Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 26, 2014
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի Եհովայի վկաները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ադրբեջանի Եհովայի վկաները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Մի կիրակի առավոտ էր, երբ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մոտ 200 Եհովայի վկա տղամարդիկ, կանայք ու երեխաներ հավաքված մի սրահում լսում էին աստվածաշնչյան ելույթ։

Ոստիկանությունը այլ պաշտոնյաների հետ ներխուժեց սրահ։ Նրանց հետ կային նաև հեռուստատեսությունից նկարահանող մի խումբ՝ տեսախցիկներով և կուրացնող լույսերով։ Նրանք ոչ միայն ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական հանդիպումը, այլև ծեծի ենթարկեցին մի քանի տղամարդկանց, առանց դատական կարգադրության խուզարկում անցկացրին, բանավոր վիրավորանքներ հասցրին ներկաներին, առգրավեցին դրամական միջոցներ, համակարգիչներ և ժողովի աստվածաշնչյան գրականությունը։ Վկաներից շատերին տարան ոստիկանության բաժանմունք։ Նրանց ժամերով պահեցին այնտեղ։ Վեց օտարերկրյա քաղաքացիների, որոնք կրոնական ծառայողներ էին, պահեցին մի քանի օր, այնուհետև արտաքսեցին երկրից։ Հեռուստատեսությամբ ցույց տվեցին այդ տեսագրությունները, և զրպարտություններ հնչեցրին Վկաների հասցեին։

2006թ. դեկտեմբերի 24-ի դեպքերը հիմք հանդիսացան, որ Եհովայի վկաները առաջին անգամ բողոք ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի։ Դրան հաջորդեցին 18 այդ դիմումներ կրոնի ազատությունը ոտնահարելու հիմքով։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Ոստիկանության կողմից խուզարկություն

5

Վերագրանցում

1

Կրոնական համոզմունքի արտահայտում

2

Գրաքննություն

5

Արտաքսում

3

Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարում

3

Ընդհանուր

19

Ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացված դիմումները 2014-ի հունվարի 31-ի դրությամբ 

Հետևյալ օրինակներով ներկայացվում են այն հարցերից որոշները, որոնց բախվել են Եհովայի վկաները Ադրբեջանում և որոնք հիմք են հանդիսացել ՄԻԵԴ դիմելու համար։

  • Վերագրանցման մերժում

    Եհովայի վկաների կրոնական համայնքը Բաքվում առաջին անգամ գրանցվել է 1999թ. դեկտեմբերի 22-ին և վերագրանցվել է 2002թ. փետրվարի 7-ին կրոնական միությունների հարցերով զբաղվող ազգային կոմիտեի կողմից։ 2009-ին Ադրբեջանի կառավարությունը փոփոխության ենթարկեց կրոնական կազմակերպությունների մասին օրենքը և պահանջեց, որ բոլոր կրոնական համայնքները վերագրանցվեն։ Եհովայի վկաների կրոնական համայնքը վերագրանցման դիմում ներկայացրեց։ Սակայն կրոնական միությունների հարցերով զբաղվող ազգային կոմիտեն մերժեց այն տեխնիկական պատճառներով։ Թեև կառավարությունը չեղյալ չէր համարել 2002-ի գրանցումը, սակայն մերժել էր վերագրանցել կրոնի մասին օրենքի նոր դրույթների համաձայն։

  • Ոստիկանության կողմից հալածանք ու հետապնդում

    Ամեն շաբաթ Եհովայի վկաները ժողովի հանդիպումներ են անցկացնում մասնավոր տներում։ Մի քանի անգամ ոստիկանությունը ներխուժել է մասնավոր տներ և ընդհատել է հանդիպման ծրագիրը՝ առանց համապատասխան թույլտվության։ Նրանք արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել ներկաների հանդեպ, մի քանի ժամ նրանց պահել են ոստիկանությունում և առգրավել են անձնական կրոնական գրականությունը, որը օգտագործում էին երկրպագության ժամանակ։ Վկաներից ոմանց նկատմամբ խոշոր տուգանքներ են սահմանել։ 2011-ին Գյանջա քաղաքի 6 Եհովայի վկաների դեմ մեղադրանք է ներկայացվել, և նրանց տուգանել են ընդհանուր մոտ 12000 ԱՄՆ դոլար գումարի չափով՝ պետության կողմից չթույլատրված կրոնական հանդիպման հաճախելու համար։ Ոստիկանության խուզարկումները ավելի հաճախակի են դարձել 2014-ի հունվարի 11-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում։

