ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2022
ԱԼԲԱՆԻԱ
Չնայած տասնամյակներ տևած արգելքներին՝ Ալբանիայում 100 տարի է, ինչ քարոզվում է բարի լուրը
2022 թ.-ին լրանում է Ալբանիայում Եհովայի վկաների 100-ամյակը։
Նաշո Իդրիզին առաջին ալբանացիներից էր, ով ընդունեց ճշմարտությունը։ 1920-ականների սկզբին, ապրելով Միացյալ Նահանգներում, նա Աստվածաշունչ էր ուսումնասիրում Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների հետ (այն ժամանակ այդպես էին կոչվում Եհովայի վկաները)։
Նաշոն վերադարձավ Ալբանիա 1922 թ.-ին։ Այդ ընթացքում Միացյալ Նահանգներից վերադարձան նաև ալբանացի այլ ուսումնասիրողներ, որպեսզի պատմեն իրենց սովորածի մասին։
Թանաս Դուլին Ալբանիայում առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողներից էր։ Նա պատմում է. «1925-ին Ալբանիայում կային երեք ժողովներ, ինչպես նաև մեկուսի վայրերում Աստվածաշունչ ուսումնասիրողներ և հետաքրքրվողներ»։
Այդ տարիներին մի քանի հրատարակություններ թարգմանվեցին ալբաներեն, օրինակ՝ «Աստծու քնարը» և «Ցանկալի կառավարություն» գրքերը։ «Դիտարանի» 1925 թ. դեկտեմբերի 1-ի համարում ասվում էր, որ մարդկանց «շատ [ալբաներեն հրատարակություններ] են տրվել, և ալբանացիները մեծ ուրախությամբ են սովորում աստվածաշնչյան ճշմարտությունները»։
Մարդիկ սկսեցին Վկաներին անվանել «ավետարանիչներ», քանի որ նրանք եռանդորեն քարոզչական գործունեություն էին ծավալում։ Նաշո Դորին, ով մկրտվել է 1930 թ.-ին, հիշում է. «1935-ին մերոնցից մի խումբ վարձակալած ավտոբուսով գնում էր Կելցյուրա քաղաք՝ քարոզելու։ Դրանից հետո կազմակերպեցինք ավելի մեծ շրջագայություն Ալբանիայում՝ այցելելով Պերմետ, Լեսկովիկու, Էրսեկա, Կորչա, Պոգրադեց և Էլբասան քաղաքները։ Մենք շրջագայությունն ավարտեցինք Տիրանայում։ Դա հենց այն ժամանակ էր, երբ պետք է նշեինք Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն»։
1939 թ.-ին ֆաշիստական Իտալիան վերահսկողության տակ վերցրեց Ալբանիան և արգելեց Եհովայի վկաների գործունեությունը։ Չեզոքությունը դարձավ խնդիր, քանի որ մեր եղբայրները հրաժարվեցին զենք վերցնել հույն-իտալական պատերազմի ժամանակ։ a Այդ տարիներին 15 եղբայրներ բանտարկվեցին։ Եղբայր Նիկոդիմ Շիտին ուղարկվեց համակենտրոնացման ճամբար, և այլևս նրանից ոչ մի տեղեկություն չեղավ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ 1944 թ.-ին, Ալբանիայում իշխանությունը ստանձնեց կոմունիստական կուսակցությունը։ Հալածանքները շարունակվեցին։ Մեր եղբայրներից շատերը բանտարկվեցին և խոշտանգվեցին։ Մյուսներին ուղարկեցին ուղղիչ աշխատանքային ճամբարներ՝ իրենց ընտանիքներից հեռու։ Այդ տարիներին Ալբանիան մեկուսացած էր աշխարհից։ 1959 թ. «Եհովայի վկաների տարեգրքում» ասվում էր. «Թեև երկրի կառավարիչները կարող են Ալբանիայում գտնվող եղբայրներին բաժանել Նոր աշխարհի հասարակությունից, սակայն նրանք չեն կարող խոչընդոտել, որ Աստծու սուրբ ոգին ազդի նրանց վրա»։ 1967 թ.–ին Ալբանիան առաջինն էր, որ իրեն հռչակեց աթեիստական պետություն։ Վկաների փոքր խումբը, որը մնաց այնտեղ, շարունակում էր զգուշորեն դավանել իր հավատը։
Կոմունիզմի փլուզումից հետո՝ արգելքից ավելի քան 50 տարի անց՝ 1992 թ. մայիսի 22-ին, Եհովայի վկաները օրինական ճանաչում ձեռք բերեցին Ալբանիայում։
Այժմ Ալբանիայի 89 ժողովներում ծառայում է 5 550 քարոզիչ։ Մենք ուրախանում ենք մեր եղբայրների հետ, քանի որ, չնայած սաստիկ հալածանքներին, «Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում է ու հաղթանակում» (Գործեր 19։20)։
a Հույն-իտալական պատերազմը հակամարտություն էր Հունաստանի և Իտալիայի միջև, որը տևեց 1940 թ. հոկտեմբերի 28-ից մինչև 1941 թ. ապրիլի 23-ը։ Այս զինված հակամարտությունը Բալկանյան ճակատում սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։