ՄԱՅԻՍԻ 6, 2022
ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիայի մասնաճյուղի վերանորոգումը սկսված է
Լայնամասշտաբ շինարարական նախագիծ է սկսվել Բրազիլիայի մասնաճյուղում, որը գտնվում է Սան Պաուլու քաղաքից 140 կմ (87 մղոն) հեռավորության վրա։ Նախագծի նպատակն է՝ վերանորոգել Բեթելի շինությունը և թարմացնել ներքին ու արտաքին հարդարանքները։ Գործող մասնաճյուղը վերանորոգելը իր հետ որոշ դժվարություններ է բերում։ Աշխատանքները պետք է այնպես պլանավորել և իրականացնել, որ Բեթելի գործունեությունը չխաթարվի։ Օրինակ՝ բեթելցիները ստիպված են ժամանակավոր կացարաններում ապրել, մինչ վերանորոգվում են նրանց սենյակները։ Ամբողջ նախագիծը ավարտին կհասցվի մոտ հինգ տարում։
Վերանորոգվելու է մոտ 75 000 քառակուսի մետր (807 293 քառակուսի ֆուտ) տարածք՝ բոլոր գրասենյակները և 650 բնակելի սենյակները։ Աշխատանքներից հետո մասնաճյուղի շինությունը ավելի հարմարավետ կդառնա։ Օրինակ՝ գրասենյակները կունենան շարժական պատեր և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի արագ ձևափոխել դրանք։ Յուրաքանչյուր սենյակ կունենա փոքրիկ խոհանոց և լվացքի համար նախատեսված հատված։ Նաև կսկսեն օգտագործվել ժամանակակից տեխնոլոգիաներ ջրի և էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնելու համար։
Նախագծի վրա աշխատող եղբայրներն ու քույրերը կապրեն մասնաճյուղի տարածքում գտնվող ժամանակավոր բնակարաններում։ Օրինակ՝ այս նպատակով մի պահեստ ձևափոխվեց և վերածվեց 25 բնակելի սենյակների։ Ժամանակավոր կացարանների վերածվեցին նաև մասնաճյուղի հարևանությամբ գտնվող Բեթելի ֆերմայի 91 մեծ կոնտեյներները։
Եղբայր Ջոել Գրեգորը, ով այս նախագծի վրա է աշխատում, ասում է. «Տեսնում ենք, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը ոչ միայն իրականացնում այս նախագիծը, այլև զուգահեռ մարզում մարդկանց։ Կամավորներից շատերը սկզբում քիչ գիտելիքներ ունեին կամ ընդհանրապես շինարարությունից հեռու էին, սակայն այժմ նրանք են կրթում ուրիշներին»։
Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել իր ժողովրդին, որը այս և մյուս շինարարական նախագծերի համար «հոժար կամքով տրամադրում է իրեն» (Սաղմոս 110։3)։