  • Գրաքննություն

    Ադրբեջանը հանդիսանում է Եվրախորհրդի այն միակ անդամ երկիրը, * որտեղ գործում է կրոնական հրատարակությունների պարտադիր գրաքննության համակարգ, որով ոտնահարվում է իր իսկ Սահմանադրությունը։ * Աստվածաշնչյան գրականությունը, որը Վկաները ներկրում են Եվրախորհրդի այլ անդամ երկրներից, կարող է ենթարկվել քանակական սահմանափակումների կամ արգելվել գրաքննությունից հետո։ Արգելված հրատարակությունների մեջ են մտնում «Դիտարանի» բազմաթիվ թողարկումներ՝ ամսագիր, որ Վկաները ստանում են ամսական։ * Ադրբեջանի դատարանները մերժել են կրոնական միությունների հարցերով զբաղվող ազգային կոմիտեի գրաքննության վերաբերյալ բողոքները։

Կրոնական համայնքների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Մարդու իրավունքների բազմաթիվ միջազգային մարմիններ ուսումնասիրել են և իրենց դիտարկումներն են ներկայացրել կրոնի առնչությամբ Ադրբեջանի օրենքի և կրոնական համայնքների հանդեպ վերջինիս վերաբերմունքի մասին։

  • Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի 2013թ. տարեկան զեկույցում ասվում է. «Չնայած հանդուրժողականության մասին Ադրբեջանի կառավարության պնդումներին՝ կրոնական ազատության հարցերի հետ կապված իրավիճակը վատացել է հատկապես 2009թ.-ին կրոնի մասին սահմանափակող օրենքի ընդունումից հետո»։

  • Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) իր զեկույցում արտահայտել է խիստ մտահոգություն օրենքի սահմանափակող պայմանների վերաբերյալ, որոնք բացասաբար են ազդում կրոնական համայնքներ վրա։ Կրոնի մասին Ադրբեջանի օրենքի վերաբերյալ այնտեղ նշվում է. «ՌԱԵՀ-ը խստորեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին օրենսդրությունը.... համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին»։

  • Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հրատարակել է մանրամասն հանձնարարականներ կրոնական համոզմունքների ազատության մասին Ադրբեջանի օրենքը փոփոխելու համար։ Այնտեղ նշվում է. «Օրենքը պարունակում է մի քանի բավականին սահմանափակող բնույթի դրույթներ, որոնք դեմ են միջազգային չափանիշներին.... Հիմնական հարցերը կարգավորող դրույթները, ինչպիսիք են՝ օրենքի և կրոնի ու խղճի ազատության իրավունքի շրջանակը, կրոնական համայնքների գրանցումը, ինքնուրույն գործունեությունը և լուծարումը, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը, դավանափոխության հարցը, կրոնական նյութերի հրատարակումն ու տարածումը, պետք է վերաձևակերպվեն»։

Արժևորվող ազատություններ

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները բարձր են գնահատում արտահայտվելու, միավորվելու, հավաքների, խղճի և կրոնի հիմնարար ազատությունները։ Նրանք շնորհակալ են իշխանություններին, որոնք չեն խոչընդոտում այս իրավունքների իրականացմանը։ Ադրբեջանի 2500 Եհովայի վկաները և այն անձինք, ովքեր միանում են նրանց, հույս ունեն, որ կօգտվեն կրոնական այն նույն ազատություններից, որոնցից օգտվում են իրենց երկրի այլ կրոնական համայնքներ։

^ պարբ. 28 Ադրբեջանը դարձել է Եվրախորհրդի անդամ 2001թ. հունվարի 25-ին։

^ պարբ. 28 Սահմանադրության 48-րդ հոդվածը պաշտպանում է կրոնի ազատությունը, իսկ 50-րդ հոդվածով արգելվում է զանգվածային տեղեկատվության գրաքննությունը։

^ պարբ. 28 Ամեն ամիս Եհովայի վկաները հրատարակում են «Դիտարանի» ամսագրի հանրային թողարկումը, որը նրանք տարածում են ներկայացնելու համար այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Իրենց ժողովի հանդիպումների ժամանակ նրանք օգտագործում են ուսումնասիրության թողարկումը որպես Աստվածաշնչի ուսումնասիրության շաբաթական ծրագրի մաս։ «Դիտարանը» հրատարակվում է ամսական 60000000 օրինակով ավելի քան 200 լեզուներով, ինչի շնորհիվ այն ամենատարածված ամսագիրն է աշխարհում։