ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2020
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Արգենտինայի մասնաճյուղում նոր թանգարան է բացվել
2019 թ. դեկտեմբերի 11-ին նոր թանգարան բացվեց Եհովայի Վկաների՝ Արգենտինայի մասնաճյուղում, որը գտնվում է Բուենոս Այրեսում։ Թանգարանում ներկայացված են «Ընդօրինակեք նրանց հավատը» և «Քո խոսքը մնում է հավիտյան» խորագրերով ցուցահանդեսները։
«Ընդօրինակեք նրանց հավատը» ցուցադրությունը ներկայացնում է Արգենտինայի և Ուրուգվայի Եհովայի վկաների պատմությունը՝ սկսած 1920-ականներից, երբ այս երկրներում Վկաները շատ քիչ էին, մինչև մեր ժամանակները, երբ մեծ աճ գրանցվեց։ Այս պատմական ցուցադրությունը առանձնահատուկ է, քանի որ այն մեր եղբայրների գործունեության մասին է արգելքի տարիներին։ Ցուցադրությունը նաև պատմում է, որ Վկա երեխաները դրոշին պատիվ չտալու համար դուրս են մնացել դպրոցից, իսկ հարյուրավոր երիտասարդ քրիստոնյաներ բանտ են նստել իրենց չեզոքությունը պահպանելու համար։ Այս հավատարիմ երիտասարդ եղբայրներից շատերը բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկվել, ու նրանցից առնվազն երեքը մահացել է։
«Քո խոսքը մնում է հավիտյան» ցուցադրությանը ներկայացված է Աստվածաշնչերի հավաքածու։ Այն ընդգծում է, թե մարդիկ հարյուրավոր տարիների ընթացքում ինչ ջանքեր են թափել Աստվածաշունչը իսպաներեն թարգմանելու համար։ Այդ հավաքածուի մեջ 47 Աստվածաշունչ կա,այդ թվում նաև այնպիսի հազվագյուտ թողարկումներ, ինչպիսին է, օրինակ, 1630 թ. թողարկված «Ֆեռարա» Աստվածաշունչը։ Այն Եբրայերեն Գրությունների առաջին ամբողջական իսպաներեն թարգմանություններից մեկն է, և գրքի անվանաէջի վրա գրված է Աստծու անունը։ Բացի այդ՝ ցուցադրվում է նաև 1602 թ. լույսընծայված «Ռեյնա-Վալերայի» թարգմանությունը։ Աստվածաշնչի այս թարգմանության մեջ Հին Կտակարանում գործածված է Աստծու անունը՝ Եհովա։ «Ռեյնա-Վալերայի» թարգմանությունը Աստվածաշնչի ամենատարածված իսպաներեն թարգմանությունն է։
Քանի որ անցյալում շատ մարդիկ են ներգաղթել Արգենտինա, ցուցադրության մեջ ընդգրկվել են նաև աստվածաշնչյան թարգմանություններ այն ներգաղթյալների լեզուներով, որոնք Արգենտինա են եկել 19-րդ դարում։ Այցելուները կարող են տեսնել հայերեն, խորվաթերեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, հունգարերեն, իռլանդական գաելերեն, իտալերեն, պորտուգալերեն և ուելսերեն Աստվածաշնչեր։
Հավաքածուն ներառում է նաև այնպիսի թարգմանություններ, որոնք արվել են Արգենտինայում, ինչպիսին օրինակ՝ Պաբլո Բեսոնի 1919-ի «Նուեվո Տեստամենտոն» է։ Հավաքածուի մեջ կան նաև բնիկների լեզուներով ժամանակակից թարգմանություններ։ Այդ լեզուներն են՝ չորոտի, մապունդուգուն, մոկովի, փիլագա, թոբա դել օեստե, թոբա քոմ և վիչի։
Եղբայր Տիմոտեո Կոստանտինոն, ով ծառայում է Արգենտինայի մասնաճյուղում, նշում է. «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ում շնորհիվ ձեռք բերեցինք այս Աստվածաշնչերը։ Թանգարանը խորացրել է և՛ միջազգային, և՛ տեղի այցելուների երախտագիտությունը մեր հարուստ հոգևոր ժառանգության նկատմամբ»։