Անցնել բովանդակությանը

Դրվագ՝ 1991 թ. «Մանուշակագույն եռանկյունիներ» վավերագրական ֆիլմից, որտեղ քույր Անեմարի Կուսսերովը թերթում է իր ավելի քան 1 000 մասից բաղկացած արխիվը, որը ներկայացնում է նացիստական ռեժիմի ժամանակ իր ընտանիքի հալածանքների մասին պատմող ապացույցներ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2022
ԳԵՐՄԱՆԻԱ

Եհովայի վկաները նոր իրավական գործ են հարուցում Գերմանիայում Անեմարի Կուսսերովի արխիվի վերաբերյալ

Նոր բացահայտված ապացույցը փաստում է, որ Անեմարիի արխիվը պատկանում է Եհովայի վկաներին

Եհովայի վկաները նոր իրավական գործ են հարուցում Գերմանիայում Անեմարի Կուսսերովի արխիվի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր jw.org-ում և «Նյու Յորք Թայմս»-ում, Բունդեսվերի ռազմական պատմության թանգարանը (Գերմանիա, Դրեզդեն) հրաժարվում է տրամադրել քույր Անեմարի Կուսսերովի արխիվը՝ արհամարհելով նրա վերջին ցանկությունն ու կտակը։ Սակայն նոր հայտնաբերված ապացույցը թիկունք է կանգնում այս հարցի վերաբերյալ Եհովայի վկաների դիրքորոշմանը։ Այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը նոր իրավական գործ է սկսում՝ ընդդեմ թանգարանի։

Ավելի քան յոթ տարի Եհովայի վկաները փորձում էին թանգարանի հետ խաղաղ համաձայնության գալ արխիվը ձեռք բերելու համար, բայց ապարդյուն։ Ուստի մեր կազմակերպությունը հայց ներկայացրեց դատարան։ Ցավոք, 2021 թ.-ին հայցը մերժվեց, քանի որ դատարանի կարծիքով՝ թանգարանը բարեխղճորեն գնել էր արխիվը։

Պատմական հարստություն

Անեմարին 26 տարեկան էր, երբ սկսեց հավաքել Հոլոքոստի ժամանակ Եհովայի վկաներին առնչվող նյութերի արխիվը։ Նա պահպանեց այն ավելի քան 65 տարի՝ նույնիսկ երբեմն վտանգելով իր կյանքը։ Անեմարին մահացավ 2005 թ.-ին։ Այն, ինչ նա պահպանեց ապագա սերունդների և հատկապես իր հավատակիցների համար, միջազգային մակարդակով ճանաչվել է որպես պատմական հարստություն։

Անեմարին կազմել էր այդ արխիվը, քանի որ անկեղծորեն ցանկանում էր, որ որքան հնարավոր է շատ մարդիկ՝ թե՛ Եհովայի վկաները և թե՛ մյուսները, շարունակեն սովորել իր ընտանիքի հավատարմության պատմությունից։ Դա ապահովելու համար նա որպես արխիվի միակ ժառանգորդ էր նշել Եհովայի վկաներին։ Նրա ցանկությունը դեռևս չի կատարվել։

Անեմարին իր չորս քույր-եղբայրների հետ 1991 թ.-ին նկարահանվել է բրիտանական «Մանուշակագույն եռանկյունիներ» վավերագրական ֆիլմում։ Ֆիլմում ներկայացվում է Կուսսերովների ընտանիքի հետ պատահածը՝ ընդգծելով, թե ինչպես էր նացիստական ռեժիմը հալածում Եհովայի վկաներին, որպեսզի հետ կանգնեն իրենց հավատից և հավատարմության երդում տան Հիտլերին։ Անեմարին վավերագրական ֆիլմում ներկայացնում է իր թանկարժեք փաստաթղթերն ու լուսանկարները։

Իր մահից կարճ ժամանակ առաջ տված հարցազրույցում նա պատմում է այն ժամանակների մասին, երբ գեստապոն ձերբակալել էր իրեն իր բնակարանում, ու նա քիչ էր մնացել՝ կորցներ արխիվի կարևոր մասերը։ Անեմարին նշել է. «Միջանցքում մի պայուսակ ունեի։ Դրա տակ էի պահում նամակները և մնացած բոլոր փաստաթղթերը»։ Նա այդ մեծ պայուսակը լցրել էր խնձորներով՝ հուսալով, որ սպաները չեն ստուգի դրա հատակը, ու ինքն իրեն ասել էր. «Եթե ծրագիրը ձախողվի, գոնե բանտում ուտելու բան կունենաս»։ Սակայն, հուրախություն նրա, ծրագիրն աշխատել էր։

Չլիազորված վաճառք

Անեմարիի մահից անմիջապես հետո արխիվն անհետանում է նրա տնից։ Ավելի ուշ պարզվում է, որ Անեմարիի եղբայրներից մեկը, ով այլևս Եհովայի վկա չէր հանդիսանում, արխիվը վաճառել էր թանգարանին։ Անեմարին երբևէ իր եղբորը նման լիազորություն չէր տվել։ Դրանից հետո եղբայրը մահացել էր։

Կուսսերովների ընտանիքի ողջ մնացած անդամները, որոնք քաջատեղյակ էին Անեմարիի կտակին, ցնցվեցին, երբ դատարանը վճիռ կայացրեց հօգուտ թանգարանի։ Այդ ժամանակից ի վեր՝ նրա ընտանիքը, ընկերները և նացիստների կողմից հետապնդված այլ Եհովայի վկաներ հարյուրավոր նամակներ են գրել թանգարանին և պաշտպանության նախարարությանը, որի ղեկավարությամբ գործում է թանգարանը՝ խնդրելով արխիվը վերադարձնել Եհովայի վկաներին, ինչպես որ ցանկանում էր Անեմարին։

