ՀՈՒՆԻՍԻ 22, 2022
ԲՐԱԶԻԼԻԱ
Արդեն 75 տարի է՝ գրանցված ենք Բրազիլիայում
«Մեր հավատը, խանդավառությունը և Եհովայի հանդեպ վստահությունը երբեք չեն մարել»
1947 թ. հունիսի 23-ին Բրազիլիայում Եհովայի վկաների կողմից գրանցվեց «Sociedade Torre de Vigia de Bíblias e Tratados» ընկերությունը (Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն)։ Սա հիմնական իրավաբանական անձն է, որ օգտագործվել է Բրազիլիայում վերջին 75 տարիների ընթացքում։ Եղբայրները երկար տարիներ պայքարել են, որպեսզի գրանցում ստանան։
1945 թ. հոկտեմբերի 13-ին Բրազիլիայի քարոզիչները ստորագրահավաք կազմակերպեցին՝ Եհովայի վկաներին պետական գրանցում տալու գործին աջակցելու համար։ 400 քարոզիչներ ամբողջ երկրով մեկ հավաքեցին 44 411 ստորագրություն։ Նրանք ստորագրահավաքի արդյունքները ուղարկեցին նախագահական պալատ, սակայն պատասխան չստացան։
1946 թ.-ին Բրազիլիայի սահմանադրությունը փոխվեց։ Նոր սահմանադրության մեջ արդեն կային դրույթներ, որոնք թույլ տվեցին գրանցել Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությունը։ Այդ ժամանակ ամեն ամիս միջինը 442 քարոզիչ էր քարոզչական գործունեություն ծավալում։
Սակայն հոգևորականները ուրախ չէին այս հաջողությամբ։ Երեք տարի անց՝ 1949 թ. նոյեմբերի 3-ին, նրանք ստիպեցին Բրազիլիայի նախագահին դադարեցնել Դիտարանի ընկերության գործունեությունը և լուծարել այն։ Եղբայրները դիմեցին դատարան։ Դատավարությունը շարունակվեց մինչև 1957 թ. ապրիլի 8-ը։ Այդ օրը նոր նախագահը չեղյալ հայտարարեց Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության դեմ կայացված որոշումը։
Թեև եղբայրները տարբեր դժվարությունների էին բախվում, սակայն Եհովան շարունակ օրհնում էր քարոզչական գործը։ Եղբայր Ջալմա Մենդես Սոուտոն, ով մկրտվել է 1941 թ.-ին և Բրազիլիայի Դիտարանի ընկերության առաջին անդամներից մեկն է եղել, ասում է. «Մեր հավատը, խանդավառությունը և Եհովայի հանդեպ վստահությունը երբեք չեն մարել, այդ իսկ պատճառով քարոզիչների թիվը չէր դադարում աճել։ Անչափ ուրախ էինք, երբ 1947 թ.-ին քարոզիչների թիվը անցավ 1000-ը»։
Այդ ժամանակից ի վեր՝ Եհովայի վկաների թվի մեծ աճ է գրանցվում։ 2021 թ.-ին գրանցվեց քարոզիչների բարձրագույն թիվ՝ 913 479, իսկ Հիշատակի երեկոյին ներկա գտնվեցին 2 184 856 հոգի։ 2021 թ. «Զորեղ ենք հավատով» համաժողովը թարգմանվեց 15 լեզուներով, որոնցից 10 բնիկ լեզուներ էին։
Իրոք քաջալերվում ենք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օրհնում քարոզչական գործը Բրազիլիայում։ Մեր եղբայրների դիմացկունությունը փաստում է, որ Եհովան փրկում է նրանց, ովքեր հույսը իր վրա են դնում (Եսայիա 25։9)։