Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչյան լուրը հայտնում են գրականության ցուցատախտակով (Սոֆիա, Բուլղարիա)

ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2017
ԲՈՒԼՂԱՐԻԱ

Բուլղարիայի դատարանները կպաշտպանե՞ն կրոնական ազատությունը

Բուլղարիայի դատարանները կպաշտպանե՞ն կրոնական ազատությունը

2016թ. հունիսի 4-ին Նիկոլայ Ստոյանովը Բուրգասի փողոցներից մեկում կանգնած էր գրականության փոքր ցուցատախտակի կողքին և անվճար առաջարկում էր Եհովայի վկաների կրոնական գրականությունը։ Մոտավորապես ժամը 19։00-ին ոստիկանները մոտեցան նրան, մեղադրեցին քաղաքապետարանի կարգադրությունը խախտելու մեջ և տուգանեցին 50 լեվով (27 ԱՄՆ դոլար)։ Նա Բուրգասում բնակվող այն հինգ Վկաներից մեկն է, որոնք մայիս և հունիս ամիսներին մեղադրվել և տուգանվել են խաղաղ կրոնական գործունեություն ծավալելու համար։

Դատարանները սահմանեցին, որ քաղաքային խորհուրդները անտեսել են կրոնական ազատության իրավունքները

Նիկոլայը և մյուս չորս Վկաները բողոքարկեցին իրենց տուգանելու և մեղադրելու մասին որոշումները։ 2016թ. հոկտեմբերին և նոյեմբերին կայացված որոշումներով Բուրգասի մարզային դատարանը արդարացրեց Նիկոլային և մյուս չորս Վկաներին ու վերացրեց տուգանքների մասին որոշումները։

Միևնույն ժամանակ Բուրգասում Եհովայի վկաները վիճարկեցին այդ կարգադրության սահմանադրականությունը։ 2016թ. հոկտեմբերի 12-ին Բուրգասի վարչական դատարանը սահմանեց, որ այն կարգադրությունը, որով սահմանափակվում էր Եհովայի վկաների կրոնական գործունեությունը, ոտնահարում է Բուլղարիայի սահմանադրական երաշխիքները և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային պարտավորությունները։

Բուրգասի քաղաքային խորհուրդը արդեն տեղյակ էր, որ Հասարակական կարգը պահելու մասին կարգադրության սահմանափակող բնույթի դրույթները խախտում են Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։ 2013թ.-ին քաղաքական կուսակցություններից մեկը առաջադրեց փոփոխություններ՝ պնդելով, որ որոշ քաղաքացիներ գանգատվում են Վկաների կրոնական գործունեությունից։ Շրջանի ղեկավարը ուսումնասիրեց կարգադրությունը և եկավ այն եզրահանգման, որ առաջարկված փոփոխությունները խտրական են, և դրանք հակասահմանադրական ճանաչելու մասին հրաման ստորագրեց։ Սակայն հաջորդ ղեկավարը անվավեր ճանաչեց այդ հրամանը, և քաղաքային խորհուրդը ընդունեց այդ փոփոխությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը զգուշացրեց քաղաքային խորհրդին, որ նոր ընդունված կարգավորումները հակասում են օրենքին, բայց դրանք ուժի մեջ մնացին, մինչև որ Բուրգասի մարզային դատարանի կողմից անվավեր ճանաչվեցին։

Նման դեպքեր եղան Կյուստենդիլում, որտեղ քաղաքային խորհուրդը գիտակցաբար ընդունեց կարգադրության փոփոխությունները, որոնք սահմանափակում էին կրոնական ազատությունը, այնուհետև կարգադրեց ոստիկանությանը գործի դնել փոփոխությունները։ Կյուստենդիլի վարչական դատարանը բեկանեց «ապօրինի» կրոնական գործունեության մեջ Վկաներին մեղադրելու վերաբերյալ վեց որոշումները և չեղյալ համարեց նրանց նկատմամբ սահմանված մինչև 800 լեվ (439 ԱՄՆ դոլար) տուգանքները։ Իր որոշումներից մեկում այն նշեց. «Հայցվորը պատասխանատվություն է կրում մի գործողության համար, որը Սահմանադրությամբ և ԿԱՕ-ով [«Կրոնական արարողությունների մասին» օրենք] երաշխավորված կրոնական ազատության իր իրավունքի դրսևորումն է»։ 2016թ. հունիսի 24-ին այդ նույն դատարանը բավարարեց տեղի Վկաների կողմից ներկայացված հայցադիմումը և սահմանեց, որ կարգադրության փոփոխությունները հակասահմանադրական են։ * Կյուստենդիլի քաղաքային խորհուրդը բողոքարկեց վճիռը Գերագույն դատարան։

