Անցնել բովանդակությանը

Մյունխենի նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստաթղթային կենտրոնում (աջ կողմում) վերջերս տեղի ունեցավ հատուկ ցուցահանդես նացիստական վարչակարգի ժամանակներում ապրած Եհովայի վկաների մասին։ Կենտրոնը կառուցվել է այն նույն տարածքում, որտեղ նախկինում տեղակայված էր նացիստական կուսակցության շտաբ-բնակարանը

ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2019
ԳԵՐՄԱՆԻԱ

Մյունխենում կազմակերպված ցուցահանդեսը լույս է սփռում նացիստների կողմից Եհովայի վկաների կրած հալածանքների վրա

Մյունխենում կազմակերպված ցուցահանդեսը լույս է սփռում նացիստների կողմից Եհովայի վկաների կրած հալածանքների վրա

Կենտրոնում տեղադրված 60 տեղեկատվական ցուցատախտակներ, որոնց վրա փակցված էին փաստաթղթեր և լուսանկարներ, պատմում էին նացիստների կողմից Եհովայի վկաների կրած հալածանքների մասին

2018 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2019 թ. հունվարի 6-ը Մյունխենի նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստաթղթային կենտրոնում հատուկ ցուցահանդես տեղի ունեցավ, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել այն դաժան փորձությունները, որոնց միջով անցել են Եհովայի վկաները նացիստական վարչակարգի ժամանակներում։ Կենտրոնը գտնվում է այն նույն տարածքում, որտեղ նախկինում տեղակայված էր նացիստական կուսակցության շտաբ-բնակարանը։

Բացման արարողության ժամանակ Մյունխենի մշակույթի հարցերով խորհրդական դ-ր Հանս-Գեորգ Քյուփերսը իր ողջույնի խոսքերում բացատրեց, թե ինչ նպատակ է հետապնդում ցուցահանդեսը. «Այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ երկար ժամանակ շատերը չեն իմացել, որ Եհովայի վկաները հետապնդվել են նացիստական վարչակարգի կողմից.... Ցուցահանդեսի նպատակն է իրազեկել հանրությանը նրանց [զոհերի] մասին»։

Այն, թե Մյունխենում նացիստական վարչակարգի ներքո ինչերի միջով են անցել մեր եղբայրները, պատմում էին 60 տեղեկատվական ցուցատախտակներ, որտեղ տեղ էին գտել քաջության, հավատարմության և գոյատևման մասին բազմաթիվ պատմություններ։ Ցուցատախտակներից մեկը պատմում էր Մարտին և Գերտրուդ Փետցինգերների մասին, որոնց ձերբակալել և ուղարկել էին տարբեր համակենտրոնացման ճամբարներ իրենց ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց։ Նրանք ինը տարի չէին տեսել իրար։ Երկուսն էլ ողջ մնացին, իսկ հետագայում եղբայր Փետցինգերը ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։

Թերեզա Քյուհները նացիստների կողմից մահապատժի ենթարկվեց 1944 թ. հոկտեմբերի 6-ին

Մեկ ուրիշ ցուցատախտակի վրա ներկայացված էր Թերեզա Քյուհների պատմությունը, որը 1929 թ.-ին էր դարձել Եհովայի վկա (այդ ժամանակ հայտնի էին որպես Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներ)։ Երբ Գերմանիան արգելեց Վկաների գործունեությունը, նրա տանը ընդհատակյա կրոնական հանդիպումներ սկսեցին անցկացվել, և նա ձեռքով կառավարվող միմիոգրաֆի օգնությամբ գաղտնի տպագրում էր Վկաների գրականությունը։ Այն բանից հետո, երբ նացիստները բացահայտեցին դա, ձերբակալեցին նրան և մեղադրեցին «հակակառավարական և բանակի մարտական ոգին ընկճող գրականություն հրատարակելու» մեջ։ Թերեզա Քյուհների հավատարմությունը չսասանվեց անգամ մահվան աչքերին նայելիս։ Նա մահապատժի ենթարկվեց 1944 թ. հոկտեմբերի 6-ին։

Այլ տեղեկատվական ցուցատախտակներ ընդգծում էին քաղաքական հարցերում մեր եղբայրների չեզոք դիրքը։ Հրաժարվելով հիտլերական ողջույնից՝ նրանք դարձել էին այդ վարչակարգի ուժգին ատելության հատուկ թիրախը։

1934 թ.-ին Հիտլերը երդվեց վերացնել Եհովայի վկաներին՝ ասելով. «Այս անիծյալ սերունդը պետք է վերանա Գերմանիայից»։ Վկաները դաժան հալածանքի ենթարկվեցին, երբ Հիտլերը փորձեց իրագործել իր չարամիտ ծրագիրը։ Հիտլերն ու նրա կուսակցությունը այլևս գոյություն չունեն, սակայն այժմ Գերմանիայում 165 000-ից ավելի Վկաներ կան։ Մենք երախտապարտ ենք Եհովային, որը նեղությունների ժամանակ հույս է տալիս մեզ, իսկ հույսը «չի հիասթափեցնում» (Հռոմեացիներ 5։3–5