է նույնիսկ սովորի պատերազմել»։ Չնայած այդ հիմնավորմանը՝ դատարանը անփոփոխ թողեց դատավճիռը։ Ապագան ցույց կտա, թե արդյոք Գերագույն դատարանը նրան այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն կտա, թե ոչ։
Երբ Ադրբեջանը 2001 թ.-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք ընդունել, սակայն նման օրենք դեռ չի ընդունել։ Արդյունքում՝ մեր եղբայրները շարունակ բախվում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցին։ Այս տարի՝ ավելի վաղ, Ադրբեջանի շրջանային դատարաններից մեկը մեկ այլ եղբոր՝ Էմիլ Մեհդիևին, մեղավոր ճանաչեց զինծառայությունից խուսափելու համար և նշանակեց մեկ տարի ժամկետով պատիժ, որը նա պետք է կրի պրոբացիոն ծառայության հսկողության տակ։ Նա նույնպես դիմել է Գերագույն դատարան։ Բացի այդ, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող եղբայրները Մարդու իրավունքների եվրոպական դատարան չորս գանգատ են ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Չնայած այս խնդիրներին՝ մեր եղբայրները շարունակում են վստահել Եհովային՝ պահելով իրենց չեզոքությունը (Հովհաննես 15։19)։