ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2020
ԲՐԱԶԻԼԻԱ
Մաքրության աշխատանքներ Բրազիլիայի ավերիչ ջրհեղեղից հետո
2020 թ. հունվարի 18-ից բրազիլական Էսպիրիտու Սանտու և Մինաս Ժերաիս նահանգներում աննախադեպ անձրևներ են տեղացել, որը ավերիչ ջրհեղեղի պատճառ է դարձել։ Հեղեղները վնասել են տներ, արմատախիլ արել ծառեր և քշել-տարել մեքենաներ։ Պաշտոնական տվյալներով հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տները, և 60-ից ավելի մարդ է մահացել։
Էսպիրիտու Սանտու
Իկոնա և Ալֆրեդո Չավես քաղաքներում ջրհեղեղը վնասել է Եհովայի վկաներին պատկանող 9 տուն՝ այդպիսով վնաս հասցնելով մեր 27 հավատակիցներին։ Բարեբախտաբար, մեր հավատակիցներից ոչ ոք չի տուժել կամ մահացել։
Այդ շրջանից մոտ 100 Վկա կամավորներ օգնության են հասել ջրհեղեղից տուժած մեր եղբայրներին։ Երեցները կազմակերպել են, որ մեր հավատակիցների տրամադրած սնունդը, ջուրը և հագուստը բաժանվի տուժածներին։ Կամավորները նաև օգնել են մեր հավատակիցներին և նրանց հարևաններին՝ իրենց տները մաքրելու ցեխից։
Մինաս Ժերաիս
Մեր հավատակիցները ողջ-առողջ են, սակայն 5 Թագավորության սրահ է վնասվել, իսկ 50 Վկա ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Որոշ եղբայրներ ջրհեղեղի պատճառով չեն կարողացել դուրս գալ իրենց տներից, ուստի հարկ է առաջացել նավակներով իրենց տան երկրորդ հարկից հանել նրանց։ Տարհանված բոլոր եղբայրներն ու քույրերը մնում են իրենց հավատակիցների տներում։
Տուժածներին հոգ տանելու համար աղետից տուժածների աջակցության կոմիտեներ են նշանակվել։ Աղետից տուժածների աջակցության կոմիտեները համագործակցում են շրջանային վերակացուների և տեղի երեցների հետ, որպեսզի նյութական և հոգևոր աջակցություն ցույց տան տուժած քարոզիչներին։
Մենք շարունակում ենք աղոթել մեր այն եղբայրների համար, ովքեր տուժել են ջրհեղեղից։ Եհովային երախտապարտ ենք, որ նրանց զորացնում է, մխիթարում և գործնական օգնություն ցույց տալիս մեր քրիստոնյա եղբայրների միջոցով (Սաղմոս 28։7)։