ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 2019
ԲՐԱԶԻԼԻԱ
Հատուկ քարոզարշավ՝ Բրազիլիայի գյուղական բնակավայրերում
Տասնյակ հազարավոր Եհովայի վկաներ հատուկ ջանքեր են գործադրում, որ աստվածաշնչյան լուրը հայտնեն Բրազիլիայի գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց։ Այս հատուկ քարոզարշավը մեկնարկել է 2018 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվելու է 2019 թ. դեկտեմբերի 31-ին։ Մինչ օրս 80 000-ից ավելի քարոզիչներ են մասնակցել այս նախաձեռնությանը, և ավելի քան 16 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվել։
Բրազիլիան հինգերորդ խոշորագույն երկիրն է աշխարհում։ Ըստ հաշվարկների՝ մոտ 28 միլիոն մարդ բնակվում է գյուղական տարածքներում, ու ևս 22 միլիոնը՝ մեկուսի գյուղերում և գյուղաքաղաքներում։ 1 600-ից ավելի տարածքներում արդեն իրականացվել է հատուկ քարոզարշավը։ Մարդկանց քարոզելու համար որոշ քարոզիչներ ավելի քան 2 000 կիլոմետր (1 243 մղոն) են անցել։
Մի օր քարոզիչներից մեկը եկավ մի տարեց տղամարդու տուն, որտեղ վերջինս մշակում էր իր հավաքած սուրճը։ Այդ տղամարդը քարոզչին տուն հրավիրեց, կանչեց իր կնոջն ու ասաց. «Նա եկել է մեզ հետ Աստվածաշնչի մասին խոսելու։ Արի լսենք»։
Նրանք սկսեցին հարցեր տալ մահացածների վիճակի մասին, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, թե արդյոք ճիշտ է տասանորդ վճարել, ինչպես լուծել ընտանեկան խնդիրները և այլն։ Քարոզչի՝ Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններից տպավորված՝ տարեց տղամարդն ասաց, որ առավոտյան աղոթել է Աստծուն՝ հարցնելով նրան, թե արդյոք իր բազմաթիվ հարցերին երբևէ պատասխան կտրվի։ Այդ նույն երեկո այդ ընտանիքը առաջին անգամ ներկա եղավ ժողովի հանդիպման, և այժմ նրանք շարունակում են ուսումնասիրել Աստվածաշունչը։
Մեկ ուրիշ վայրում, երբ քարոզիչները տնից տուն էին քարոզում, ուժգին անձրև սկսվեց, և նրանք ստիպված էին ապաստան գտնել պոլիկլինիկայում։ Այնտեղ նրանք մի կնոջ ու նրա դստերը հարցրին, թե ինչ հարցեր կուզեին տալ Աստծուն։ Աղջիկն ասաց, որ կուզեր կրկին տեսնել իր հանգուցյալ տատիկին։ Վկաները նրանց համար կարդացին հարության վերաբերյալ աստվածաշնչյան համարներ և ցույց տվեցին «Հարությունը շուտով իրականություն կդառնա» տեսանյութը։
Ավելի ուշ, երբ քարոզիչները գնացին նրանց տուն, ուսումնասիրություն սկսեցին այդ կնոջ և նրա ընտանիքի հետ։ Կինն ու նրա դուստրը հարևան քաղաքում ներկա եղան ժողովի հանդիպման և հեռախոսով շարունակում են ուսումնասիրել Աստվածաշունչը։
Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ Աստծու Թագավորությունը հպատակներ կունենա «մինչև երկրի ծայրերը»։ Բրազիլիայի գյուղական բնակավայրերում իրականացվող այս հատուկ քարոզարշավը ցույց է տալիս, որ Եհովայի կամքն է, որ այդ մարգարեությունն իրականանա (Սաղմոս 72։8)։