ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2024
ԱՆԳՈԼԱ
Անգոլայի միջազգային տոնավաճառի ժամանակ Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթացը ներկայացվում է 200-ից ավելի մարդկանց
2024 թ. հուլիսի 23-28-ը Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում տեղի ունեցավ Լուանդայի միջազգային 39-րդ տոնավաճառը։ Այս տարեկան միջոցառումը, որին մասնակցեցին 1 800-ից ավելի ցուցադրողներ, գրավեց գրեթե 100 000 այցելուների ուշադրությունը։ Եհովայի վկաները մի տաղավար դրեցին, որում ներկայացրին 9 լեզուներով աստվածաշնչյան նյութեր։ Տաղավարում նաև նստելու համար առանձնացված հատված կար, որտեղ այցելուները կարող էին ավելին իմանալ մեր ինտերակտիվ դասընթացի մասին։ Տոնավաճառի ընթացքում դասընթացը ցուցադրվեց 227 անգամ, և ավելի քան 100 մարդ խնդրեց, որ իրեն այցելեն։
Երբ մի կին մոտեցավ տաղավարին և ցանկություն հայտնեց ավելին իմանալ Աստվածաշնչից, քույրերից մեկը նրան ուսումնասիրություն առաջարկեց։ Զրույցի ընթացքում կինը բազում հարցեր տվեց։ Նրան հատկապես հետաքրքրեց, թե Աստվածաշունչն ինչ է խոստանում ապագայի մասին։ Այժմ նա քրոջ օգնությամբ կանոնավոր ուսումնասիրում է։
Մեկ այլ կին շատ զարմացավ՝ պարզելով, որ մեր աստվածաշնչյան կրթական ծրագիրը անվճար է։ Մեր քույրը բացատրեց, որ Վկաների նպատակն է Աստծու թագավորության մասին բարի լուրը պատմել հնարավորինս շատ մարդկանց։ Իմանալով, որ կինը նախկինում Վկաների օգնությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրել՝ քույրը նրան ցույց տվեց «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը։ Կինը շատ ոգևորվեց այն փաստից, որ մեր հանդիպումների դռները բաց են բոլորի առաջ, և ցանկացավ հավելյալ տեղեկություններ ստանալ։
Պորտուգալիայից ժամանած մի կին շատ ուրախացավ, երբ տոնավաճառին տեսավ Եհովայի վկաներին։ Նա ասաց, որ հաճախ է զրուցում իր Վկա հարևանի հետ։ Կինն ավելացրեց. «Ձեր կազմակերպությունն ինձ այնքա՜ն է տպավորում։ Ուզում եմ ավելին իմանալ»։ Նա խոստացավ, որ երբ տուն վերադառնա, կխնդրի հարևանին, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։
Ուրախ ենք, որ Անգոլայում շատերը հետաքրքրվում են Աստվածաշնչով, և մեծ խանդավառությամբ ընդունելով Եհովայի հրավերը՝ գալիս են ու «վերցնում կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22։17)։