ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2024
ԱՆԳՈԼԱ
Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել չոկուե լեզվով
2024 թ. հունվարի 13-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը հայտարարեց, որ չոկուե լեզվով լույս է տեսել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց Անգոլայի Լուանդա քաղաքի մասնաճյուղում տեղի ունեցած հատուկ հանդիպմանը։ Ընդհանուր հաշվով՝ ծրագրին ֆիզիկապես ներկա եղավ 187 հոգի, իսկ տեսակոնֆերանսի միջոցով՝ 353 427 հոգի, որոնց թվում էին չոկուե լեզվով խոսող 1 644 քույրեր ու եղբայրներ։ Հանդիպման ներկաներին տրամադրվեցին Քրիստոնեական Հունարեն Գրվածքների տպագիր օրինակները։ Գրքի էլեկտրոնային ձևաչափը նույնպես առկա դարձավ։
Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Զամբիայում չոկուե լեզվով խոսում է մոտ 3 միլիոն մարդ։ Ներկայումս Անգոլայի չոկուեախոս 10 ժողովներում ծառայում են 462 քարոզիչներ։ Իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործում են չոկուեախոս 21 ժողովներ։ Այդ ժողովներում ծառայում են 734 եղբայրներ ու քույրեր։
Իր ելույթում եղբայր Ուինդերը նշեց, որ Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Աստծու անունը գրված է 237 անգամ։ Մի եղբայր ասաց. «Հռոմեացիներ 10:13-ում ասվում է, որ ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի։ Սակայն չոկուե լեզվով որոշ աստվածաշնչյան թարգմանություններում այս միտքը հստակ չի փոխանցվում։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ այս նոր թարգմանության միջոցով օգնելու մարդկանց հասկանալ Եհովայի անունը կանչելու և փրկության միջև կապը։ Այն թանկարժեք նվեր է»։
Վստահ ենք, որ չոկուե լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը կօգնի շատերին գիտելիքներ ձեռք բերել Եհովայի մասին ու ողջ սրտով և ուժով սիրել նրան (Մարկոս 12:33)։