ՀՈՒԼԻՍԻ 19, 2019
ԴԱՆԻԱ
Նշանակալից իրադարձություն աստվածապետական պատմության մեջ։ Լույս է ընծայվել Քրիստոնեական Հունարեն Գրությունների իսլանդերեն թարգմանությունը
2019 թ. հուլիսի 19-ին Կոպենհագենում (Դանիա) տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը մեծ ոգևորությամբ հայտարարեց իսլանդերենով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։
Ուրբաթ առավոտյան նախագահող եղբայրը իսլանդախոս դաշտի բոլոր ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման, որը տեղի էր ունենալու մարզադաշտի համալիրի փոքր հանգստի սենյակում կեսօրին։ Այս հատուկ հանդիպմանը եղբայր Լեթը հայտարարեց Աստվածաշնչի լույսընծայման մասին, ինչի համար ներկա եղող 341 եղբայրներն ու քույրերը շատ շնորհակալ էին։
Դարեր շարունակ Աստվածաշնչի թարգմանությունը կարևոր տեղ է զբաղեցրել Իսլանդիայի գրական ժառանգության մեջ։ 1540 թ.-ին Օդուր Գոտսկալկսոնը հրատարակեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների իսլանդերեն առաջին թարգմանությունը։ 2010 թ.-ից սկսած՝ մեր իսլանդացի հավատակիցները օգտագործել են «21-րդ դարի Աստվածաշունչ» թարգմանությունը, որը հրատարակվել է Աստվածաշնչի իսլանդական ընկերության կողմից։ Այժմ իսլանդական դաշտում ծառայող մեր եղբայրներն ու քույրերը փափագում են այս նոր թարգմանության միջոցով բարի լուրը հայտնել ավելի քան 300 000 իսլանդախոս մարդկանց։
Թարգմանչական խմբից մի եղբայր ասաց. «Քրիստոնեական Հունարեն Գրությունները իսլանդերեն թարգմանելը տևեց գրեթե չորս տարի։ Այս թարգմանությունը եզակի է, քանի որ նրանում Աստծու անունը վերականգնվել է բոլոր տեղերում, որտեղ այն պետք է լիներ։ Սա ներդաշնակ է Հիսուսի աղոթքին՝ արձանագրված Հովհաննես 17։26-ում. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ»»։
Մենք շնորհակալ ենք Եհովային, որ նա շարունակում է օրհնել բարի լուրը ողջ աշխարհում քարոզելու մեր ջանքերը։ Դրանում մեծ դեր ունի մեր թարգմանչական աշխատանքը։ Աղոթում ենք, որ ավելի շատ մարդիկ ցանկանան իմանալ «Աստծու մեծամեծ բաների մասին»՝ կարդալով նրա Խոսքը իրենց սրտի լեզվով (Գործեր 2։11)։