Եզակի նյութեր

Արխիվի ուշագրավ փաստաթղթերից է Անեմարիի եղբոր՝ Վիլհելմի հրաժեշտի նամակը, ով իր վերջին խոսքերը գրել է 1940 թ. ապրիլի 26-ին։ Լինելով Եհովայի վկա՝ նա հրաժարվել էր զինվորական ծառայությունից։ Այդ պատճառով նացիստները նրան մահապատժի էին դատապարտել։

Վիլհելմի նամակում գրված էր. «Թանկագի՛ն ծնողներ, եղբայրներ և քույրեր, դուք բոլորդ գիտեք, թե որքան կարևոր եք ինձ համար, և ես անընդհատ հիշում եմ այդ մասին, երբ ամեն անգամ նայում եմ մեր ընտանեկան լուսանկարին։ Ամեն բան որքա՜ն ներդաշնակ է եղել մեր տանը։ Այնուամենայնիվ, ամենից առավել մենք պետք է սիրենք Աստծուն, ինչպես պատվիրել է մեր առաջնորդ Հիսուս Քրիստոսը։ Եթե թիկունք կանգնենք Աստծուն, նա կպարգևատրի մեզ»։ Վիլհելմը գնդակահարվեց ապրիլի 27-ի առավոտյան՝ 25 տարեկան հասակում։

Անեմարիի ծնողները՝ Ֆրանց և Հիլդա Կուսսերովները, ունեին 11 երեխա։ Վիլհելմի պես Ֆրանցն ու մյուս ավագ որդիները բանտարկվեցին՝ պատերազմին մասնակցելուց հրաժարվելու համար։ Նրանց կրտսեր երեխաները հրաժարվեցին կատարել նացիստական ողջույնը, ուստի նրանց բաժանեցին իրենց ծնողներից և ուղարկեցին ուղղիչ դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ խնամատար ընտանիքներ։

Երբ Վոլֆգանգը՝ կրտսեր Կուսսերովներից մեկը, բերվեց զինվորական տրիբունալի առջև, խիզախորեն ասաց. «Ես դաստիարակվել եմ որպես Եհովայի վկա՝ համաձայն Աստծու Խոսքի։ Ամենամեծ և ամենասուրբ օրենքը, որն Աստված տվել է մարդկությանը, հետևյալն է. «Սիրի՛ր քո Աստծուն ամեն ինչից առավել և քո մերձավորին քո անձի պես»։ Մյուս պատվիրաններում ասվում է. «Մի՛ սպանիր»։ Մի՞թե մեր Արարիչը այս ամենը գրի է առել ծառերի համար»։

1942 թ. մարտի 28-ին 20-ամյա Վոլֆգանգը գլխատվեց գիլյոտինով։

Հավատին առնչվող հարց

Անեմարին և նրա ընտանիքը թանկ են վճարել իրենց հավատի և նացիստական կառավարությանը աջակցելուց հրաժարվելու համար։ Նրանցից ոմանք կորցրել են իրենց կյանքը, քանի որ հրաժարվել են պատերազմել և սպանել։ Միասին վերցրած՝ Կուսսերովների ընտանիքը 47 տարի եղել է կալանքի տակ։

Արխիվը կյանքի է կոչում Կուսսերովների ընտանիքի հավատի բացառիկ օրինակը։ Նյութերը վառ կերպով ցույց են տալիս, թե ինչպես կարող է հավատը ուժ տալ դաժան հալածանքների և մահվան սպառնալիքի ներքո։ Արխիվի հիմնական ասելիքը ինչպես հարկն է կգնահատվի միմիայն Եհովայի վկաների թանգարաններում։

2022 թ. հոկտեմբերին կյանքից հեռացավ Փոլ Գերհարդ Կուսսերովը՝ ընտանիքի վերջին ողջ մնացած որդին։ Նա հույս ուներ տեսնել այն օրը, երբ ռազմական թանգարանը կհարգի իր քրոջ ցանկությունը՝ մի բան, որի համար նա պայքարեց մինչև իր կյանքի վերջ։ Նա ասում էր. «Եղբայրներս մահացել են, քանի որ հրաժարվել են զինծառայությունից։ Իմ կարծիքով՝ այս արխիվը ռազմական թանգարանում պահելը ճիշտ չէ»։

Եհովայի վկաներն էլ են այդպես կարծում։ Թանգարանը կոպտորեն անտեսում է Անեմարիի հստակ ցանկությունները։ Կուսսերովների ընտանիքի ցանկությունը նախկինում անարգվել է նացիզմի ժամանակ, և այն կրկին անարգվում է ժամանակակից Գերմանիայում։

Ցավոք, արխիվն ինքնին նույնպես անարգվում է։ Արխիվի 1 000-ից ավելի կտորներ՝ բացառությամբ 6-ի, գտնվում են թանգարանի պահեստում, ինչը ոչ մի օգուտ չի բերում լայն հասարակությանը։

Մենք աղոթում ենք, որ դատարանը վերջապես վերադարձնի արխիվը Եհովայի վկաներին, քանի որ այն թե՛ իրավական և թե՛ բարոյական տեսանկյունից իրենց է պատկանում (Ղուկաս 18։7