ՀՈՒՆԻՍԻ 25, 2020
ԲՐԱԶԻԼԻԱ
Ամազոնի մեր հավատակիցներին օգնություն է տրամադրվում
Բրազիլիայի մասնաճյուղի կոմիտեն աղետից տուժածներին օգնելու 18 կոմիտե է կազմել, որպեսզի օգնություն տրամադրվի մեր այն հավատակիցներին, որոնք կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարություններ ունեն։ Այս կոմիտեները օգնություն են տրամադրել մոտ 12 000 ժողովներում ծառայող քարոզիչների, այդ թվում՝ Ամազոն գետի մեկուսի տարածքներում ապրող 131 ընտանիքների։
Ամասոնաս նահանգի մայրաքաղաք Մանաուսում գործող աղետից տուժածներին օգնելու կոմիտեն պատրաստեց կապոցներ՝ մեկ ամսվա համար նախատեսված առաջին անհրաժեշտության իրերով։ Կապոցների մեջ կար սնունդ, օրինակ՝ լոբի, մանիոկայի ալյուր, բրինձ, կաթի փոշի, ինչպես նաև հիգիենայի պարագաներ՝ օճառ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ։ Եղբայրները այդ կապոցները տարան մոտակա Մանակապուրու նավահանգիստ, որտեղից նավակներով դրանք տեղափոխեցին մի քանի մեկուսի տարածքներ, այդ թվում՝ Մեմբեկա և Լագո դո Կաստանո։
Քույր Մարինելման, որն ապրում է Լագո դո Կաստանո շրջանում, իր բաժին օգնությունը ստանալուց հետո ասաց. «Առաջին հերթին Եհովային եմ շնորհակալություն հայտնում մեր մասին հոգ տանելու համար։ Մեզ այս օգնությունը շատ էր պետք, քանի որ սնունդ գնելու փող չունենք։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել եղբայրներին իրենց առատաձեռնության և սիրո համար։ Վեց տարեկան որդիս կողքիս էր, երբ բացում էի ծանրոցը, ես էլ առիթը բաց չթողեցի և ասացի նրան, որ Եհովան եղբայրների միջոցով հոգ է տանում մեր մասին։ Նա էլ ասաց. «Մա՛մ, արի աղոթենք ու Եհովային շնորհակալություն ասենք»»։
Եղբայր Ջոնաս Մոնտեյրոն, որն իր ընտանիքի հետ ապրում է Կաապիրանգա քաղաքում, նամակ գրեց աղետից տուժածներին օգնելու կոմիտեին, որում ասվում էր. «Շնորհակալ ենք ձեր տրամադրած օգնության համար։ Ձեր միջոցով մենք Եհովայի սերը զգացինք։ Անշուշտ, մեծ առանձնաշնորհում է համաշխարհային այս ընտանիքի մի մասը լինել»։
Այս նախաձեռնությունը շատ էր քաջալերել նաև աղետից տուժածներին օգնելու կոմիտեներում ծառայող եղբայրներին։ Իսաք Էմանուել Ռամալո դե Օլիվեյրան, որը երեց է և ծառայում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեում, նշում է. «Այս կոմիտեի հետ ամեն օր համագործակցելու շնորհիվ հավատս զորացել է։ Միանշանակ կարող եմ ասել, որ այս նախաձեռնությունը ինձ ավելի շատ բան տվեց, քան ես ուրիշներին»:
Ինչ խոսք, մեր հավատը շատ է ամրանում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ծառաների մասին՝ անկախ իրենց բնակության վայրից (Սաղմոս 94։14)։