ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2021
ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիայի Եհովայի վկաները քարոզում են հազվադեպ մշակվող տարածքներում
Բրազիլիայի ավելի քան 1 500 քաղաքներում ժողովներ չկան։ Այդ քաղաքներից շատերը մեկուսի վայրերում են գտնվում, և դրանց բնակիչներից շատերին Եհովայի վկաները երբեք չեն այցելել։ Ուստի Բրազիլիայի մասնաճյուղը որոշեց այդ քաղաքներում հատուկ քարոզարշավ կազմակերպել, որը անցկացվելու էր 2020 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Սակայն COVID-19 համավարակի սահմանափակումների պատճառով նամակների միջոցով անցկացվեց քարոզարշավը, և դրան մասնակցեցին տարբեր քարոզիչներ 3 000 ժողովներից։
Քարոզիչները ինտերնետից տեղեկություններ էին փնտրում իրենց նշանակված քաղաքների մասին և իրենց նամակները հարմարեցնում էին տեղի բնակիչների կարիքներին։ Օրինակ՝ ռահվիրաներից մեկին հանձնարարվեց նամակներ ուղարկել Տոկանտինս նահանգի քաղաքներից մեկի բնակիչներին։ Նա պարզեց, որ այդ տարածքը վերջերս էր վնասներ կրել անտառային հրդեհներից։ Իր նամակում նա ընդգրկեց մտքեր Հայտնություն 21։5 համարից և բացատրեց, թե ինչպես է Եհովան ապագայում «ամեն բան նոր» անելու, այդ թվում՝ լուծելու շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները։ Օրեր անց մի կին ի պատասխան ուղարկեց ձայնային հաղորդագրություն, որում ասում էր, թե Աստծու նպատակների մասին կարդալը որքան է ուրախացրել իրեն։ Այդ կինը խնդրեց ավելի շատ տեղեկություններ տրամադրել իրեն։
Բնակիչներից մեկը նամակ ուղարկեց մեր քրոջը, որից երևում էր, թե որքան լավ արդյունքներ է բերել քարոզարշավը։ Նամակում ասվում էր. «Խոսքերով անհնար է նկարագրել, թե ինչ ուրախ եմ, որ Աստված ձեր միջոցով գտավ ինձ։ Շատ շնորհակալ եմ։ Դուք օգնեցիք ինձ վերագտնել հավատս, որ Աստված սիրում ու հոգ է տանում իմ և իմ ընտանիքի մասին։ Ես ինձ սիրված եմ զգում։ Ճիշտ է, ձեզ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ դուք իմ աղոթքի պատասխանն եք։ Ի սրտե շնորհակալ եմ»։
Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքի ժողովներից մեկի երեցը ասաց, թե ինչ են զգում մեր քույրերն ու եղբայրները՝ մասնակցելով այս քարոզարշավին։ Նա ասում է. «Մենք ասես մեկուսի տարածքներում ծառայող հատուկ ռահվիրաներ լինենք։ Շատ եղբայրներ իրենց հանգամանքների և ընտանեկան պարտականությունների պատճառով նախկինում հնարավորություն չէին ունենա այսպիսի ծառայության մասնակցել»։
Վստահաբար կարող ենք ասել, որ Եհովան օրհնել է այս քարոզարշավը։ Մենք առանձնաշնորհում ունենք մասնակցելու «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» քարոզելու գործին (Կողոսացիներ 1։23)։