Տարբեր արձագանքներ կրոնական համոզմունքները արտահայտելու իրավունքի վերաբերյալ

Անցած մի քանի տարվա ընթացքում Բուլղարիայում առնվազն 44 ինքնակառավարման մարմիններ փոփոխություններ են արել կարգադրություններում՝ գրանցված կրոնական կազմակերպությունների կրոնական գործունեությունը սահմանափակելու համար։ Երբ տեղի իշխանությունները գործի են դնում սահմանափակող բնույթի կարգադրությունները, Վկաները ստանում են գրավոր նախազգուշացումներ, դատարան ներկայանալու մասին ծանուցագրեր, տուգանքներ, սպառնալիքներ և նույնիսկ բռնության են ենթարկվում։ Օրինակ՝ 2016թ. մարտի 26-ին Մարին Ցվետկովը՝ Վրացա քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցը, սպառնաց երկու Վկա կանանց, որ այնպես կանի, որ ֆուտբոլային խուլիգանները հարձակվեն նրանց վրա։ Այնուհետև նա խլեց նրանց կրոնական հրատարակություններից մի քանիսը և վնասեց դրանք։

Բուլղարիայի այլ վայրերում, սակայն, լայնախոհ պաշտոնյաները, ինչպես նաև դատարանները պաշտպանել են կրոնական ազատությունը։ 2016թ. հունիսի 2-ին երեք պաշտոնյաներ մոտեցան մի խումբ Եհովայի վկաների, որոնք մայրաքաղաքում՝ Սոֆիայում, շարժական ցուցատախտակով վկայություն էին տալիս, և հարցրին, թե արդյոք նրանք թույլտվություն ունեն այդ կամավոր աշխատանքը կատարելու համար։ Հարցը քննելուց հետո նրանք համաձայնեցին, որ Բուլղարիայի Սահմանադրությունը երաշխավորում է նման խաղաղ գործունեություն ծավալելու իրավունքը։ Պլովդիվում՝ Բուլղարիայի երկրորդ ամենամեծ քաղաքում, քաղաքային խորհուրդը կասեցրեց Հասարակական կարգի և անվտանգության մասին կարգադրության մեջ փոփոխություն մտցնելու մի քաղաքական խմբավորման փորձը, որի նպատակն էր արգելել Եհովայի վկաների գործունեությունը։

Ի՞նչ կլինի վիճարկվող կարգադրությունների ելքը

Բուլղարիայում Եհովայի վկաները քայլեր են ձեռնարկում՝ վիճարկելու բոլոր 44 կարգադրությունները, որոնց նպատակն է սահմանափակել կրոնական համոզմունքների մասին ուրիշներին պատմելու սահմանադրական իրավունքը։ Բուլղարիայում Եհովայի վկաների խոսնակ Կրասիմիր Վելևը նշում է. «Եհովայի վկաները, մարդկանց հետ խոսելով նրանց մտահոգող հարցերի շուրջ և Աստվածաշնչից բավարար պատասխաններ տալով, հանրօգուտ աշխատանք են կատարում։ Շատ մարդիկ դրականորեն են արձագանքում մեր հայտնած լուրին, սակայն սահմանափակող կարգադրություններ ընդունած ինքնակառավարման մարմինները մեզ իրենց թիրախն են դարձրել անվճար հրատարակություններ տարածելու և նույնիսկ մեր համոզմունքները հանրորեն արտահայտելու պատճառով։ Ողջամտության սահմաններում մենք պաշտպանում ենք մեր թանկ աստվածատուր երկրպագության իրավունքը»։

Եհովայի վկաները ուրախ են, որ Բուլղարիայում բարձրաստիճան շատ պաշտոնյաներ և դատարաններ քայլեր են ձեռնարկում՝ պաշտպանելու կրոնական ազատությունը, որը օգուտներ է բերում հասարակության բոլոր շերտերին։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք իշխանությունները կփոփոխեն մյուս կարգադրությունները, որոնք ընդունվել են Բուլղարիայում կրոնական գործունեությունը սահմանափակելու նպատակով։

^ պարբ. 7 Բուլղարիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրող կողմ է։ Կոնվենցիան երաշխավորում է կրոնը կամ համոզմունքները, երկրպագության, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) բազմիցս նշել է, որ այս երաշխիքը պաշտպանում է Եհովայի վկաներին, երբ նրանք հավաքվում են պաշտամունքի համար կամ ուրիշների հետ զրուցում են իրենց համոզմունքների մասին։