ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 2022
ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլական ժեստերի լեզվով առկա է ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը»
2022 թ. սեպտեմբերի 18-ին՝ կիրակի, Բրազիլիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Հեմիլթոն Վիեյրան հայտարարեց, որ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» այժմ հասանելի է բրազիլական ժեստերի լեզվով՝ jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։ Ծրագիրը, որը հեռարձակվեց Բրազիլիայի մասնաճյուղի դահլիճից, դիտեց ավելի քան 36 300 հոգի։
Սա բրազիլական ժեստերի լեզվով առաջին ամբողջական Աստվածաշունչն է և ժեստերի լեզվով երրորդ ամբողջական Աստվածաշունչը աշխարհում։ Թարգմանչական աշխատանքները սկսվել էին դեռ 2006 թ.-ին Մատթեոսի Ավետարանից։ Աստվածաշնչյան յուրաքանչյուր գիրք թարգմանվելուց հետո անմիջապես հասանելի էր դառնում։
Անժելիկա անունով մի խուլ քույր ասում է. «Անցյալում փորձում էի Աստվածաշունչը պորտուգալերենով կարդալ, սակայն դժվարանում էի ըմբռնել միտքը։ Իսկ հիմա, երբ բրազիլական ժեստերի լեզվով Աստվածաշունչ ունենք, այնքան լավ եմ հասկանում ամեն բան, ինձ զգում եմ աստվածաշնչյան կերպարների կողքին»։
1982 թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կազմավորվեց Եհովայի վկաների ժեստերի լեզվով առաջին ժողովը։ Այսօր կան բրազիլական ժեստերի լեզվով գործող 246 ժողովներ, 337 խմբեր և 63 նախախմբեր, որոնցում ծառայում են մոտ 9 500 քարոզիչներ։
Աստվածաշնչի լույսընծայումը վառ ապացույցն է այն բանի, որ Եհովան սիրում է մեր խուլ հավատակիցներին։ Աղոթում ենք, որ այս անգին նվերը է՛լ ավելի շատ մարդկանց օգնի ճանաչել Եհովային ու նրա Որդուն և գտնել հավիտենական կյանքի տանող ուղին (Հովհաննես 17։3)