Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2016
ԳԵՐՄԱՆԻԱ

Բրանդենբուրգի ազատագրման տարեդարձին ուշադրության կենտրոնում Եհովայի վկաներն են

Բրանդենբուրգի ազատագրման տարեդարձին ուշադրության կենտրոնում Եհովայի վկաներն են

ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ Բրանդենբուրգ-Գյորդեն բանտի բանտարկյալների ազատագրման 71-րդ տարեդարձին, որը նշվեց 2016թ. ապրիլի 24-ին, ուշադրության կենտրոնում Եհովայի վկաներն էին։

Բրանդենբուրգ երկրամասի ֆինանսների նախարար Դանիելա Տրոչովսկին՝ ծրագրի ընթացքում ելույթ ներկայացնելիս

Այդ իրադարձությունը, որը հովանավորվում էր «Բրանդենբուրգի հուշարձանների հիմնադրամի» (Stiftung Brandenburgische Gedenkstätten) կողմից, տեղի ունեցավ Հաֆելի Բրանդենբուրգում գտնվող բանտի տարածքում (լուսանկարը՝ վերևում), որը գտնվում է Բեռլինից մոտ 90 կիլոմետր (56 մղոն) դեպի արևմուտք։ Տարեդարձին ներկա էին ավելի քան 200 հյուրեր։ Բրանդենբուրգ երկրամասի ֆինանսների նախարար Դանիելա Տրոչովսկին, որը հրավիրվածների թվում էր, իր ելույթում ասաց. «Այստեղ Եհովայի վկաները մահապատժի են ենթարկվել.... քանի որ իրենց կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել են «հա՛յլ Հիտլեր» ասելուց, պետության կողմից ձեռնարկված միջոցառումներին մասնակցելուց, պետական կազմակերպություններին հարելուց և զինծառայություն կատարելուց»։

Սիգուրդ Շպայդելը այն Վկաներից մեկն էր, որոնց նացիստները մահապատժի ենթարկեցին Բրանդենբուրգ-Գյորդեն բանտում

Նացիստական վարչակարգի ներքո այդ ժամանակ Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը Եհովայի վկաներին պիտակավորեց որպես «անիծյալ սերունդ, որը պետք է վերանա»։ Բրանդենբուրգ-Գյորդեն բանտում (ինչպես որ այն կոչվում էր նացիստական վարչակարգի ներքո) 1940–1945թթ.-ին մոտ 2000 սպանվածներից 127-ը Վկաներ էին. այնտեղ գտնվող խմբերից միայն Վկաների մեջ այդքան մեծ թվով սպանվածներ եղան։

Ծրագրի ընթացքում Եհովայի վկաների Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Յոխեն Ֆեսենբեքերը հարցազրույց ունեցավ Վերներ Շպայդելի հետ։ Պրն. Շպայդելը պատմեց իր ավագ եղբայր Սիգուրդի մասին, որը այն Վկաներից էր, ովքեր մահապատժի էին ենթարկվել Բրանդենբուրգ-Գյորդեն բանտում։ Զինվորական գործերով դատարանի կողմից ազատազրկման դատապարտվելուց հետո երեք ամիս էլ չէր անցել, երբ 1943թ. հունվարի 27-ին 19-ամյա Սիգուրդը գլխատվեց։ Հարցազրույցի ընթացքում պրն. Ֆեսենբեքերը կարդաց Սիգուրդի հրաժեշտի նամակը, որը նա գրել էր մահապատժի ենթարկվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Պրն. Շպայդելը պատմեց, թե ինչպես էր արձագանքել իր ընտանիքը Սիգուրդի հրաժեշտի խոսքերին. «Այս նամակը կարդալիս վախի զգացումով չհամակվեցինք։ Ընդհակառակը՝ մենք հպարտանում էինք Սիգուրդով, որ նա, երես առ երես կանգնելով մահվան առաջ, ամուր էր պահել իր հավատը»։

Սիգուրդ Շպայդելի հրաժեշտի նամակը, որը նա գրել էր իր ընտանիքին։ Ընդգծված հատվածում գրված է. «Ես ամեն ինչի դիմացա ու ամեն ինչում պարսպի պես հաստատուն մնացի»

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի բաժին, 1-718-560-5000

Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, 49-6483-41-3110