ՀՈՒՆԻՍԻ 30, 2023
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Առաջին համաժողովը՝ ուիչի լեզվով
2023 թ. մայիսի 7-ին Արգենտինայում տեղի ունեցավ ուիչի լեզվով առաջին շրջանային համաժողովը։ Ներկաները հավաքվել էին Տարտագալ քաղաքի (Սալտա) Թագավորության սրահում՝ վայելելու «Խաղաղասեր մարդիկ» վերնագրով համաժողովը։ Ծրագիրը տեսակոնֆերանսի միջոցով հեռարձակվում էր նաև Արգենտինայի շրջակայքում գտնվող երեք հեռավոր տարածքներում։ Ներկաների ընդհանուր թիվը 169 էր։ Համաժողովին մկրտվեց երկու հոգի։
Ուիչի ժողովուրդը հիմնականում բնակվում է Արգենտինայի հյուսիս-արևմուտքում և Բոլիվիայի հարավ-արևելքում: Ընդամենը տասը տարում ուիչի լեզվով արդեն կազմավորվել են երկու ժողովներ, երեք խմբեր և վեց նախախմբեր։ Դրանցում ծառայում են 45 բնիկ ուիչիախոսներ, ինչպես նաև այդ լեզուն սովորող մի քանի այլ քարոզիչներ:
Համաժողովին ներկա գտնվողներից շատերը ապրում են մեկուսի վայրերում։ Պաուլինո անունով մի տարեց եղբայր ապրում է Տարտագալից մոտ 455 կմ (283 մղոն) հեռավորության վրա։ Ծրագրին մասնակցելու համար նա 12 ժամ ավտոբուսով ճանապարհ գնաց։ Համաժողովից հետո նա ասաց. «Խոսքեր չունեմ նկարագրելու, թե որքան շնորհակալ եմ Եհովային եղբայրների գործադրած ջանքերի համար, որոնց շնորհիվ կարողացանք մեր մայրենի լեզվով վայելել ծրագիրը»։
Ներկաների թվում կային մարդիկ, որոնք առաջին անգամ էին ֆիզիկապես մասնակցում Եհովայի վկաների համաժողովին։ Դելիա անունով մի ուիչիախոս կին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ COVID-19 համավարակի ժամանակ։ Համաժողովին մասնակցելու համար նա իր երկու փոքրիկ երեխաների հետ մեկ ժամ ոտքով ճանապարհ անցավ։ Դելիայի համար համաժողովին ներկա լինելու կարևորագույն պահերից մեկն այն էր, որ վերջապես հանդիպեց այն քրոջը, ով սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել իր հետ։
Ուրախությունը, որ ապրեցին մեր եղբայրներն ու քույրերը ուիչի լեզվով այս առաջին համաժողովի ժամանակ, ևս մեկ ապացույց է, որ Եհովան իրեն նվիրվածների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի (Սաղմոս 4:3)։