Հուլիսի 16, 2015
ԳԵՐՄԱՆԻԱ
Հայր և որդի իշխանությունների կողմից պարգևատրվեցին այրվող մեքենայից երեք մարդու փրկելու համար
ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ 2015թ. ապրիլի 16-ին Անդրեաս Բոնկը, որը Եհովայի վկա է, նրա որդի Ջորիմը և ուրիշներ պարգևատրվեցին այրվող մեքենայից երեք մարդու փրկելու համար։ Պարգևատրման արարողությանը ներկա էին Գերմանիայի հարավարևմտյան Բադեն Վյուրտեմբերգ ֆեդերալ մարզի ներքին գործերի նախարարը, Օբերսուլմի և Վայբլինգենի քաղաքապետները։ Ներքին գործերի նախարար Ռայնհոլդ Գալը (էջի վերևի նկարը, աջից երրորդը) Անդրեաս Բոնկին պարգևատրեց «Բադեն Վյուրտեմբերգ ֆեդերալ մարզում կյանքեր փրկելու համար» շքանշանով (Lebensrettungsmedaille des Landes Baden-Württemberg)։ Պարոն Բոնկի կինը՝ Քրիստիանեն (էջի վերևի նկարը, մեջտեղը՝ առջևում), ընդունեց շքանշանը ամուսնու փոխարեն, քանի որ այդ օրը ամուսինը մեկ այլ պատահարի պատճառով հիվանդանոցում էր գտնվում։ Նույն հանդիսության ժամանակ Օբերսուլմի քաղաքապետ Թիլման Շմիթը (էջի վերևի նկարը, ձախից առաջինը) պատվոգիր (Ehrungsurkunde) շնորհեց նաև Ջորիմ Բոնկին։
2014թ. մայիսի 11-ին Անդրեասն ու իր որդին՝ Ջորիմը, մեկնում էին Եհովայի վկաների համաժողով, որը կազմակերպվում է աստվածաշնչյան կրթություն տալու համար։ Այնտեղ Անդրեասը աստվածաշնչյան ելույթ պետք է ներկայացներ։ Նրանք ճանապարհին տեսան վթարի ենթարկված մի մեքենա։ ԱՄՆ-ի չորս զինվորներ փակված էին մնացել կողքի շրջված այրվող մեքենայի մեջ։ Անդրեասն ու Ջորիմը, ինչպես նաև երկու այլ անհատներ, շտապ գործի անցան։ Մինչ դեպքի վայր կհասնեին ոստիկանները, հրշեջները և շտապ օգնության մեքենան, Անդրեասը, իր կյանքը վտանգի ենթարկելով, զինվորներին օգնեց դուրս գալու այրվող մեքենայից։ Դժբախտաբար զինվորներից մեկը մահացավ։ «Sulmtaler Woche» ամսագիրը մեջբերում է նախարար Գալի խոսքերը զինվորներին փրկած մարդկանց մասին. «Դուք գործել եք խիզախորեն, քաջաբար՝ մեկ վայրկյան անգամ չմտածելով ձեր անձի մասին»։ Քաղաքապետ Շմիթը ավելացնում է. «Մենք՝ Օբերսուլմի բնակիչներս, հպարտանում ենք ձեզանով»։
Անդրեաս Բոնկը ասում է, թե ինչը մղեց իրեն այդպես վարվելու. «Ես չէի կարող անտարբեր անցնել։ Ինձ համար թանկ է յուրաքանչյուրի կյանքը.... Եթե ես կամ իմ հարազատներից որևէ մեկը հայտնված լիներ նման իրավիճակում, կարծում եմ, որ մյուսներն էլ բարի ու բավականաչափ քաջ կգտնվեին օգնելու»։ Ջորիմը ավելացնում է. «Կարևորն այն է, որ չանտեսենք կարիքի մեջ լինող մարդկանց»։
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Օբերսուլմի քաղաքապետարանում։ Գերմանական «STIMME» թերթը անդրադարձավ այս միջոցառմանը և մեջբերեց Վայբլինգենի քաղաքապետ Անդրեաս Հեսքիի (էջի վերևի նկարը, աջից երկրորդը) խոսքերը. «Դուք կարող եք հպարտանալ ձեր սխրանքով։ Վայբլինգեն քաղաքը հպարտ է, որ ունի այսպիսի քաղաքացիներ։ Դուք հիանալի օրինակ եք»։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110